Մաշտոցի անվան Մատենադարանը լույս է ընծայել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մատենադարանի բժշկական եւ բնագիտական ձեռագրերի ուսումնասիրման բաժնի ղեկավար Ստելլա Վարդանյանի «Բժշկության պատմություն հնագույն ժամանակներից մինչեւ 18-րդ դարի վերջը» գրքի առաջին պրակը: Հեղինակը փուլ առ փուլ ներկայացնում է տարբեր ազգերի եւ անհատների ստեղծած բժշկական համակարգերը, գիտական հայացքներն ու ժառանգությունը` ընդգծելով դրանց ինքնատիպությունն ու զարգացման ընդհանրությունները:
Հայաստանի բժշկության վերաբերյալ բաժինն ընդգրկում է հետաքրքրական տեղեկություններ հնագույն շրջանից մինչեւ 18-դարի վերջը: Հեղինակը նշում է, որ հայ բժիշկները օգտվելով երկրի հարուստ դեղային պաշարներից, դեռեւս ժողովրդական բժշկության փուլում ստեղծել են արդյունավետ միջոցներ, որոնց համբավը հասել է Գալենին, Դիոսկորիդեսին, Բիրունուն եւ Իբն Սինային: Հայ դասական բժշկության զարգացման վաղ շրջանը սերտորեն կապված է եղել հունաբան դպրոցի գործունեության եւ անտիկ հեղինակների երկերի թարգմանության հետ, հետեւապես անտիկ գիտությունը մեծապես ազդել է միջնադարյան հայ բնափիլիսոփաների ու բժիշկների աշխարհայացքի վրա: Հայոց Վերածննդի դարաշրջանում մեծ համբավ է ունեցել Անիի եւ Կիլիկիայի բժշկական դպրոցների գործունեությունը: Բարձր են գնահատվել Մեծն Մխիթարի գլուխգործոց «Ջերմանց մխիթարություն» աշխատությունն ու նրա բերած ավանդը ախտաբանության, մահճաբանության եւ դեղագիտության բնագավառներում, ինչպես նաեւ Ամասիայի, Սեբաստիայի, Եվդոկիայի ու Նոր Ջուղայի բժշկական դպրոցների գիտական ժառանգությունը:
Համաշխարհային բժշկության պատմության հարցերին նվիրված հայալեզու գրականության բացակայության մերօրյա պայմաններում, այս աշխատությունն, անշուշտ, չափազանց օգտավետ կլինի ապագա բժիշկների համար: «Թող նրանց սրտերում միշտ վառ մնա Ամիրդովլաթ Ամասիացու պատգամը. «Եղիր հետեւող իմաստութեան հետ, եթէ չուսանիս` բժիշկ ես անգէտ», ասում է Ստելլա Վարդանյանը, հավելելով, որ Ստեփանոս Շահրիմանյանի «Բուսաբանութիւն կամ փղորայ Հայաստանի» հանրագիտարանային բնույթի մեծարժեք աշխատության մեջ, ինչպես նաեւ Ամիրդովլաթ Ամասիացու «Անգիտաց անպէտում» նկարագրված են Հայաստանի բնաշխարհի բազմաթիվ բույսերի բուժիչ հատկությունները, որոնք կարող են պիտանի լինել ժամանակակից բժշկությանը:
Գիրքն ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ, քանի որ զարմանալի տեղեկություններ է հաղորդում հնագույն բժշկության մասին: Այսպես օրինակՙ պարզվում է, որ Հին Եգիպտոսում բարձր զարգացման են հասել գինեկոլոգիան ու վիրաբուժությունը: Մինչեւ անգամ գոյություն է ունեցել հղիությունը հայտնաբերելու սրամիտ թեստ` կնոջ հղիությունը ստուգելու համար նրա մեզի մեջ տեղադրել են ցորենի ու գարու երկու փոքր տոպրակ: Եթե հատիկները ծլել են, ուրեմն հղիությունը հաստատվել է: Որոշվել է նաեւ պտղի սեռը` եթե առաջինը ցորենն է ծլել, ուրեմն տղա պիտի ծնվեր, եթե գարին` աղջիկ:
Հին Հնդկաստանում մարդու տարիքը բաժանել են երեք փուլի` մինչեւ 16 տարեկանը համարել են մանկական, 16-70-ը` միջին, իսկ 70-ից բարձրը` ծերունական: Հին Չինաստանում բժիշկներն առաջինն են հասկացել, որ հիվանդությունները կանխարգելելու համար պետք է հետեւել հիգիենայի կանոններին: Խորհուրդ է տրվել արթնանալ վաղ առավոտյան, մի թեթեւ նախաճաշել, որպես ըմպելիք գործածել միայն ջուրը, խուսափել աղի կերակուրներից, ուտել դանդաղ, ճաշից առաջ խմել թարմացնող ու կազդուրիչ թեյ, քնելուց առաջ բերանը ողողել թեյով, խուսափել սառը կամ տաք քարերի վրա պառկելուց: Մեծ նշանակություն է տրվել քնի ռեժիմին, ինչի մասին է վկայում հետեւյալ ասույթը. «Մեկ անքուն գիշերվա վնասները չեն կարող հատուցել նույնիսկ տասը հանգիստ գիշերները»:
«Հին Հայաստանում բժշկությունը եղել է մշակույթի կարեւոր մասը. ուրարտական եւ ավելի վաղ շրջանի պեղումները վկայում են բժշկական արվեստի բարձր մակարդակի մասին: Նախնադարյան հասարակության մեջ, հատկապես մայրիշխանության շրջանում բժշկի դերը կատարել է մայրը: Հայկական բժշկությունը, որը գրեթե երեք հազար տարվա պատմություն ունի, ստեղծել է դեղամիջոցների հարուստ գանձարան: Հնում մեծ համբավ են վայելել Հայկական լեռնաշխարհի դեղաբույսերը, որոնք արտահանվել են Արեւելքի եւ Արեւմուտքի մի շարք երկրներ ու տեղ գտել հնագույն դեղագիտարաններում: Հերոդոտը, Ստրաբոնը, Քսենոֆոնը, Պլինոս Ավագը եւ ուրիշներ իրենց երկերում անդրադարձել են Հայաստանի դեղամիջոցներին ու գովաբանել դրանց բուժական զորությունը: Քսենոֆոնն իր «Անաբասիս» գրքում խոսում է հայկական բուրումնավետ գինիների ու հրաշալի գարեջրի, քունջութի ու նուշի ձեթերի, բեւեկնի խեժի եւ անուշահոտ օծանելիքների մասին, որոնց պատրաստման գաղտնիքը հայտնի է եղել միայն հայերին: Հայաստանի դեղաբույսերը մեծ խնամքով աճեցվել են հատուկ պարտեզներում, որ հիմնվել են դեռեւս ՔԱ I դարում` Արտաշես թագավորի նախաձեռնությամբ: Որոշ բույսերի, ինչպես օրինակ, լոշտակի, սեւ գնդիկի ու համասփյուռի հրաշալի բուժիչ հատկություններն առաջացրել են դրանց պաշտամունքը Հին Հայաստանում: Մեծ համբավ են ունեցել Հայաստանի մի շարք հանքային դեղամիջոցները` հայկական կավը, քարը, բորակը, ինչպես նաեւ սնդիկի, երկաթի, ցինկի, արճճի միացությունները: Հայկական կավը կիրառվել է որպես հակաբորբոքային, հակաալերգիկ եւ հակաուռուցքային դեղամիջոց: Բուսական եւ հանքային դեղերից բացի հայկական ժողովրդական բժշկության ոլորտում օգտագործվել են նաեւ կենդանական ծագում ունեցող դեղամիջոցներ` պատրաստված կենդանիների օրգաններից ու հյուսվածքներից, որոնք օժտված են եղել հորմոնալ ու ֆերմենտային հատկություններով», գրում է հեղինակը, իբրեւ օրինակ նշելով նապաստակի խախացը եւ խառը բուսական ու կենդանական ծագում ունեցող «խոնավ զուֆան», որի մասին Իբն Սինան գրել է. «Այդ այն ճարպն է, որ հավաքվում է Հայաստանում ոչխարների դմակի բրդի վրա, որ քարշ է գալիս կաղնչանի վրայով: Այն իր մեջ ներծծում է այդ խոտերի ուժն ու կաթնահյութերը: Երբեմն ճարպը նոսր է լինում, ուստի եփում ու թանձրացնում են: Եթե այդ ճարպով վիրակապ դրվի, կմաշվեն կոշտ ուռուցքներն ու կուղղվեն ծռված ոսկորները»:
Հայկական ժողովրդական բժշկության փորձը, ըստ հեղինակի, անսպառ աղբյուր է եղել մեր դասական բժշկության զարգացման համար: Այսօր ժամանակակից բժշկությունն ավելի հաճախ է դիմում անցյալի դեղամիջոցների հարուստ շտեմարանին` ալերգիաների, չարորակ ուռուցքների, աթերոսկլերոզի, նյարդա-հոգեկան հիվանդությունների բուժման համար, քանի որ այդ խնդիրը դեռեւս լուծված չէ:
ՌՈԻԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ