«Սիվիլիթաս» հիմնադրամը սեպտեմբերից նախաձեռնում է համացանցով լրատվության հեռարձակում եւ օրաթերթի հրատարակություն, ինչպես նաեւ հանրային հարցումների անցկացում: Այս մասին «Ազգին» ուղարկած տեղեկագրում հայտնել է «Սիվիլիթասի» տնօրեն Սալբի Ղազարյանը, այս նախաձեռնությունները բացատրելով որպես «Սիվիլիթասի»` քաղաքացիական հասարակությունը հզորացնելու առաքելության բնական շարունակություն եւ Հայաստանում բաց, մատչելի եւ միեւնույն ժամանակ իմաստալի տեղեկատվական դաշտ ունենալու կարիքը լրացնել փորձելով: «Սիվիլնեթը» համացանցով հեռարձակվելու է հայերեն եւ անգլերեն, լուսաբանելու է ներքին կյանքը, տարածաշրջանային զարգացումները, միջազգային իրադարձությունները, լինելու են տեղական եւ օտարերկրյա փորձագետների մեկնաբանություններ: Իսկ օրաթերթը, տնտեսական եւ քաղաքական խնդիրների անդրադարձի հետ մեկտեղ, ներկայացնելու է վերլուծություններ եւ հանրային կարծիք` չանտեսելով սոցիալական հարցերը, մշակույթն ու սպորտը: Սա կարելի է համարյա քաղաքական հայտ համարել, մանավանդ Հայաստանում քաղաքականությունը սկսվում եւ ավարտվում է մամուլով, մնում է գծել քաղաքական շրջանակն ու դերակատարներին (սա դժվար չէ-Մ.Խ.): Իսկ ամեն նոր թերթ կամ ինտերնետային կայք բացող համարյա այս կարգի առաջին խմբագրական է գրում, բայց արդյունքը բոլորին հայտնի է` ամեն ԶԼՄ համարյա կողմ է եւ ներկայացնում է ինչ- որ ուժի ու անգամ անձի: Չնայած` ինչ իմանաս, «Սիվիլիթասի» մոտ կարող է ստացվել, մանավանդ որ ե՛ւ Սալբի Ղազարյանը, ե՛ւ «Սիվիլիթասի» տնօրեն Վարդան Օսկանյանը լրատվական դաշտում նորեկներ չեն եւ ԱՄՆ-ում հրատարակել են Միջազգային հայկական ամսագիրը (AIM):
«Սիվիլիթասի» հաղորդագրությունից պարզ է դառնում նաեւ, որ հայտնի ռոք-երաժիշտ Սերժ Թանգյանին, «Քաունթերփարթ ինթերնեշնըլ» եւ «Կանաչաստան» կազմակերպությունների հետ միասին, հենց «Սիվիլիթասն» է հանդիպեցրել Հայաստանի քաղաքացիական ակտիվիստների հետ, որի ժամանակ Թանգյանը պատմել է, թե ինչպես է կամովին իր անունն օգտագործում հանուն լավ գաղափարների, եւ ներկաներին քաղաքացիական նախաձեռնություններին գիտակից մասնակցության կոչ է արել:
Մ. Խ.