«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2011-07-28 | #140, 2011-07-29 | #141, 2011-07-30


«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ»ՙ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՓՈՒԼՈՒՄ

Հայ երկաթուղայինները պատրաստվում են մասնագիտական տոնին

Երկաթուղայինների օրը, որ հանդիսություններով եւ տոնական միջոցառումներով պատրաստվում են նշել «Հարավկովկասյան երկաթուղում», առաջին անգամ նշվել է 115 տարի առաջ: Սակայն խորհրդային իշխանության առաջին տարիներին ցարական Ռուսաստանի տոն համարվող այդ օրը դադարեցին նշել: Այն վերականգնվեց 1940-ին, եւ այժմ օգոստոս ամսվա առաջին կիրակի օրը նշվող այդ տոնը իրենցն են համարում շուրջ 10 մլն երկաթուղայիններ ոչ միայն Հայաստանում եւ ԱՊՀ երկրներում, այլ նաեւ եվրոպական մի շարք երկրներում: Այսինքն, այն իրավամբ կարելի է համարել երկաթուղայինների միջազգային մասնագիտական տոնը: Իսկ ինչպե՞ս եւ ի՞նչ ծրագրերով են պատրաստվում դիմավորել այդ տոնը հայ երկաթուղայինները: Մեր զրուցակիցը «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանն է:

Ընկերության գործունեության ամենակարեւոր ուղղությունը Սերգեյ Հարությունյանը համարում է ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը: Նա առանձնացնում է «Ալմաստ» գործարանի մոտակայքում կայարանի բացումը, որը տեղի կունենա մի քանի օր հետո: Կարեւորելով նոր կայարանի բացումը, գլխավոր ինժեները նշում է, որ մինչ այդ մայրաքաղաքի միակ կայարանը փաստորեն փակուղային էր դարձել: Տարիների ընթացքում երկաթուղին տուժել էր ավտոմայրուղիների զարգացումից, եւ խնդիր է դրված վերականգնել երկաթուղու նշանակությունըՙ հետագայում նոր կանգառներ բացելով:

«Ալմաստ» կայարանի բացումը, ըստ Սերգեյ Հարությունյանի, նաեւ ռազմավարական նշանակություն ունի, քանի որ Երեւանում եւս մեկ կայարան կգործի, որտեղից հնարավոր կլինի զանգվածային փոխադրումներ իրականացնել: Նոր կայարանից հնարավորություն է ստեղծվել ավելի էժան եւ հարմարավետ տարբերակով մեկնել Սեւան եւ հատկապես Շորժաՙ հանգստանալու: Ընդհանրապես, այս երթուղու բացումը ի հայտ կբերի դեպի հանգստավայրեր տանող եւս մեկ մատչելի տրանսպորտային միջոց:

Խոսելով այս տարվա ցուցանիշների մասինՙ «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր ինժեները փաստեց, որ այս տարի փոխադրումների ծավալներն աճել են 60 տոկոսով: Այդ ցուցանիշը դինամիկ աճի միտում ունի: Կրճատվել է նաեւ Երեւան-Բաթում գնացքի չվերթի ժամանակըՙ 1 ժամ 25 րոպեով: Այդ չվերթը կատարվում է 16 ժամ 37 րոպեում: Սերգեյ Հարությունյանն ընդգծեց, որ այս տարի ներդրվել է տոմսերի վաճառքի ավտոմատացված համակարգ, գնացքի բեռնվածությունը հասել է 90 տոկոսի, ծառայությունները շարունակվել են բարելավվել: Բավականին մեծ աշխատանք է կատարվել ընկերության վարչական, արտադրական շենքերի բարեկարգման ուղղությամբ: Այժմ էլ այդ շենքերում պետք է ներդրվեն ժամանակակից տեխնոլոգիաներ:

Այս տարի «Հարավկովկասյան երկաթուղին» անդամակցել է մի քանի միջազգային երկաթուղային կազմակերպությունների, այդ թվում Երկաթուղիների միջազգային միությանը, Երկաթուղիների համագործակցության կազմակերպությանը, Երկաթուղային միջազգային փոխադրումների մասին կոնվենցիային (ԿՈՏԻՖ), Երկաթուղային փոխադրումների միջազգային կազմակերպությանը (ՕՏԻՖ): Աշնանը ԱՊՀ երկրների երկաթուղայինների խորհրդի նիստը տեղի է ունենալու Երեւանում: Դրան զուգահեռ, Երեւանում կազմակերպվելու է երկաթուղու ոլորտի տեխնիկայի եւ տեխնոլոգիաների ցուցահանդես:

Մասնագիտական տոնի կապակցությամբ Էրեբունի վարչական շրջանի տարածքում կառուցվելու է հուշարձանՙ պատերազմներում զոհված երկաթուղայինների հիշատակին: Երկաթուղայիններն ունենալու են իրենց հրապարակը, բարեկարգվելու է այգին, որտեղ տեղադրվելու է հուշարձանը: Երեւանի կայարանի նախկին զինվորական դահլիճը վերակառուցվելու է: Նախատեսվում է այնտեղ մանկական արվեստի ցուցահանդես կազմակերպել: Ամասիայում «Հարավկովկասյան երկաթուղին» դպրոց է կառուցելու:

Երկաթուղայինների օրվա կապակցությամբ նախատեսված տոնական միջոցառումներից բացի, այդ օրը ընկերության 40 աշխատակիցներ պարգեւատրումներ կստանան, 2 հոգի կարժանանա պատվավոր երկաթուղայինի կոչմանը: Մի խոսքով, Սերգեյ Հարությունյանը հավաստիացնում է, որ այդ օրն իսկապես տոնական կլինի համակարգի աշխատողների, նրանց հարազատների եւ բոլոր նրանց համար, ովքեր երկաթուղայինների հետ կնշեն այդ տոնը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4