Իսկ եկեղեցին չի պայքարելու իր «մոլորյալ զավակների» դեմ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Մի քանի ամիս առաջ Հայաստանի Հանրապետության քաղաքացին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) շահեց դատը` ընդդեմ Հայաստանի Հանրապետության: ՄԻԵԴ-ը վճռել էր, որ ՀՀ-ն խախտել է քաղաքացու, ավելի արդարացի լինելու համար նկատենք` մարդու իրավունքը, որը, ելնելով իր կրոնական հայացքներից, հրաժարվել էր ծառայել հայկական բանակում: Ըստ այդմ` քաղաքացին իր իսկ պետությունից ստացավ մի քանի հազար եվրո փոխհատուցում: Պարզվեց, որ քաղաքացին «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունից է, սա հաստատեցին տվյալ կազմակերպության ներկայացուցիչների ստորագրությունները` այն հաղորդագրության տակ, որտեղ նշվում էր ՄԻԵԴ-ի վճռի մասին: Այժմ մեկ դիտարկում. այդ ի՞նչ «մարդու իրավունք» է խախտել ՀՀ-ն, որի սահմանադրությունը ամրագրում է, որ երկրում արական սեռի բոլոր քաղաքացիների համար սահմանված է պարտադիր զինվորական ծառայություն, այն նույն ՀՀ-ն, որի սահմանները շարունակվում են մնալ անհանգիստ, որտեղ ժամանակ առ ժամանակ լինում են հակառակ կողմից կրակոցներ, եւ որը գտնվում է կիսապատերազմական վիճակում: Ասենք, ինչո՞ւ, երբ բանակ է զորակոչվում, օրինակ, ոմն Այվազյան Նորայր, այստեղ ՀՀ-ն «մարդու իրավունքներ» չի խախտում, բայց խախտում է, երբ բանակ է զորակոչում մեկ այլ Այվազյան Նորայրի, որը Եհովայի վկա է: Համաձայն Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի` ամեն ոք ունի խղճի, դավանանքի եւ խոսքի ազատություն: Հենց այս սկզբունքի հիման վրա, ուրեմն, արական սեռի ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք զորակոչի տարիքում են, կարող են կանգնել ու ասել` մենք չենք ուզում ծառայել բանակում, քանի որ դա թույլ չի տալիս մեզ մեր դավանանքը, նույն սկզբունքի համաձայն` ՀՀ-ն, իր սահմանադրությամբ հանդերձ, ոչինչ անել չի կարող:
Այժմ մեկ այլ հարց` արդյո՞ք նման «թույլտվություններ» ունեցող կրոնական կազմակերպությունները կարող են իրենց ճնշված զգալ Հայաստանում: Համաձայն կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի` յուրաքանչյուր նման կազմակերպություն պարտավոր է գրավոր ու հանրամատչելի ներկայացնել իր կրոնա-դավանաբանական հայեցակարգը, սակայն առ այսօր Հայաստանում գործող ոչ մի կրոնական կազմակերպություն նման ձեռնարկով հանդես չի եկել: Խոսքն ամենեւին բազմաքանակ աղանդավորական բրոշյուրների ու գրքույկների մասին չէ, այլՙ կազմակերպության կարգի, ներքին օրենսդրության, դավանանքի սահմանման, ըստ որի յուրաքանչյուր ոք կարող է տեղեկություն ստանալ` ո՞վ է այդ կազմակերպությունը, ինչպե՞ս կարելի է անդամակցել դրան, ինչի՞ց (իսկ գուցե եւ ումի՞ց) պետք է հրաժարվել` անդամակցելու համար, որքա՞ն գումար ամեն ամիս կամ ամեն տարի պետք է գանձի իր անդամներից կազմակերպությունը, այդ գումարների գանձման նպատակը, առհասարակ` կազմակերպության գոյության նպատակը եւ այլն: Կրկնենք եւ շեշտենք` հայաստանյան ոչ մի կրոնական կազմակերպություն նման տեղեկություններ ոչ բանավոր, ոչ գրավոր, ինչը պարտադրում է օրենքը, չի ներկայացնում: Հետեւաբար` գործ չունե՞նք մենք այստեղ ՀՀ օրենքի խախտման հետ: Իսկ մեկ այլ օրենքի խախտում չե՞ն արդյոք աղանդավորական գրականության տպագրումը, վաճառքը, կամ տարածումը: Մայրաքաղաքի ու հատկապես մարզերի մի շարք գրավաճառների մոտ (ոմանց մոտ` առանց իրենց գիտության- Հ. Ա.) վաճառվում է աղանդավորական գրականություն, որտեղ չկան ոչ հրատարակման տարեթիվը, ոչ հրատարակողի անունը, տվյալները: Հետեւաբար` պե՞տք է պայքարել աղանդավորների դեմ, եթե այո, ապա ո՞վ. եկեղեցի՞ն, պետությո՞ւնը, թե՞ մենք` հասարակությունը:
«Հայ առաքելական եկեղեցին երբեք չի պայքարել եւ չի պայքարելու իր «մոլորյալ զավակների դեմ», մենք նրանց դարձին ենք սպասում», այսպես հայտարարեց Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա տեր Շմավոն Ղեւոնդյանը երեկ «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսում: Բացի սրանից` քահանան արձանագրեց, որ Երեւանի շուրջ մեկմիլիոնանոց բնակչությանը սպասարկում են 20 քահանա ընդամենը. «Բավական բարդ խնդիր է հոգեւորական պատրաստելը: Ճեմարան ամեն տարի ընդունվում են ընդամենը 20-30 հոգի, իսկ ավարտում են 10-15-ը: Ոմանք չեն դիմանում, ոմանք հասկանում են, որ հոգեւոր ծառայությունը իրենցը չէ...»:
Իսկ մյուս կողմից, նույն ասուլիսի երկրորդ բանախոս «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնման» կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը արձանագրեց. «Այսօր Հայաստանում ունենք շուրջ 67 կրոնական կազմակերպություններ, որոնցից 10 հարում են Հայ առաքելական եկեղեցուն, 6-ը մյուս եկեղեցիների` կաթոլիկ եւ ուղղափառ հետեւորդներն են, մնացած բոլորը աղանդավորական են: Մեր մոտավոր հաշվարկներովՙ այսօր երկրում ունենք 300-350 հազար աղանդավորներ, ինչը երկրում ընտրողների 1/3 մասն է կազմում»: Իսկ ի՞նչ կարող է սա նշանակել. արդյոք հնարավոր չէ՞, որ առանձին կուսակցություններ երաշխավորված ձայներ ստանալու համար աղանդավորական կազմակերպությունների ղեկավարների հետ գան համաձայնության, իհարկե, որոշակի «վարձատրման» դիմաց: Եվ մի՞թե աղանդավորները կբավարարվեն միայն դրամական վարձատրությամբ, երբ կարող են, ասենք, սկսել պահանջել նաեւ որոշ համամասնական տեղեր խորհրդարաններում, հետեւաբար` գոնե որոշակիորեն տիրապետել պետության օրենսդրական դաշտին:
Այժմ, երբ մեր շուրջ 3-միլիոնանոց բնակչությամբ երկրի ներսում ունենք մեկ այլ` շուրջ 350 հազար բնակչությամբ «պետություն», պե՞տք է պայքարել աղանդների դեմ, եթե այո, ապա ո՞վ, եթե ոչ պետությունն ու հասարակությունը միասին: Ամարյանի առաջարկությամբ` անհրաժեշտ է բարեփոխել համապատասխան օրենսդրությունը. «Չկա կրոնական կազմակերպությունների աշխատանքը ոչ թե սահմանափակողի, այլ հսկողի իրավունք, չեն պատրաստվում կրոնագետ-իրավաբաններ, հոգեբաններ, այլ մասնագետներ, այնինչ մեկ աղանդավորի «ուշքի բերելու» համար անհրաժեշտ են 2-7 տարի եւ ֆինանսական միջոցներ: Անհրաժեշտ է սահմանել, եթե կարելի է ասել` հասարակական հսկիչ կամ հսկիչ կազմակերպություն», եզրակացրեց Ամարյանը:
Իհարկե, «հսկել» չի նշանակում «արգելել» կամ «սահմանափակել», եւ այն արդեն իսկ կրոնական կազմակերպությունների առումով անհրաժեշտություն է դարձել մեզ համար: Իսկ ի՞նչ «կասի» Եվրոմիությունն ու իր Մարդու իրավունքների դատարանը հսկելու պարագայում` ոչինչ. օրինակ, ԵՄ-ի անդամ Ֆրանսիան հենց նման «դեպքերի համար» ունի կրոնական ոստիկանություն, որը ենթարկվում է անմիջապես վարչապետին: Նմանատիպ կառույցներ գործում են ԵՄ անդամ կամ պարզապես Եվրոպայում գտնվող մի շարք այլ երկրներում. որոնք գիտակցում են ազգային անվտանգություն ասածի արժեքը: