Այսօր «Կոնգրես» հյուրանոցում կքննարկվի արդարադատության նախարարության ներկայացրած «Խղճի եւ կրոնական ազատությունների մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը: Այս կապակցությամբ երեկ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված է. «Կառավարությունում դեռեւս քննարկվող այս օրինագծում տեղ չեն գտել մի շարք կարեւոր խնդիրների կանոնակարգումներ, ինչպես նաեւ առկա են բազմաթիվ ոչ հստակ ձեւակերպումներ: «Չենք լռելու» նախաձեռնությունը այս օրինագիծը, որտեղ բացակայում է ազգային շահի գերակայության հասկացությունը, համարում է «անհասկանալի եւ չափազանց վնասակար»: Նախաձեռնությունը մասնավորապես ուշադրություն է հրավիրում օրինագծի այն հոդվածին, ըստ որի Հայաստանում կրոնական կազմակերպություն գրանցելու համար անհրաժեշտ անդամների նվազագույն շեմը պետք է լինի 25 հոգի. «Այս տրամաբանությամբ մեր նախաձեռնությունը` իր 1100 անդամներով, կկարողանա գրանցել 40-ից ավելի այսպես կոչված «կրոնական կազմակերպություններ», որոնցից յուրաքանչյուրն իր կարգավիճակով կհավասարվի Հայ առաքելական եկեղեցուն», նկատում է նախաձեռնությունը: Հիշեցնենք` համաձայն այսօր գործող օրենքի` Հայ առաքելական եղեկեցին եւս համարվում է «կրոնական ազմակերպություն», սակայն վերապահումով. օրենքում ընդգծված է եկեղեցու ազգային նշանակություն ունենալու հանգամանքը:
Վերջում «Չենք լռելու»-ն տեղեկացնում է, որ նոր օրինագծի հետ կապված իրենք մոտ օրերս կկազմեն հարցադրումների փաթեթ, որն ամբողջությամբ կներկայացվի հասարակությանն ու ՀՀ կառավարությանը:
Հ. Ա.