Մի քանի օր առաջ ոստիկանության հետ բախված ՀՀՇ-ական (ՀԱԿ) մի քանի երիտասարդներ հանդես եկան Ժիրայր Սեֆիլյանի դեմ ուղղված հայտարարությամբ, անվանելով նրան «վախկոտ ու ստրկամիտ», ապա նաեւ «ներկա վարչախմբին» աջակցող: Առաջին հայացքից նման ոճի հայտարարությունը զարմանալի չէ այս քաղաքական ուժի գործելակերպի համար: ՀԱԿ դարձած ՀՀՇ-ն իր քարոզչական ռազմավարությունը չի փոխելՙ բոլոր նրանք, ովքեր թեկուզ ինչ-որ մի հարցում չեզոք դիրքորոշում են ունենում կամ համաձայն չեն լինում ՀԱԿ-ի «սրբերի» եւ գլխավոր «սրբի» հետ, անմիջապես պիտակվում են: Դրան տարբեր պահերի արժանացել են «Օրինաց երկրի», «Ժառանգության», Դաշնակցության եւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Տարբերությունը միայն որակումների մեջ էՙ մեկին «դավաճան», մյուսինՙ «ստրկամիտ», երրորդինՙ «իշխանությունների դրածո» եւ այդպես շարունակ: Սակայն Սեֆիլյանի դեմ ուղղված հայտարարությունը հատուկ ուշադրության է արժանի:
Դժվար է անգամ որակումներ տալ այն մարդկանց, ավելի ճիշտՙ այն լակոտներին, որոնք ղարաբաղյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանին անվանում են «վախկոտ» եւ «ստրկամիտ»: Այդ ողորմելիներն առնվազն պետք է հասկանային, որ ոստիկանության հետ բախվելը, հայհոյանքներ շաղ տալը, իրենց կուսակցական թերթերով աղմուկ բարձրացնելըՙ ձերբակալությունից մի քանի օր հետո ազատ արձակվելու ակնհայտ հեռանկարով, ամենեւին էլ հերոսություն չէ եւ, մեղմ ասած, համադրելի չէ մի քանի անգամ ավելի լավ զինված, անմատչելի համարվող դիրքերում գտնվող թշնամու դեմ պատերազմելու հետ: Այդ նույն լակոտները պետք է իմանային, որ իրենք դեռ ծնված չէին, իսկ Ժիրայր Սեֆիլյանը եւ հազարավոր մեր մյուս իրական հերոսները իրենց կյանքն էին վտանգի ենթարկում ղարաբաղյան պատերազմում, որ եթե նրանք չհաղթեին այդ պատերազմում, ապա իրենք գուցե եւ ընդհանրապես գոյություն չունենային եւ Երեւանի փողոցներում «հերոսներ» չդառնային:
Կարելի է, անշուշտ, համաձայնել կամ չհամաձայնել Սեֆիլյանի քաղաքական դիրքորոշումներին, կարելի է զարմանալ, թե ինչպե՞ս եղավ, որ Ղարաբաղի ազատության համար կռվելով նա կամ Սասուն Միքայելյանը հայտնվեցին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնավար կարգավիճակով թողնելու ջատագով Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների շարքում: Սակայն դա ոչ մեկին իրավունք չի տալիս այդ մարդկանցից որեւէ մեկին այս կամ այն որակումը տալ: Դա հատկապես վերաբերում է ՀՀՇ-ի ստահակներին, որոնց ղեկավարների համախոհն էր որոշ ժամանակահատված Ժիրայր Սեֆիլյանը:
Հարկ է նշել, որ սա միակ դեպքը չէ, երբ ղարաբաղյան պատերազմով անցածներին ՀՀՇ-ական թափթփուկները այս կամ այն որակումն են տալիս, իրենց իրական վախկոտությունը փորձելով այդ կերպ ցույց տալ որպես հերոսություն: Այդպես փաստաթղթերի կեղծման միջոցով բանակային ծառայությունից խուսափած եւ ԱՄՆ-ում տաքուկ անկյուն գտած մի թերթի խմբագիր հայտարարում էր, թե Ռոբերտ Քոչարյանը վախենում է իրենից: Կամ կառավարության շենքի մոտ ամեն հինգշաբթի «աշխատանքի» եկող, նստացույց ու պառկացույց անող, վերջերս արտերկրից Հայաստան եկած մեկ այլ ողորմելի, Սեյրան Օհանյանի երեսին «խուլիգան» էր բղավում, շատ լավ իմանալով, որ դրա համար իրեն ոչինչ չի սպառնում: Ռոբերտ Քոչարյանի կամ Սեյրան Օհանյանի հասցեին այսպես արտահայտվող երկու անձինք էլ, իրենք ոչնչություն լինելով, իրենց իրավունք էին վերապահում որակումներ տալ մեր երկրի եւ ժողովրդի համար թշնամու դեմ կռված, պատերազմով անցած եւ պատերազմական գործողություններ ղեկավարած մարդկանց: Սա անգամ զավեշտ չէ, սա անոմալիա է: Այստեղ խոսքը ոչ թե քաղաքական կուլտուրայի կամ քաղաքական հանդուրժողականության մասին է, այլՙ մեր արժեքային համակարգում առկա լուրջ խնդրի:
Անկախ քաղաքական այս կամ այն ուժին համակրելուց, իշխանություն, ընդդիմություն կամ չեզոք լինելուց, քաղաքականությամբ հետաքրքրվելուց կամ չհետաքրքրվելուց, մենք բոլորս պետք է գիտակցենք, որ Ռոբերտ Քոչարյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Սեյրան Օհանյանի, Սասուն Միքայելյանի տեսակի շնորհիվ է, որ չենք անհետացել դարերի արհավիրքներում, որ կանք որպես հայ ու Հայաստան: Եվ ընդհակառակըՙ վերոնշյալ անձանց այս կամ այն որակումները տվող քաջնազարների նմանների պատճառով է, որ կորցրել ենք մեր պատմական հայրենիքի ահռելի մասը: Հետեւաբար, իրական հերոսներին պիտակավորող վախկոտներին պետք է ցույց տանք իրենց իսկական տեղը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ