ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Այս տարվա մարտ-ապրիլին դրամի կտրուկ արժեզրկման եւ մեր տնտեսության դոլարայնացման մակարդակի որոշակի բարձրացմանն անդրադարձել էինք «Դրամը աստիճանաբա՞ր արժեզրկվեց» ( «Ազգ» , 14 մայիսի 2011թ) հրապարակման մեջ: Նշել էինք, որ դրա հիմնական պատճառը երկրի նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 11-ի հրապարակային հայտարարությունն էր, որ մենք ունենալու ենք դրամի «դանդաղ եւ կայուն» արժեզրկում: Փաստը, որ անգամ այդ ամիսներին իրանցի զբոսաշրջիկների կտրուկ հոսքը Հայաստան եւ դրա արդյունքում դոլարի ներհոսքը չփոխեցին դրամի արժեզրկման ընդհանուր միտումը, եւս մեկ վկայությունն էր, որ այդ գործընթացը պայմանավորված էր նախագահի ելույթով եւ դրանից առաջացած սպասումներով:
Միաժամանակ, վկայակոչելով ԿԲ-ի հրապարակած տեղեկատվությունը, ներկայացրել էինք տնտեսության դոլարայնացման մակարդակի բարձրացմանը վերաբերող ցուցանիշներն այս տարվա առաջին եռամսյակում, հավանական համարելով, որ նախագահի հայտարարության ազդեցությամբ այդ միտումը կշարունակվի հաջորդող ամիսներին եւս:
Այդուհանդերձ, բացառելով Սերժ Սարգսյանի հայտարարությամբ պայմանավորված սուբյեկտիվ գործոնը, նշել էինք, որ առաջիկայում, մի շարք գործոններով պայմանավորված (գյուղմթերքների սեզոն, արտարժույթի ներհոսքի ավելացում արտերկրից, աշխարհում դոլարի դիրքերի թուլացում, ԿԲ-ի կողմից գնաճի զսպման նպատակով դրամավարկային քաղաքականության կոշտացում, պարտադիր պահուստավորման նորմատիվներում կատարված փոփոխություն եւ այլն) դրամը ոչ թե կարժեզրկվի, այլ կարժեւորվի:
Անցել է ավելի քան 5 ամիս, եւ կարելի է արձանագրել, թե ինչ տեղի ունեցավ դրամի փոխարժեքի եւ Հայաստանի տնտեսության դոլարայնացման մակարդակի հետ:
Փոխարժեքը նախ կայունացավ 1 դոլարի դիմաց 370-375 դրամի վրա, ապա վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում սկսեց իջնել մինչեւ 365-370 դրամը: Այսինքն, դրամը ոչ թե արժեզրկվեց, այլ արժեւորվեց: Ինչը սպասելի էր, քանի որ հնարավոր վերեւում նշած գործոնների առկայությունը չէր կարող փոխարժեքի վրա այլ ազդեցություն թողնել: Հնարավոր չէ միաժամանակ զսպել գնաճը եւ արժեզրկել դրամը կամ պահանջել բանկերից ավելացնել դրամով պահուստավորումըՙ չնպաստելով դրամի արժեւորմանը եւ այլն: Դոլար-դրամ ներկայիս փոխարժեքն, ամենայն հավանականությամբ, ուղենշային կդառնա նաեւ տարվա մնացած ամիսների ընթացքում, քանի որ աշնան ամիսները համարվում են տնտեսական բարձր ակտիվության ամիսներ, իսկ դեկտեմբերըՙ ամենաբարձրը, երբ դրամի արժեւորման միտումը խորանում է:
Ինչ վերաբերում է դոլարայնացման մակարդակին: Դարձյալ անդրադառնանք ԿԲ հրապարակած ցուցանիշներին: Համաձայն դրանց, ինչպես եւ կանխատեսել էինք, մարտին հաջորդող ապրիլին դոլարայնացման ցուցանիշը մեր երկրում որոշակիորեն բարձրացավ: Արտարժութային ավանդները ընդհանուր ավանդների մեջ ապրիլին կազմեցին 66 տոկոսՙ մարտի 65,1 տոկոսի դիմաց, իսկ արտարժութային ավանդները փողի զանգվածի մեջ պահպանվեցին մարտի արդեն իսկ բարձրացած մակարդակիՙ 45,6 տոկոսի վրա: Սակայն մայիս եւ հունիս ամիսների արդյունքներով վերոնշյալ ցուցանիշները սկսեցին նվազել, ինչը փոխկապակցված է դրամի արժեւորման հետ: Մայիսին արտարժութային ավանդների բաժինը ընդհանուր ավանդների մեջ վերադարձավ մարտի 65,1 տոկոսին, իսկ հունիսին կազմեց 64,7 տոկոս: Արտարժութային ավանդները փողի զանգվածի մեջ մայիսին նվազեցին մինչեւ 45 տոկոս, իսկ հունիսինՙ 44,6 տոկոս:
Վերոնշյալից դատելով, կարելի է ենթադրել, որ դոլարայնացման նվազման միտումը հետագայում նույնպես կպահպանվի, թեեւ ոչ կտրուկ, քանի որ դոլարի նկատմամբ Հայաստանի բնակչության մի զգալի մասի կույր հակվածությունը դեռ երկար կպահպանվի: