ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ երեկ «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպվել էր մի քննարկում «ՀՀ խղճի եւ կրոնական ազատությունների մասին» օրենքի նոր նախագծի եւ հարակից օրենքների փոփոխությունների վերաբերյալ: Ըստ օրենքի նախագիծը հեղինակած աշխատանքային խմբի ղեկավար, արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանի` նոր օրենքի եւ հարակից օրենքների նախագծերը կոչված են նոր սկզբունքային լուծումներով իրացնելու Սահմանադրությամբ երաշխավորված խղճի եւ կրոնի ազատության իրավունքը: Փոխնախարարը տեղեկացրեց, որ այժմ գործող օրենքն ընդունվել է 1991 թվականին` հիմք ունենալով ԽՍՀՄ համապատասխան օրենքը: Դրանից հետո այդ օրենքում երկու անգամ փոփոխություններ են եղել, սակայն, այդպիսով, գործող օրենքի համակարգային թերությունները չեն վերացվել: Այն դեռեւս իր մեջ կրում է կրոնավախության խորհրդային երկարամյա ավանդույթը: Գործող օրենքը մի շարք այլ թերություններ ունի, այդ թվումՙ տոտալ վերահսկողության պետական հավակնությունը, կրոնական կազմակերպությունների գրանցման բարդացումը, որը թեեւ, ըստ փոխնախարարի, այդպես էլ չի խոչընդոտել բազմաթիվ եւ բազմաբնույթ կրոնական կազմակերպությունների գոյությանը Հայաստանում (որոնք, կարելի է ասել, խեղդում են մեզ-Մ.Խ.): Հոգեւորսութունն էլ մինչ օրս քրեականացված չէր: Մի խոսքով, ըստ փոխնախարարի, ոչ թե «դրակոնյան» օրենքներով կարելի է ողջամիտ հավասարակշռություն ապահովել կրոնական ազատությունների եւ հանրային շահերի միջեւ, այլ այնպիսի կարգավորումների միջոցով, երբ արգելքները ոչ թե կանոն, այլ բացառություն կլինեն, սակայն կիրառման դեպքում` արդյունավետ կներգործեն:
Ակնհայտ է, որ ոլորտի գործող օրենքները տասնամյակներով հետ են մնացել խղճի եւ կրոնի ազատության իրավունքի զարգացումներից, Հայաստանի միջազգային պարտավորություններից, ինչպես նաեւ բանական կառավարման ժամանակակից ավանդույթներից: Այնպես որ օրենքը փոխվում է, եւ արդարադատության նախարարության աշխատանքային խումբը, ղեկավարվելով սահմանադրությամբ եւ նոր միջազգային պարտավորությունների վրա հիմնվելով, խղճի եւ կրոնի ազատության վերաբերյալ այլ պետությունների դրական եւ բացասական փորձի վրա հենվելով` մշակել է ժողվրդավարական երկրին հարիր (սա փոխնախարարի բնորոշումն է) նոր օրինագիծ` խղճի եւ կրոնի ազատության վերաբերյալ, ինչպես նաեւ դրանից բխող մի շարք օրինագծեր:
Այս նոր նախագծով էլ եկեղեցին անջատ է պետությունից, բայց եւ ճանաչվում է Հայաստանյայց առաքելական ելեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի կյանքում` ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում: Ապա եւ հետեւում է օրենքով սահմանված բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեությանը: Միեւնույն ժամանակ, տուրք տալով Հայ առաքելական եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակին, սահմանվում է, որ նրա եւ պետության միջեւ հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով: Պետության եւ եկեղեցու տարանջատումը շատ խիստ չէ, այլ պայմանական, փոխգործակցության եղանակներ են թողնվել: Որեւէ դրույթ չկա կրոնը փոխելու ազատության մասին, բայց եւ օրինագիծը յուրաքանչյուր անձի համար երաշխավորում է կրոնի, խղճի եւ համոզմունքի ազատությունը, այդ թվում` ծնողներին հնարավորություն է տրվում դաստիարակելու իրենց երեխաներին սեփական համոզմունքներին համապատասխան: Սահմանվում են խտրականության արգելքները, կրոնական թշնամանքի եւ ատելության հրահրման անթույլատրելիությունը, եւ դրանց դեպքերում օրենքով նախատեսված կրոնական եւ վարչական պատասխանատվության առաջացումը: Սահմանվում են կրոնական ազատությունների սահմանափակման հիմքերը, «ոչ պատշաճ հոգեորսություն հասկացությունը». մասնավորապես` այլ կրոնական կամ դավանաբանական պատկանելություն կամ հայացքներ ունեցող անձանց նկատմամբ, դավանափոխ անելու նպատակով, կրոնական բնույթի յուրաքանչյուր քարոզչական ներգործություն, որը դրսեւորվում է ֆիզիկական կամ հոգեբանական ներգործությամբ, նյութական կամ սոցիալական բնույթի առավելություններ տրամադրելով կամ կախվածություն օգտագործելով` պատասխանատվություն է առաջացնում: Նախագծում տրվում է «կրոնական միավորում» հասկացության սահմանումը` միաժամանակ տարանջատելով կրոնական խումբ եւ կրոնական կազմակերպություն հասկացությունները: Մասնավորապես ` կրոնական խումբը, որ նվազագույնը 25 անձից է բաղկացած, առանց պետական գրանցման կարող է գործել, իսկ կրոնական կազմակերպությունը, էլի նվազագույնը 25 անձից, պետք է գրանցվի որպես իրավաբանական անձ: Կազմակերպությունների գրանցման հիմքերը գործող օրենքի համեմատ այնքան ողջամիտ են նախատեսված, որ չեն կարող խոչընդոտել օրենքներին համապատասխան որեւէ իրական կրոնական կազմակերպության գրանցումը, համենայնդեպս` ըստ փոխնախարարի: Միակ պահանջը կրոնական ուղղվածության հիմնավորումն է: Կրոնական կազմակերպության ձեւավորմանը պետությունը որեւէ ձեւով չի կարող միջամտել, այնքան որ հստակեցված են կրոնական կազմակերպությունների իրավունքները եւ սահմանված պարտականությունները:
Փոփոխություններ են նախատեսված վարչական եւ քրեական օրենսգրքերում` կրոնական ազատություններին միջամտելու համար վարչական պատասխանատվություն է նախատեսված, եւ, փաստորեն, քրեականացվում է նաեւ ոչ պատշաճ հոգեորսությունը: Ասենք, որ «հոգեորսություն» բառը քննադատության ենթարկվեց ներկա կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից (Սամվել Նավոյան, Լեւոն Բարդակչյան), ինչն ընդունեց արդարադատության փոխնախարարը` առաջարկելով ավելի հարմար տերմին գտնել: Նախագիծն էլի նորություն ուներ` կրոնական կազմակերպությունների հրապարակայնության վերաբերյալ: Կրոնական կազմակերպությունները պետք է իրենց գործունեության վերաբերյալ հրապարակեն տեղեկություններ` տարեկան եկամուտների ընդհանուր գումարը, տարեկան ծախսերի ընդհանուր գումարը, նախորդ տարվա գործունեության նկարագրություն, ծրագրերի անվանումներն ու վայրերը, կազմակերպությունների թիվը, ղեկավար մարմինները, պաշտոնավարող անձանց անուններն ու ազգանունները: Իրենց կայքերում են պարտավոր հրապարակել հաշվետվությունները, կամ արդարադատության նախարարությանը պետք է հանձնեն` վերջինիս կայքում արտացոլելու համար (այս դրույթը եւս արժանացավ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների քննադատությանը): Կրոնական կազմակերպության գործունեության վերահսկողության վերաբերյալ եւս դրույթ է լինելու, քանի որ ըստ փոխնախարար Մուրադյանի` պատշաճ վերահսկողության դեպքում միայն կարելի կլինի երաշխավորել կրոնական կազմակերպությունների կողմից օրենքների պահանջների կատարումը, իսկ դրանք խախտողներին իրավական պատասխանատվության ենթարկել. «Նախագիծը չի հիմնվում արգելքների մոտեցումների վրա, դրանք համարելով վերջին միջոց», ամփոփեց փոխնախարարը` հավելելով, որ կրոնական կազմակերպության լուծարման հիմքերն ու դատական կարգով լուծարման դեպքերը եւս նախատեսված են:
Ասենք, որ նոր օրենքի նախագիծը արդեն իսկ կլոր սեղանի ընթացքում քննադատության արժանացավ, հատկապես նրա մի շարք դրույթներ: Այդ մասին մյուս քննարկումից հետո կգրենք, քանի որ հաստատ այս մի քննարկումով շահագրգիռ շրջանակները չեն բավարարվի, միայն մեջբերենք «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանի կարծիքը. «Օրենքը շատ թերություններ ունի, կան բազմաթիվ հոդվածներ, որոնց մասին բացասական կարծիքներ են հնչել: Մտածողության, փիլիսոփայության փոփոխություն կա` առաջ գրանցելը կրոնական կազմակերպության համար թույլտվություն էր դիտվում, տարբեր կազմակերպություններ ժամանակին պայքարում էին գրանցման համար, հիմա հակառակն է տեղի ունենում` պարտադրում են գրանցվել, ով չի գրանցվում` պատժում են: Եվ գրանցումը ենթադրում է վերահսկողության որոշակի դաշտ. ֆինանսական հաշվետվությունների պահանջն, օրինակ, կարելի է դրական համարել, սակայն մյուս կողմից, ցանկության դեպքում, այդ վերահսկողությնը կարող է պատժիչ բնույթ ստանալ, եւ արդարադատության նախարարությունը քաղաքական ոստիկանության հիմքը կարող է դնել, որը պետք վերահսկի կուսակցություններին, ՀԿ-ներին եւ կրոնական կազմակերպություններին: Այստեղ վտանգ եմ տեսնում»:
Մի խոսքով` պետությունը խնդիր ունի ստեղծել այնպիսի օրենք, որը թույլ տա հարգել մարդու կրոնական ազատությունները, կատարել միջազգային պարտավորությունները` միաժամանակ դաշտ չստեղծելով, որ այլասիրական կրոնական ուղղությունները խեղդեն մեզ. դժվարին առաքելություն, որ շատ խոչուխութեր դեռ պետք է անցնի: