ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Օգոստոսի 9-ին Բաքվի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանն ընդունեց եւ ճանապարհեց Ադրբեջանի երկու նախագահներին: Վաղ առավոտյան Բաքվից Սոչի մեկնեց նախագահ Ալիեւը, իսկ արդեն օրվա ընթացքում Բաքվում վայրէջք կատարեց Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը: Հիշեցնենք` վերջինիս նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում. հայրենիքում Մութալիբովի նկատմամբ հարուցված է քրեական գործ` «պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» մեղադրանքով: Ադրբեջանի առաջին նախագահը մեղադրվում է նաեւ, որ 1990-ին լինելով նախարարների խորհրդի ղեկավար, «չի արգելել սովետական զորքի մուտքը Բաքու»: Ինչեւէ` նախագահ Ալիեւը, փաստորեն, գնացել է ընդառաջ նախագահ Մութալիբովին, որը որդու հուղարկավորությանը մասնակցելու համար օգոստոսի 9-ին ցանկություն էր հայտնել անարգել մուտք գործել Բաքու:
Ամենայն հավանականությամբ ՌԴ նախագահը նույնպես ակնկալում էր Ալիեւի «ընդառաջ քայլերին»` Սոչիում նրան հանդիպելով եւ քննարկելով ղարաբաղյան, Կասպից ծովի իրավական կարգավիճակի, երկկողմ գործակցության վերաբերյալ հարցեր: Սակայն Մեդվեդեւի հույսերը` իր ադրբեջանցի գործընկերոջից փոխըմբռնում ակնկալելու, դժվար է անվանել արդարացված: Բայց նախ անդրադառնանք փաստին, թե ի՞նչ կարող է նշանակել Սոչիում ռուս-ադրբեջանական ամենաբարձր մակարդակի հանդիպումը:
Սա հունիսի 24-ին Կազանում կայացած Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումից հետո առաջին առիթն էր, երբ Ռուսաստանի նախագահը հանդիպեց ԼՂ հակամարտության կողմերից մեկի նախագահի հետ` խոսելու առավելապես ԼՂ հիմնահարցի շուրջը: Իսկ որ այդ նախագահը հենց Ադրբեջանինն է, նշանակում է, որ Մոսկվան ավելի շատ աշխատանքներ է տեսնում եւ տանում հենց Բաքվի փոխըմբռնումը ստանալու հարցում: Ինչն իր հերթին եւս մեկ անգամ ապացուցում է, թե ո՞ւմ պատճառով համաձայնություն չգրանցվեց Կազանում: Բացի սրանից` հաջորդ տարվա մարտի 5-ին կկայանան Ռուսաստանում նախագահական ընտրություններ, որոնց մասնակցելու իր ցանկությունը չի թաքցնում Մեդվեդեւը: Իսկ Ռուսաստանի նման գերտերության համար ԼՂ հիմնահարցի պես կարեւոր հակամարտության կողմերին գոնե որոշակի համաձայնության բերելը նույնպես կարեւոր է, մանավանդ որ նախագահ Մեդվեդեւը անձնական մեծ ներդրում ունի այս հիմնահարցի կարգավորման գործընթացում: ԼՂ հիմնահարցում որոշակի, բայց զգալի տեղաշարժի հասնելը Մեդվեդեւի կարեւոր ձեռքբերումներից կլինի: Հետեւաբար Մեդվեդեւը, ամենայն հավանականությամբ` մինչեւ տարեվերջ կամ հաջորդ տարվա սկիզբ, փորձում է նախապատրաստել նոր եռակողմ հանդիպում, որի համար, սակայն, նրան պետք են հստակ երաշխիքներ, որ կողմերը հաստատապես համաձայնության են գալու` առաջարկված սկզբունքների հիման վրա խաղաղության մեծ պայմանագրի վրա աշխատելու: Իսկ թե ինչու է Մեդվեդեւը նման երաշխիքներ փնտրում հատկապես Ալիեւից, թողնենք մտորելու ադրբեջանցի քաղաքագետ-վերլուծաբաններին:
Սոչիի Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումը ղարաբաղյան կտրվածքով հետաքրքրական էր նախագահների հայտարարության տեքստերի տեսանկյունից, քանի որ, հասկանալի է, Մեդվեդեւն ու Ալիեւը որեւէ փաստաթուղթ չեն ստորագրել եւ համատեղ հայտարարությամբ հանդես չեն եկել: ՌԴ նախագահը նշում է. «Իհարկե մեր զրույցի կարեւոր թեմաներից էր ԼՂ հիմնահարցի կարգավորումը: Ես ցանկանում էի անկեղծ զրույց ունենալ` ի՞նչ անել հետագայում, ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, մասնավորապես ժամանակ առաջ Կազանում կայացած մեր եռակողմ հանդիպումից եւ դրանից առաջ` նույն ձեւաչափով մեր հանդիպումներից հետո»:
Այս հայտարարությունն արդեն վկայում է, որ մասնավորապես Կազանի եռակողմ հանդիպումից հետո «ի՞նչ անելը» առավելապես կախված է Բաքվից, ու, հատկանշական է, ոչ այնքան նրա կամքից, այլ նրա հետ ավելի պարբերաբար աշխատելուց եւ ավելի «անկեղծ զրուցելուց»: Մեդվեդեւի խոսքին ի պատասխան, Ալիեւը նշել է. «Այն սկզբունքները, որոնց հիման վրա տեսանելի է հակամարտության լուծումը, համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին»: Նկատենք` Իլհամ Ալիեւը չի խոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած մադրիդյան սկզբունքների մասին (Ադրբեջանի ղեկավարը Սոչիում առհասարակ չի խոսում մադրիդյան սկզբունքների մասին-Հ. Ա.) կամ այլ սկզբունքների, բայց էլի` ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած, այլ խոսում է այն սկզբունքների մասին, «որոնց հիման վրա տեսանելի է հակամարտության լուծումը»: Առաջանում է հարց` ո՞ւմ է տեսանելի. Երեւանի՞ն, Ստեփանակերտի՞ն, Բաքվի՞ն, թե՞ ԵԱՀԿ Մինսկի խմբին: Միանգամից բացառենք վերջինը, քանի որ այդ պարագայում Ալիեւը անպայման կշեշտեր Մինսկի խմբի անունը, իսկ, հաշվի առնելով, որ Ադրբեջանի նախագահը չի կարող խոսել սկզբունքների մասին, որոնք տեսանելի են Երեւանին ու մանավանդ Ստեփանակերտին, հասկանալի է, որ Ալիեւը խոսում է միայն իրեն տեսանելի սկզբունքների մասին, թերեւս այն սկզբունքների կամ առաջարկությունների, որոնք ադրբեջանական կողմը ներկայացրեց Կազանում, կամ որոնցով պատասխանեց` նախագահ Մեդվեդեւի ուղերձին, որը Մեդվեդեւը կողմերին էր ուղարկել արտգործնախարար Լավրովի միջոցով: Սակայն հակամարտության լուծումը կամ դրա կարգավորման գործընթացում բեկումը հնարավոր կլինի միայն հակամարտության բոլոր կողմերին «տեսանելի» սկզբունքների պարագայում, այլ կերպ ասած` փոխզիջումների, որոնց մասին բազմիցս խոսել է միջազգային միջնորդ խումբը, եւ որի առնչությամբ իր պատրաստակամությունը բազմիցս հայտնել է Երեւանը: Այնինչ Բաքուն, փաստորեն, դեռեւս պատրաստ չէ հիմնահարցը «բոլորի համար տեսանելի» սկզբունքով լուծելուն կամ պարզապես չի ուզում: Հետեւաբար` Սոչիում կայացած Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումը ղարաբաղյան մասով, ոչ մի լուրջ, էական արդյունք չի տվել, եթե, իհարկե, չի ավելացրել ՌԴ նախագահի հիասթափությունը: Կոնկրետ նախագահ Մեդվեդեւը այս ամենն, իհարկե, արձանագրելու է: Հետաքրքրական զուգադիպությամբ` սեպտեմբերի 2-3-ը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հոբելյանական գագաթաժողովին մասնակցելու են կազմակերպության անդամ բոլոր երկրների, այդ թվումՙ Հայաստանի ղեկավարները: Իրենց մասնակցությունը դեռեւս չեն հաստատել Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, թերեւս ՌԴ նախագահի հետ ունեցած ոչ փայլուն հարաբերությունների համատեքստում, Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը, որի երկիրը նույնպես հիմնականում տնտեսական բնույթի խնդիրներ ունի Մոսկվայի հետ, եւ արդեն հայտնի է, որ Դուշանբե չի մեկնի Ադրբեջանի նախագահ Ալիեւը. Ադրբեջանը կներկայացնի վարչապետ Արթուր Ռասիզադեն: Ինչո՞ւ Ալիեւը չի մեկնում ԱՊՀ-ում իր գործընկերների գագաթաժողովին, այն էլ հոբելյանական, եւ առհասարակ, ինչո՞ւ է ավելի ու ավելի նկատելի դառնում, որ Իլհամ Ալիեւը խուսափում է Դմիտրի Մեդվեդեւի հետ պարբերական հանդիպումներից ու «անկեղծ զրույցներից», մանավանդ որ ԼՂ հակամարտության «կառուցողական» կողմն է ինքը, իսկ հակամարտությունում կառուցողական կողմերը որեւէ մեկից խուսափելու կարիք չեն ունենում սովորաբար: Եվ, որը պակաս կարեւոր չէ, ինչո՞ւ Իլհամ Ալիեւը Սոչիում որեւէ հիշատակում չարեց մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, գուցե մոռացե՞լ է դրանք: