Արձակուրդի ընթացքում այցելեցի Գյումրի եւ Ախուրյան: Մի քանի օր ապրեցի, շփվեցի հասարակ ժողովրդի հետ եւ այդ շփումներից ստացած տպավորություններն եմ փոխանցելու մի քանի հրապարակումներում:
Գյումրիի փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանն ինձ ասաց. «Երեւանի մասին գրեք» Նշանակում է` Գյումրին հանգիստ թողեք: Երեւանի մասին ամեն օր գրում ենք, եւ Գյումրիի մասին եւս լավ կլինի ամեն օր գրենք: Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է, ու նրան հավասար ուշադրություն եթե դարձրած լինեինք` գուցե մի օգուտ տված լինեինք «հայրաքաղաքին», որ տղամարդկանց մեծ արտահոսքի պատճառով գուցեեւ զրկվի իր այս մականունից: Իսկ մեր հարցը Մանուկյանին այն մասին էր, թե Գյումրիի քաղաքապետարանի որեւէ կառույց, թեկուզ ոչ ի պաշտոնե, այլ քաղաքը ղեկավարելիս ճիշտ աշխատելու համար, տիրապետո՞ւմ է արդյոք Գյումրիից արտագաղթողների, լավ, այսպես ասենք` դուրսուներս անողների թվին: Ոչ, քաղաքապետարանում ի պաշտոնե այդպիսի թվերի ոչ մի կառույց չէր տիրապետում եւ պարտավոր էլ չէր տիրապետելու(՞): «Համերկրացիներ» ծրագրի մասին լսել էին, բայց չէին հավատում, որ Շիրակի մարզից, ընդ որում` մեծ մասամբ Գյումրիից, մոտավորապես յոթ հարյուր ընտանիք է մեկնել ՌԴ համապատասխան բնակության վայրեր: Մանուկյանը այս թիվը հավանական չհամարեց: Մոտավորապես մեկ տասնամյակ առաջ Շիրակի բնակչության թիվը երեք հարյուր հազարից ավելի էր: Տարբեր թվերի համադրումով այժմ այդ թվի մոտավորապես կեսն ենք ստանում: Շիրակ օդանավակայանից այս տարվա առաջին ամիսներին մեկնող-վերադարձողների բացասական սալդոն չորս հազարից ավելի է, որն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնապատկվել է: ԱԾՎ պաշտոնյա Կարինե Կույումջյանը մի քանի օր առաջ մեծ թիվ հրապարակեց` այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանից մեկնածների եւ վերադարձածների բացասական տարբերությունը մոտ իննսուն հազար մարդ է: Սա մեծ թիվ է: Եթե անգամ մոտակա երկու տարին միջինը 150 հազար մարդ մեկնի երկրից, մեզ մոտ ժողովրդագրական վիճակը կտրուկ կվատթարանա, արդեն իսկ բնական վերարտադրողականությունը բացասական է: Վերադառնալով Գյումրի եւ պարոն Մանուկյանին` նշենք, որ գյումրեցիների մի շատ էական մաս մեկնել է Երեւանի օդանավակայանից, եւ այդ իննսուն հազարի մեջ փաստորեն գյումրեցիների չորս հազարը կարող է կրկնապատկվել, իսկ առանց այդ էլ նվազ բնակչությամբ Գյումրիի համար դա թիվ է: Գյումրիի փոխքաղաքապետի տեղեկացված լինելու իրավունքն իրականացնելով նշենք, որ Գյումրիում ՌԴ հյուպատոս Վասիլի Կորչմարը օրերս պաշտոնապես հայտարարեց, թե Շիրակի եւ Լոռու մարզերից «Հայրենակիցներ» ծրագրի սկսման օրից վեց հարյուր ընտանիք տեղափոխվել է ՌԴ: Ճիշտ է, ասում են` ծրագիրը դադարեցվել է, սակայն եթե ՌԴ-ն ծրագիրը դադարեցնի էլ, մերոնք մեկ է` անծրագիր եւս կմեկնեն, քանի որ Հայաստանում սահմանափակ հնարավորություններ են տեսնում` զարգանալու, ընտանիք պահելու համար, հեռանկար չեն տեսնում զավակների ապագայի առումով: Այսինքն` պետք չէ կառչել ՌԴ-ից ու նրա ծրագրից, մանավանդ որ ներքին կարգով տեղեկացանք, որ ծրագիրը բոլորովին էլ դադարեցված չէ, ուղղակի մի պահ շունչ են առնում, իսկ կոնկրետ Գյումրիում ՌԴ հյուպատոսարանում լայնորեն տեղեկատվություն էին տրամադրում ծրագրի ու նրա պայմանների մասին, ցանկացողին տալիս հատուկ տպագրված բուկլետներ, նշելով, որ լավ կլինի դիմեն նաեւ Երեւանի համապատասխան հասցեով:
Լավ, պրն Մանուկյանին թողնենք իր խիստ կարեւոր գործերին, որը նա հեռախոսով ակտիվ կարգավորում էր, չխանգարենք նրան, շըշը~շ, մանավանդ որ պաշտոնյաների հետ զրույցներից կուշտ ենք, իսկ եթե նրանք են խուսափում զրույցից, դա միանգամայն լավագույն առիթ է շփվելու հասարակ գյումրեցիների հետ եւ փոխանցելու նրանց տրամադրությունները:
Տներում տապ արած Գյումրի
Մի երկու տարի Գյումրիում չէի եղել: Քաղաքն ինձ թվաց տխուր ու անմարդաշատ` շուկաներից բացի ցերեկը ուրիշ ոչ մի տեղ առանձնապես աշխույժ չէր: Իսկ երեկոյան արդեն, հատկապես ժամը քսանի մոտ փողոցներում հատուկենտ մարդիկ կգտնեիր` սուսուփուս, տներում տապ արած քաղաք: Մինչդեռ, ամռան այս շոգ ամիսներին, Երեւանում կյանքը, կարելի է ասել, հենց այդ ժամից է սկսվում: Բացառություն էին Գյումրիի կենտրոնական հրապարակը, նրան հարակից մեկ-երկու սրճարան եւ դեպի Անգլիական այգին տանող ճեմափողոցը, որտեղ երեկոյան հավաքվում են զբոսնել սիրող գյումրեցիները, հատկապես երիտասարդությունը, որ նստում է հրապարակի շատրվանների հարեւանությամբ, արեւածաղիկ չրթում, կամ զբոսնում դեպի Սայաթ-Նովայի փողոց: Նրանց զրույցներին ականջ կախողը կլսի, որ թեման ավելի հաճախ երկրից մեկնելն եւ մի ավելի հեռանկարային երկրում լավ ապրուստի եւ պայմանների տիրանալն է:
Բավական արտասահմանցիներ կային Գյումրիի հրապարակում, ովքեր գուցե «Հայլուրի» պատմած պատասխանատու տուրիզմի սուբյեկտներն էին, կամ ով գիտե` ամենատարբեր արտերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր խոպան հողերում գալիս են տարբեր տեսակի սերմեր ցանելու: Երիտասարդության զրույցները շատ դեպքերում վերաբերում են արտագնա աշխատանքի, ուսման հնարավորությունների մասին տեղեկատվության փոխանակմանը: Ում հետ զրուցում էինք` համոզված էին, որ Գյումրիի երիտասարդության մեծ մասը արտագնա վաստակի է մեկնում, եւ իրենք եւս էլ այդպիսի հնարավորություն ստեղծվելու դեպքում կմեկնեն, քանի որ սոված-ծարավ ապրելով, լավագույն տարիներն իզուր անցկացնելով` երիտասարդական կյանքը քարշ տալ չի կարելի: Երբ խնդրում էինք տեսակետներ հայտնել քաղաքի բնակչության իրական թվի մասին` բոլոր գնահատականները տատանվում էին յոթանասունից-հարյուր հազարի սահմանագծում: Գյումրիի բնակչության թիվը մինչեւ հարյուր յոթանասուն հազար գնահատեց քաղաքապետի տեղակալ Մանուկյանը: Նրա կարծիքով, արդեն նշել ենք, ռուսական վերաբնակեցման ծրագրով մեկնողները փոքր թիվ են կազմում: Երիտասարդների հետ զրույցները մեզ համար պարզեցին այսպիսի պատկեր. «Հայրենակիցները» ընտանեկան ծրագիր է, մինչդեռ գյումրեցի տղամարդիկ նախ իրենք են սիրում մեկնել վաստակի եւ միայն հարյուր տոկոսով համոզվելով դրական հեռանկարի մեջ, նոր միայն ընտանիքն են տեղափոխում: Այդպիսով` գյումրեցի երիտասարդ տղամարդկանց մեծ մասը մենակ է մեկնում արտագնա վաստակի, տարիներ վաստակածը ուղարկում ընտանիքին, ձմռանը երկու-երեք ամիս այցելում հայրենի քաղաք` նայած աշխատանքի բնույթին եւ ապա վերադառնում:
Այս առիթով պատմեմ մի տաքսու վարորդի պատմածը, որ դիսպետչեր է աշխատում Ռուսաստանի հարավային քաղաքներից մեկում: Ասում էր` արդեն տասնհինգ տարի Ռուսաստանում է: Տարին մեկ անգամ, իր արձակուրդին, գալիս է ընտանիքին տեսության: Շատ լավ երեխաներ ունի` տղա եւ աղջիկ, որոնք այժմ ուսանողներ են: Բայց արձակուրդին անգամ Գյումրիում նա տաքսի էր քշում` կրճատելով ընտանիքի հետ անցկացրած ժամանակը.«Այնպես եմ օտարացել կնոջս, որ տնից փախնելու այս ձեւը գտա` մինչեւ արձակուրդս ավարտվի», ասաց նա: Ահա արտագնա աշխատանքի ողջ փայլն ու սնանկությունը:
Մհեր Մկրտչյանի բարեկամների՞ ակումբ
Գյումրիում ձեռքս ընկավ «Մհեր Մկրտչյան թանգարանի բարեկամների ակումբ» բուկլետը, որտեղից կարելի էր իմանալ, որ ժողովրդական դերասան Մ. Մկրտչյանի ակումբը գործում է 2006 թվականից, տասնիններորդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում, որտեղ ցուցադրված են մեծ դերասանի բեմական հագուստներն ու իրերը, տարբեր ֆիլմերում օգտագործած ռեկվիզիտները, ինչպես նաւ մեծ դերասանի պարգեւներն ու նվերները, նրա մասին պատմող լուսանկարներ, գրքեր, անձնական իրեր: Լավ է, մտածեցի, ծննդավայր Գյումրիում, արդեն իսկ իր կյանքի օրոք մեր ողջ ժողովրդի համար սիրելի դարձած դերասանի թանգարանը կա, ուրեմն իսկապես այս քաղաքում գնահատում եւ սիրում են նրան իսկապես, արվեստի ղադրը գիտեն` գյումրեցոց լեզվով: Արդեն ուզում էի մի կողմ դնել բուկլետը` ենթավերնագրերին կցված թվերը չթողեցին. բարեկամների ակումբին անդամակցելու համար անհատ անդամը պետք է մուծի 10 հազար դրամ տարեկան, արտոնյալ անդամը` 20 հազար դրամ, ընտանեկան մասնակցությունն արժե 25 հազար դրամ, իսկ ահա «Մհեր Մկրտչյան թանգարանի» բարեկամների ակումբի հոգաբարձու կարող են դառնալ թանգարանի զարգացման գործում մեծ ներդրում անողները: Ահա այսպիսի թվաբանություն: Անմիջապես գծագրվեց Մհեր Մկրտչյանի` կյանքի վերջին տարիներին միշտ տխուր ու ինքնամփոփ դեմքը, որը սակայն երբեք չէր զլանում տրտում, բայց լուսավոր հումորի ստվերով ողողվել կյանքի գրոտեսկային պատկերների հանդիպելիս. տեսնես դերն ի՞նչ արտահայտություն կընդուներ մի հրաշքով մի քանի րոպե մեզ հետ միասին այս բուկլետն ընթերցած մեծ դերասանը. «Իմ վրա առեւտուր կենե՞ք» կասեր:
Մհեր Մկրտչյանի բարեկամների ակումբ` լավ է հնչում եւ գուցե նախաձեռենությունը, որպես այդպիսին, լավն է, եւ անշուշտ, առանց նրա ազգականների այդպիսի ակումբ գուցե չէին համարձակվի հորինել: Չգիտենք ու չուզեցինք իմանալ, սակայն մի պահ նեղացանք այդ անհայտ նախաձեռնողներից` սիրելի անվան շուրջ առետրի համար:
Գյումրին դրոշ ունի
Գյումրիի նորակերտ, ներսից ու դրսից սիրուն քաղաքապետարանի շենքի դիմաց, աջ ու ահյակ կողմերում պետակա հնգական եռագույն դրոշների կողքին փողփողում են նաեւ չորսական սպիտակ դրոշներ, վրան կարմիր խաչ, խաչի կենտրոնում էլ մեր թագավորական տոհմերից մեկի խորհրդանիշ վագր թե՞ առյուծ: Ի՞նչ խաբար է, շատ հետաքրքրվեցինք այդ սպիտակ դրոշներով: Հարցրինք նույն երեկոյան հրապարակում զբոսնող գյումրեցիներին: «Էդի՛կ, Վրաստանի դրոշը չէ՞, վայթեմ Վրաստանից դելեգացիա կա», ենթադրեց մի հնարամիտ գյումրեցի: «էս դրոշները չորս-հինգ ամիս է` դրած են: 451 թվականին Վարդան Մամիկոնյանն էս դրոշներով գնաց պարսիկնեի դեմ, հաղթեց, էսիկ էլ Վարդան Մամիկոնյանի հրապարակն է, քուր ջան», ուսոցողական ու տեղյակ իր գիտեիքները կիսեց հրապարակի տաքսիներից մեկի վարորդը:
Մի ուրիշ գյումրեցու կարծիքովՙ Գյումրու քաղաքապետը հավատացյալ մարդ է, դրա համար էլ խաչով դրոշներ է դնել տվել եռագույնի կողքին: Քաղաքապետարանին սպասարկող մեքենաներից մեկի վարորդն ասաց` Գյումրու դրոշն է: Նրան ընդհատեց մի տարեց գյումրեցի. «Մե հատ հարուստ կուսակցությունմ կա, է, Բարգավաճ որ կըսեն, վայթեմ նրանց դրոշն է»: Եվ միայն փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանից իմացանք, որ արդեն մի քանի ամիս է, որ Գյումրին պաշտոնապես դրոշ ունի` ավագանու որոշմամբ:
Անահիտի մենախոսությունը
Գյումրու կենտրոնական հրապարակին հարակից Խաչքարերի ծառուղում հանդիպեցի մի ծեր կնոջ, որը կաղալով քայլում էր դեպի հրապարակ: Նրան խաչքարերի ու նորոգվող եկեղեցու մասին հարցրինք: Հետո մեր միջեւ մի սովորական զրույց սկսվեց Գյումրիի կյանքի եւ ապրուստի մասին, որից Անահիտը սահուն անցում արեց դեպի իր ապրելակերպ: Պարզվեց, որ նա այնքան էլ ծեր չէ, որքան երեւում է, ընդամենը հիսունհինգ տարեկան, իսկ նրան ծեր կնոջ արտաքինի հասցրել է իր դժվար կյանքը: Նկատենք, որ որպես լրագրող չեմ ներկայացել, եւ Անահիտն իր կյանքը պատմել է` որպես կինը կնոջ, այնպես որ նրանից ներողություն ենք խնդրում, որ այն ներկայացնում ենք այս պատմությունն առանց նրան տեղյակ պահելու: Կոլորիտը պահպանում ենք, այդպես ավելի հասկանալի կլինի:
«Տուն չունիմ, տեղ չունիմ, ապրուստ չունիմ, մի հատմ տղա ունիմ` երեսունյոթ տարեկան, դանկով զարկին- հիվանդանոց քցեցին, հիմա թոշակի չի կռնա ընկնի, փող կուզեն: Ավտոկայանի տնօրենը ընդեղի սանատորիայի շենքը որ առել է` ընդեղ կապրիմ: Փլփլած է, բայց շենք է, ապրի տերը, տեղ տվավ, սեփական է... Երկրաշարժից տուժված կնիկ էի, տունս հինգ հազարով ծախեցի` հնար չունեի, ապրուստ չունեի, տղես հիվանդանոցում պառկած էր, ընձի օգնող չեղավ, ըդպես ծախեցի: Հիսունհինգ տարեկան եմ, թոշակ չեմ ստանա: Առաջ կաշխատեի, հիմի ավտոկայանի միջի գազելները կլվամ, հատը` երկու հարյուր դրամ: Չի եղնի, որ գոնե հազար դրամ էլնի: Բդի կանչեն, օր լվամ: Չկանչեն` չեմ լվա: Տղիս երկու երեխեն մեր չունին (երկրորդ հարս ունիմ), իմ հույսիս են: Ըդպես կապրինք: Օր զարկին տղուս` լյարդը ծակավ, թոքը, ընկերոջը պաշտպանելու համար զարկին, հինգը տեղ... Աշխատատեղ օր եղնի, ոտս ըսպես օր չեղնի` կաշխատեմ, համա հիմնարկություն չկա: Մենակ պիվի գործարանն է` իրանք իրանց մարդիկով կաշխատին: Բայց լավ մարդ են Բալասանյանն էլ, Մարտուն Գրիգորյանն էլ: Էրկու անգամ քաղաքապետին դիմեցի օր երեխեքին օգնե, գոնե հինգ հազար ինքը չունե՞ր օր տար... Օր տեղաշոր պառկել եմ` տաս հազար պարտք եմ, ելնիմ պտի` քիչ-քիչ տամ, մե ամսվա հացի փողն է: Հացը մեկը կուտար, ես մենակ ցամաք հացով յոլա գնացի: Դիմեցի քաղաքապետին, քուրս գնաց, ընձի տասը դրամ օգնություն չտվավ, օր սաղ թղթերը ունեմ: Ըստեղ գիտես ոնց է` շատը շատին. օր օգնություններ կուգա` չեն բան էնե: Էրեխեքին կտանեմ զբաղվածության կենտրոն, ըտեղի ճաշարանը, տիա ամանները, ճաշ կուտան... Ամերիկացի են- ինչ են: էրեխեքն էրկու հոգի են, բայց մեկն է գրանցված, տանեմ գը` էրկուսով կուտեն: Էրեկ էկա տարա, էսօր էլ չոլախ հալիս գալիս եմ տանեմ: Էն օրը գառադոկը (ավտոկայանի տարածք) բերել-օգնություն կբաժանին, չեկան-չըսին, թե ըստեղ էլ էրեխա, կայնեք ըսոնց հարցնինք... ձեթ է, յուղ է, «Գալա» ընկերություն է, ինչ է, ըդեղ օգնություն էր էկել, ամերկացի են եղել, ինչ են էղել, չեմ հետաքրքրվել: Օր հետաքրքրվիմ` ինչ, ընձի էլի չի հասնի: Ընենց մարդ կա, օր տասը տեղից օգնություն կստանա, ես մե տեղից չեմ ստանա: Սաղ սուտ է: Ես չեմ նախանձի ստացողին, բայց թե իմ էրեխեն սոված մնա, մի հատմ չտա՞ն, ուրիշին տաս անգամ տան` ըդիկ կեղնի՞: Հիմի Սերժին բդի գրեմ, օր երկու անգամ դիմել ենք քաղաքապետարան, մերժել են էրեխեքի օգնությունը, բոլոր թղթերն ունենք: Նուժե՞լի իրանք հազար դրամ չունին, որ երեխեքին տան օգնություն, էրեխի նպաստը բայց կստանանք: Անունդ ի՞նչ է: Իմ անունս էլ Անահիտ է:
Օր ընկել եմ վար, ոտս օլորվել-շատ կցավեր, փող չունեի, օր հիվանդանոց էրթայի, տունը պառկա, էլ չիմացա ջարդել էր, թե՞ օլրվել:
Ուստա Վանիկի մտքի թեւին
Ուստա Վանիկը, որ վաթսունն անց է` պարապությունից խելագարվում է: Ամբողջ կյանքում գնացել է արտագնա աշխատանքի, տուն պահել, հիմա նույն ճամփով զույգ որդիներն են գնում, իսկ ինքը տեղը չի գտնում, ծմակ ընկած արջի նման է` ոտուձեռքը տեղը ուզում է աշխատել, գործ չկա: Նրա կարծիքով վերջին տարիներին շատերն են գնացել Գյումրիից: Հիմնականում Ռուսաստասն: Մի հարյուր հազար մարդ էլ չի մնացել Գյումրիում ըստ նրա. «Առաջ Էրեւան ըդքան զավոդներ չկային, ինչքան Լեննական: Հմի մե զավոդմ չի աշխատի: Հիմնարկներում բացի շինարարությունից ու պահակությունից աշխատանք չկա, պահակն էլ չեն ընդունի: Ռեկլամ հեչ կնայե՞ք` պահանջվում է քսան տարեկան փորձառու վարորդ, քսան տարեկան փորձառու վարորդ կեղնի՞: Պիվի զավոդն է` իրանք իրանցով կաշխտին: Քաղաքապետն ի՞նչ անի` փող չկա: Իմ երկու տղես էլ ստեղ չեն` մեկը Չլյաբինսկ է, մեկը` Մասկվա: Տղերքս կուղարկին` ես ու կինս կապրինք: Մեծը շոֆերություն կենե Մասկվա, փոքր տղես ընկերոջ ռեստորանում կաշխատի, ընտանիքները դեռ ստեղ են, բդի տանին: Ես էլ Ռոստով շոֆերություն կենեի: Էս տարի էլ կուզեի էրթալ` պարապ չեմ կռնա մնալ, թոշակն էլ քիչ է: Տղուս կնիկ ռուս է, բայց օսկի աղջիկմ է, գնացե-ապրել եմ քանիմ անգամ: Մեծ տղես երեք-չորս հարյուր դոլար կղրկե, փոքրս երկուհարյուր դոլար, թոռներս մոտս են հլը, փոքրի էրեխեքը»: Իսկ «Վերադարձողներ կա՞ն» հարցին ի պատասխան ասաց, թե շատերը չեն գա, բայց մի մասը վերադառնում է. «Ձմեռը կուգան, գարունը էլի կերթան»: Գյումրիում թանկ մեքենաներ կային բավականին` որ կյանքը վատ է, որտեղի՞ց. «Քաղաքի մեջ լավ ապրողներ կան: Տիա էս շենքը կսարքեն` քաղաքապետի հորոխպոր տղու շենքն է, էնիկ` առաջվա մեր կարի գործարանը, էլի քաղաքապետն է առել, սարքում է` չիդեմ ի՞նչ բդի էնե: Էս դեմի շենքը քաղաքապետի աղջկանն է` երաժշտական դպրոցն էր: Դատարանի շենքն էլ հին շենք է` էլի քաղաքապետն է առել, էս դեմը տիա` հյուրանոցի մոտ լրիվ խանութներն էլի իրանն է, սաղ քաղաքն իրանցն է , էլի: Էս քաղաքապետի օրոք մե քիչմ քաղաքը սիրունցրել են` էդ է, քիչմ ձեւափոխել է ցենտր տեղերը: Ջահելությունը դուրսն է, եղածներն էլ մենակ առեւտրի վրեն են մնացել: Էձմիածին Հոկտեմբերյանից կերթան կառնեն-կբերեն-կծախեն: Ձեռքները օր ճար եղնի` ամեն ինչ ծախեն-կէրթան: Մանր երեխեք ունեցողները կերթան, ում երեխեքը մեծ են, ինստիտուտ ընդունված` կմնան, ապագան չեն ուզի կործանել, մե կերպ յոլա կերթան»:
Աշխարհի ամենահնարամիտ կարուսելը
Երվանդ անունով հնարամիտ մի մարդ Գյումրիի հրապարակին կից հավաքել ու գործի էր գցել երեւի աշխարհի միակ ինքնաշեն կարուսելը: Ասում էր` էսպես ավելի անվտանգ է` հոսանք չկա-վտանգ չկա: Հին սովետական մանկական մեքենաները հավաքել էր, դզել-փչել էր, ու հեծանիվի սկզբունքով աշխատեցվող կարուսել սարքել, որն առավոտյան բերում- հավաքում էր, երեկոյան հավաքում- տանում: Աշխատեցնելու իրավունք-թուղթ չուներ, բայց հնարամիտ տարեցին ոչ ոք չէր նեղում. «Ըսպես բան չկա ոչ մի տեղ», իր հնարամտության վրա ուրախանում էր ուստա Երվանդը եւ 100 դրամով փոքրիկներին իր անվտանգ կարուսելը նստեցնում:
Վիրտուալ տատիկ-պապիկ
Ամեն օր Վիկտորյա տատիկն ու Սպարտակ պապիկը երեկոյան միացնում են սկայպը եւ հաղորդակից դառնում Ավստրիայում ապրող միակ որդու կյանքին: Հարսը կերակրում է զավակներին` իրենք նայում են, որդին գալիս է աշխատանքից, հաց ուտում, սափրվում, քանի որ առավոտ շուտ գնացքով է մեկնում աշխատավայր, չի հասցնի` իրենք նայում են: Ժամերով նայում են, թե ի՞նչ են անում թոռները, ի՞նչ են ուտում, ի՞նչ չեն ուզում ուտել-լալիս են, ինչպե՞ս է հարսը զայրանում քմահաճ թոռնուհու վրա: Եվ միայն երբ որդու ընտանիքում գործերն անում-պրծնում են, քնելուց առաջ մի փոքր զրուցում են ծնողների հետ, իմանում` ի՞նչ կա-ինչ չկա, տալիս առնում: Միայն դրանից հետո տարեց գյումրեցիներն անջատում են սկայպը եւ պառկում քնելու` մտածելու եւ ուրախանալու նյութ քաղելով այդ օրը սկայպով տեսած-լսածից եւ հաջորդ կապին սպասելով:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ