ՆՈՒՌ. սա «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի «Նոր ուսումնական ռազմավարություն» ծրագրի հապավումն է: Ծրագրի ղեկավար Սեբաստիան Արիաս Դյուվալի խոսքով` անվանումն ավելի հոգեհարազատ է հայերին, քանզի կրում է հայերի մեջ մեծ տարածում ունեցող մրգի անունը: Ծրագիրը գործում է աշխարհի շուրջ 40 երկրներում, իսկ Արցախում գործարկելու մեկնարկը տրվեց օգոստոսի 15-ին Ստեփանակերտում:
Նման պայմանագիր կնքվել է այս տարվա հունվարին` ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի եւ սփյուռքահայ հանրահայտ գործարար Էդուարդո Էռնեկյանի միջեւ: ՖԱՀ-ը ներկայացնում է «Նոր ուսումնական ռազմավարության» ընդհանուր գաղափարը եւ նպատակ ունի փոխելու ապագա կրթական համակարգը: Մեկ համակարգիչ յուրաքանչյուր երեխայի /ՄՀՅԵ/ կրթական ծրագիրը մշակվել է ԱՄՆ Մասաչուսեթսի Տեխնոլոգիաների ինստիտուտում: Այն հաջողությամբ համակցել է կառուցողականությունը ժամանակակից մատչելի դյուրակիր համակարգչի` XO-ի ստեղծման հետ, որը հատուկ նախագծվել ու մշակվել է կրթական նպատակներով: ՆՈՒՌ ծրագիրը XO դյուրակիր համակարգիչներ է տրամադրելու Արցախի դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտներին ու նրանց ուսուցիչներին, իսկ դպրոցներում ինտերնետ կապն ապահովելու է ԼՂՀ կառավարությունը:
Առաջին փուլում, ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը , համակարգիչներ կստանան ստեփանակերտցի եւ շուշեցի կրտսեր տարիքի դպրոցականնները, 160 ուսուցիչներ կանցնեն վերապատրաստման համապատասխան դասընթացներ: Նախարարի խոսքով, նախատեսված էր ծրագիրը գործարկել սեպտեմբերի 1-ից, սակայն քանի որ համակարգիչները պատվիրված են եղել Ճապոնիայում, ուստի այնտեղ տեղի ունեցած երկրաշարժի պատճառով ծրագրի իրականացումը մի քիչ ուշացել է: Համակարգիչների առաջին խմբաքանակը տեղ կհասնի հոկտեմբերի կեսերին, իսկ երկրորդ խմբաքանակը նախատեսվում է ստանալ նոյեմբերին: «Բոլոր դեպքերում, ծրագիրը ուսումնական երկրորդ կիսամյակում կսկսի լիարժեք գործել»,- հավաստիացրեց նախարարը:
Նախքան լրագրողների հարցերին պատասխանելը Սեբաստիան Արիես Դյուվալն առաջարկեց դիտել այդ մասին պատմող տեսաֆիլմը, որից հետո, ծրագրի հետ կապված, տվեց որոշ պարզաբանումներ: Մասնավորապես, պարոն Դյուվալի խոսքով, երեխաներին տրվելիք համակարգիչները /դրանց նմուշները ցուցադրվեցին ասուլիսի ժամանակ/ թեպետ նման են խաղալիքների, սակայն հագեցած են երկու տասնյակից ավելի համակարգչային, այդ թվում` հայերեն ծրագրերով ու բավականին դիմացկուն են: Երեխան ցանկության դեպքում այն կարող է իր հետ տանել տուն, որից օգտվելու հնարավորություն կունենան նաեւ տնեցիները: Չորրորդ դասարանն ավարտելուց հետո աշակերտը կշարունակի իր մոտ պահել համակարգիչը մինչեւ դպրոցն ավարտելը, եթե, իհարկե, մինչ այդ տեխնոլոգիական թարմացումների անհրաժեշտություն չառաջանա: Վերջնական արդյունքում, նշեց պարոն Դյուվալը, բոլոր աշակերտներն էլ կունենան համակարգիչներ: «Համակարգիչը ոչ միայն կրթական մակարդակը, այլեւ կյանքի որակը բարձրացնելու լավագույն միջոց է»,- շեշտեց ՖԱՀ-ի պաշտոնական ներկայացուցիչը:
Ո՞վ պիտի պատասխան տա համակարգիչը փչանալու դեպքում. լրագրողների տված այս հարցին պատասխանելով, Ս. Ա. Դյուվալը նշեց, որ եթե դրանք տրվում են անվճար հիմունքներով, ապա բնավ չի նշանակում, թե պիտի անփութություն ցուցաբերել: Եթե համակարգիչը դիտավորյալ փչացրած լինի աշակերտը, ապա նրա ծնողներից կգանձվի դրա արժեքի մի մասը, որի ամբողջական արժեքը կազմում է 270 ԱՄՆ դոլար, իսկ եթե այն աշակերտի մեղքով չի փչացել, ապա հիմնադրամի միջոցներով կնորոգվի կամ էլ նորը կտրվի նրան: Հարցի շրջանակում ԼՂՀ ԿԳ նախարար Վ. Խաչատրյանն ավելացրեց, որ այսօր Արցախի մի շարք դպրոցներում բարեգործական խողովակներով ստացված համակարգիչներ կան, որոնց միշտ խնամքով են վերաբերվում աշակերտները: Այդ հարցում, անշուշտ, կարեւոր է նաեւ ուսուցիչների ու ծնողների վերահսկողական դերը, միաժամանակ նշեց նախարարը:
Լրագրողները նաեւ մտահոգություն արտահայտեցին այն առումով, որ կրտսեր տարիքի դպրոցականներին հասանելի կդառնան արգելված կայքերը: Ինտերնետի բացասական ազդեցությունը չբացառելով, պարոն Դյուվալը տեղեկացրեց, որ երեխաներին մատուցվող ինտերնետ ծրագրերը հնարավորինս զտված կլինեն: Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, ծնողների եւ ուսուցիչների վերահսկողությունն այս հարցում էլ պետք է շեշտված լինի:
ՆՈՒՌ ծրագրով նախատեսվում է հաջորդ փուլում համակարգիչներով ապահովել արցախցի 3.600 աշակերտների, ինչի շնորհիվ հավասար հնարավորություն կստեղծվի դպրոցների ամենօրյա դասերում տեխնոլոգիաների ներգրավման համար: Իսկ ժամանակացույցը կհամաձայնեցվի ԼՂՀ կառավարության հետ: Դարձյալ կառավարության աջակցությամբ, գերարագ ինտերնետ կապով կապահովվեն հանրապետության մյուս բնակավայրերը եւս, որի իրագործումից հետո ՆՈՒՌ ծրագիրը XO դյուրակիր համակարգիչներ կտրամադրի նաեւ այդ կրթօջախներին:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ