«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2011-07-29 | #141, 2011-07-30 | #142, 2011-08-17


ԱՇԽԱՐՀԻ «ՏԱՆԻՔԸ»

Չնայած որոշ ուշացումով, ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդեցին, որ շվեյցարական Սենտ-Մորից քաղաքում վերջերս տեղի է ունեցել Բիլդերբերգյան ակումբի 58-րդ ամենամյա նիստը: Ներկա հավաքի հատկանշական կողմը համարվեց այն, որ առաջին անգամ մասնակցում էին Չինաստանի ներկայացուցիչները, ինչը վկայում է այդ երկրի հարաճուն հեղինակության մասին: Ռուսաստանից պաշտոնական ներկայացուցիչ չի եղել: Նիստին ներկա է եղել ռուսաստանցի միլիարդատեր Ալեքսեյ Մորդաշովը, սակայն, չգիտես ինչու, Շվեդիայի կողմից:

Ինչո՞ւ են ռուսաստանյան ԶԼՄ-ները սեւեռուն ուշադրություն դարձնում Բիլդերբերգյան կոչված այդ միջազգային կազմակերպության աշխատանքին: Դա հասկանալու համար անհրաժեշտ է պատմական էքսկուրս կատարել ակումբի հիմնադրման ու գործունեության վերաբերյալ, քանզի, ինչպես նշել է նրա հիմնադիրներից մեկըՙ հանրահայտ ֆինանսական մագնատ Դեւիդ Ռոկֆելլերը, խոսքը վերաբերում է աշխարհի ինտելեկտուալ վերնախավի եւ բանկիրների վերազգային գերագույն իշխանությանը, եւ համարվում է աշխարհը կառավարող կարեւորագույն հաստատություններից մեկըՙ ընդունակ կանխորոշելու ողջ մարդկության կյանքի հիմնական ուղղությունները:

Բիլդերբերգյան ակումբը ստեղծվել է սառը պատերազմի թեժ տարիներինՙ 1954 թվականին: ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախաձեռնությամբ մոլորակի մասշտաբով 70 գերազդեցիկ անձինքՙ քաղաքագետներ, բանկիրներ, բիզնեսմեններ, մեդիամագնատներ եւ այլք, հավաքվել են հոլանդական Օստերբեկ քաղաքի «Բիլդերբերգ» հյուրանոցում (այստեղից է գալիս ակումբի անունը) եւ հիմնադրել «եվրոպական արժեքներ» պաշտպանող մի կազմակերպություն, որի հեռահար նպատակն էր ստեղծել եվրոպական գերտերություն, պայքարել կոմունիզմիՙ Խորհրդային Միության դեմ, ընդունել ստրատեգիական որոշումներ ֆինանսական, ռազմական, սոցիալական խնդիրների վերաբերյալ, շրջանցելով աշխարհի առաջատար երկրների կառավարական մարմիններին: Վերջնական նպատակ էր հայտարարված ձեւավորվել որպես «Համաշխարհային կառավարություն»:

Բիլդերբերգյան ակումբը կառուցված է մասոնական օթյակի սկզբունքով եւ ներառում է երեք աստիճան: Ամենանեղ առանցքային շրջանակը խորհրդակցական կոմիտեն է, որի մեջ մտնում են մոտ 10 հոգի, որոնք միայն իրապես ու լիովին գիտեն կազմակերպության իսկական նպատակները եւ ուղղությունները ու տնօրինում են բոլոր լիազորությունները ամենամյա նիստերի միջեւ: Որպեսզի ընթերցողը պատկերացում կազմի, թե ազդեցության ինչ մակարդակ ունի կոմիտեն, ներկայացնենք նրա ներկայիս մշտական անդամներինՙ Էդմունդ դը Ռոտշիլդ, Դեւիդ Ռոկֆելլեր, Զբիգնեւ Բժեզինսկի, Փոլ Վուլֆովից, Հենրի Քիսինջեր, Ռիչարդ Հոլբրուկ, Էտիեն Դավինիոն, Հենրի Գեյնց, Ռոմանո Պրոդի եւ ուրիշներ (պատահական չէ, որ շատ փորձագետներ ակումբի միջուկը համարում են ԱՄՆ-ի հրեական վերնախավը):

Ակումբի 383 անդամներից 128-ը ամերիկացիներ են, մնացածըՙ եվրոպացիներ ու ասիացիներ: Տարվա մեջ մեկ անգամ հատուկ հրավերքով նրանցից 130-ը (կազմը ամեն անգամ թարմացվում է)ՙ գործող ու պաշտոնաթող նախագահներ, վարչապետներ, թագավորներ, թագաժառանգներ, դեսպաններ, խոշորագույն կորպորացիաների ղեկավարներ եւ այլք, հավաքվում են նիստի, որտեղ ոչ պաշտոնական, անբռնազբոսիկ մթնոլորտում քննարկում են «ընթացիկ պահի» խնդիրները, շփվում, մոտիկից ծանոթանում միմյանց հետ: Նկատի ունենալով, որ, ինչպես ասվեց, նրանք հիրավի հսկայական ազդեցության տեր մարդիկ են, ապա լրագրողները սիրում են նրանց հանրությունն անվանել «Աշխարհի նախարարների ստվերային խորհուրդ»:

Նիստերն անցկացվում են գերգաղտնիության պայմաններում, ոչինչ չի գրառվում կամ տեսագրվում, ոչ մի տեղեկատվություն չի հրապարակվում, ոչ մի հայտարարություն չի արվում, արգելված են բանավեճերը նիստերից հետո, հրավիրվում են միայն «իրենց» լրագրողները, Համաշխարհային խնդիրների վերաբերյալ ընդունված որոշումներինՙ ոչ պաշտոնական հաշվետվությանը ծանոթանում են միայն ակումբի անդամները: Մշակվում է համատեղ կողմնորոշում, որը կրում է պարտադիր բնույթ եւ իրագործվում է նրանցից յուրաքանչյուրի կողմից: Ակումբն իր որոշումների կենսագործման համար կարող է օգտագործել Մեծ ութնյակի հանդիպումները, Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, ազգային կառավարությունների եւ այլն:

Իսկ հիմա նորից դառնանք այն իրողությանը, թե ինչու են Ռուսաստանում տեղ տալիս Բիլդերբերգյան ակումբի գործունեությանը: Բանն այն է, որ հենց սկզբից այդ կազմակերպության գլխավոր խնդիրներից մեկն էր պայքարել կոմունիզմի գաղափարների, Խորհրդային Միության դեմ: Ի վերջո հսկայական է նրա դերը ԽՍՀՄ-ի քայքայման գործում: Վերաբերմունքը չի փոխվել ներկա Ռուսաստանի նկատմամբ. հիմնադրման օրվանից ակումբի 16 նիստերի հիմնական թեման եղել է քաղաքական-տնտեսական կացությունը Խորհրդային Միությունում եւ Ռուսաստանում ու քայքայիչ ներգործությունը դրա վրա: 90-ական թվականներին, օրինակ, հատուկ քննության առարկա են եղել աշխատանքը Գորբաչովի շրջապատի հետ: Գորբաչովի հնարավոր պաշտոնաթողությունը, Ելցինի նկատմամբ միասնական վերաբերմունքի մշակումը եւ այլն: Տակավին հիմնադիր փաստաթղթերում նշվել է, որ նախ եւ առաջ անհրաժեշտ է վերահսկողություն սահմանել հողագնդի միջուկիՙ Ռուսաստանի նկատմամբ: Ռուսաստանինՙ այդ հսկայական մայրցամաքային զանգվածին տիրելու համար պետք է մշակել ստրատեգիա, որին համապատասխան ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները վիշապի պես պիտի ճնշում գործադրեն նրա վրա բոլոր կողմերից: Եվ առհասարակ, անգլոսաքսոնական ռասայիՙ համաշխարհային գերիշխանություն հասնելու ճանապարհին գլխավոր ու բնական թշնամին համարվում է ռուս ժողովուրդը: Պետք է արվի ամեն ինչ, որ Ռուսաստանը մուտք չգործի Եվրոպա:

Բիլդերբերգյան ակումբի հակառուսական գործողությունները կարող են լինել ինչպես բացահայտ ու մասշտաբային, այնպես էլ քողարկվածՙ նրբաճարտար միջոցներով: Մոսկովյան թերթերից մեկը բերել էր մի այսպիսի դրվագ: Բիլդերբերգցիների «բնապահպանական» հարձակումներից հետո Գորբաչովի թույլտվությամբ (կարճատեսությամբ) Ռուսաստանում սնկի պես սկսեցին աճել տխրահռչակ «Գրինփիսի» կլոններըՙ զանազան «կանաչներ»: Սրանք ակտիվորեն սկսեցին բնակչությանը սարսափեցնել սալմոնելեզով համատարած վարակվելու վտանգով: «Գիտակցության զանգվածային ճնշման» այդ զենքի միջոցով փլուզվեց «Պտիցեպրոմը», եւ լայն քայլերով երկիր մուտք գործեցին «Բուշի տոտիկները թե ոտքերը»: Նույն կանաչների միջոցով շրջանառության մեջ դրվեց նաեւ նիտրատի սպառնալիքը, կոլտնտեսականների աճեցրած մրգերն ու բանջարեղենը համարվեցին վտանգավոր, սկսվեց դրանց ներմուծումը եվրոպական մի շարք երկրներից, ընդ որում, դրանց մեջ նիտրատի պարունակությունը 6 անգամ գերազանցում էր խորհրդային ցուցանիշը: Բնական էՙ չէր ազդարարվում, որ որոշ բիլդերբերգցիներ դոլարային մեծ շահագրգռություններ ունեին այդ բիզնեսում:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Հ.Գ.- Բիլդերբերգյան ակումբի 2007 թվականի կոնֆերանսը տեղի է ունեցել Ստամբուլում, որտեղ այլեւայլ խնդիրների հետ մեկտեղ քննարկվել են կլիմայի գլոբալ փոփոխության, Թուրքիայի դերը Եվրոմիության մեջ հարցերը: Ակումբի այս տարվա նիստին ներկա է եղել Թուրքիայի 4 ներկայացուցիչ: Ի դեպ, հողագնդի կլիմայի տաքացման գլխավոր պատճառը հայտնի մեդիամագնատ, բիլդերբերգցի Թեդ Թերները համարել է... բնակչության մեծաքանակությունը եւ առաջարկել է այն կրճատել 2/3-ով, հասցնելով 2 միլիարդի: Սա չի՞ հիշեցնում Հայաստանի «գերբնակեցվածության» վերաբերյալ նախկինում արված որոշ «հայրենական» հայտարարություններ...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4