«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2011-08-18 | #144, 2011-08-19 | #145, 2011-08-20


«ՈՎ ԻՆՁ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է, ՀԻՎԱՆԴ Է», ՍԿԶԲՈՒՆՔԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Golden Palace հյուրանոցում օրեր առաջ տեղի ունեցած ՀՌԱԿ 19-րդ արտահերթ պատգամավորական խորհրդի որոշմամբ կուսակցության նոր ատենապետ ընտրված Հարություն Առաքելյանը երեկ «Հայացք» մամուլի ակումբում պատասխան ասուլիս էր հրավիրել: Ինչո՞ւ պատասխան, որովհետեւ նախօրեին մեկ այլ ակումբում բանախոսում էր կուսակցության վերոհիշյալ համագումարի որոշմամբ ՀՌԱԿ-ից վտարված ատենապետ Էդվարդ Անտինյանը, որը, ինչպես երեկվա համարում գրել էր «Ազգը», իրավական կոպտագույն խախտումներով տեղի ունեցած որակելով ՀՌԱԿ համագումարը, անձնական մեղադրանքներ էր հասցեագրել Հարություն Առաքելյանին: Բացի սրանից` վերջինիս երեկվա ասուլիսը պատասխան էր նաեւ «Ազգ» օրաթերթին, որի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, Առաքելյանի խոսքերով, «վրեժ է լուծում իրենից»:

«Վոբշեմ», ինչպես հաճախ գործածում էր Առաքելյանը ասուլիսի ընթացքում, ամեն ինչի մասին` հերթով:

Նախ Առաքելյանը, որին դժվար է անվանել ՀՌԱԿ-ի նոր ատենապետ, քանի որ արդարադատության նախարարությունում կուսակցության ատենապետ է դեռեւս համարվում Անտինյանը, նշեց. «ՀՌԱԿ-ի շուրջը վերջին օրերի այս աժիոտաժը արհեստական է: Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. կուսակցության կանոնադրության համաձայն` տեղի են ունեցել ընտրություններ, որոնց արդյունքում ես ընտրվել եմ կուսակցության ատենապետ»: Անշուշտ, երբ որեւէ կուսակցության կանոնադրության համաձայն տեղի են ունենում կուսակցական համագումարներ, ընտրություններ, արդյունքումՙ նոր ատենապետներ, որեւէ արտառոց բան տեղի չի ունենում, սակայն արտառոց չէ՞ արդյոք փաստը, որ գրեթե մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ՀՌԱԿ վերոհիշյալ համագումարում ընտրված նոր ատենապետի անունը դեռեւս «չգիտեն» արդարադատության նախարարությունում. միգուցե հետաքննելու հիմք կա, ո՞վ գիտի...

Սրանից հետո Առաքելյանը ներկայացրեց մի փաստաթուղթ, որտեղ, իր խոսքերով, ապացուցվում է, որ ամիսներ առաջ Էդվարդ Անտինյանը կուսակցության համագումարում ընտրությունների արդյունքում ընտրվել է կուսակցության ատենապետ: Իսկ ո՞վ է վիճարկում այդ փաստը... «Այո, ես անձամբ եմ նրան (նկատի ունի` Անտինյանին-Հ. Ա.) առաջադրել ՀՌԱԿ-ի ատենապետի պաշտոնում, եւ համագումարը համաձայնել է», նշեց Առաքելյանը: Փաստորեն, եթե հավատանք Առաքելյանի խոսքերին, ապա նախօրեի ասուլիսում «այնքան էլ» չէր սխալվում Անտինյանը` ասելով. «Ես սարսափ եմ ապրում, երբ հիշում եմ, թե ինչպես էր Առաքելյանն ինձ աղերսում դառնալ ատենապետ». այս երկու հայտարարություններում տարբերություն կա իհարկե, սակայն` «չնչին»: Այս ամենից հետո արդեն Առաքելյանը, կարելի է ասել, սկսում է «իսկական ասուլիսը»` «ով ինձ մեղադրում է, հիվանդ է» սկզբունքով: «Ես մինչեւ օրս չեմ հասկանում Անտինյանի խոսքերի տրամաբանությունը: Ատենապետության 8 ամիսների ընթացքում տղան զբաղված էր միայն հարցազրույցներ տալով: Սկզբում նա խոստանում էր, որ թերթ կբացենք, գրասենյակներ եւ այլն, ոչինչ չբացվեց: Ինչ վերաբերում է ինձ հասցեագրված մեղադրանքներին ու վիրավորանքներին, ապա ես դրանց պատասխանելու ցանկություն չունեմ, չնայած նրան հասնում է պատասխանել»: Ու չնայած Առաքելյանը, իր իսկ խոսքերով, ցանկություն չուներ պատասխանելու իրեն հասցեագրված վիրավորանքներին, այդուհանդերձ Անտինյանին որակեց «ուղեղի հետ խնդիրներ ունեցող», «անմեղսունակ», «որին դատի տալ անգամ չարժե»...:. «Անտինյանը մինչեւ մեր համագումարը ասում էր, որ այն օրենքից դուրս է, սակայն, համագումարից հետո նույն Անտինյանը հայտարարում է, թե իրեն համագումարին մասնակցելու հրավեր ոչ ոք չի ուղարկել: Չի՞ նշանակում սա, որ մարդն ուղղակի իր տեղում չէր, ի՞նչ ատենապետ ես, որ պետք է քեզ հրավիրեն քո իսկ կուսակցության համագումարին», նշեց Առաքելյանը: Փաստորեն, երբ որեւէ կազմակերպությունում, ընկերությունում, կուսակցությունում որեւէ մի խումբ ինչ-որ մեկի նախաձեռնությամբ առանձին հավաք է կազմակերպում, դա նշանակում է, որ տվյալ կազմակերպության ղեկավարը «ի՞նչ ղեկավար է, որ...»: Առաքելյանն անդրադարձավ նաեւ համագումարի անցկացման վայրի փոփոխության հարցին: Հիշեցնենք` նախօրոք Աղվերանում հայտարարված ՀՌԱԿ համագումարը հանկարծ կայացավ Երեւանում: «Պարզվում» է խնդիրը եղել է տեխնիկական բնույթի. «Առավոտյան պարզեցինք, որ ավտոբուսներից մեկը փչացել է, շտապ որոշում կայացրինք համագումարն անցկացնել Երեւանում», «արդարացավ» Առաքելյանը: Ի՞նչ է ստացվում. պատկերացրեք դուք կազմակերպում եք միջոցառում եւ հրավիրում 500 հոգու կոնկրետ վայր: Միջոցառման նույն օրը դուք ունենում եք «տեխնիկական» խնդիրներ եւ «շտապ կարգով» փոխում միջոցառման վայրը, փոխանակ ավոբուսը փոխելու եւ կամ` չարժե՞ր այդ մասին տեղյակ պահել բոլոր հրավիրյալներին` անխտիր... «Նույնիսկ լրագրողներ են եղել մեր համագումարին, օրինակ, «Երկիր» օրաթերթի լրագրողը», նշեց Առաքելյանը` թերեւս «ապացուցելով», որ «բոլորն էլ ամեն բան իմացել են»:

Այժմՙ «վրիժառության մասին»: «Պարզվում է», որ «Ազգ» օրաթերթը` ի դեմս Հակոբ Ավետիքյանի, պարզապես վրեժ է լուծում Առաքելյանից ՀՌԱԿ-ում տիրող իրավիճակը լուսաբանող վերջին հրապարակումների շարքով: «Դե «Ազգ»-ի գլխավոր խմբագիրը մեծ մարդ է, հավանաբար առողջության հետ կապված խնդիրներ ունի, եւ մենք այդ ամենը լուրջ չենք ընդունում: Իմ կուսակցական ընկերները խորհուրդ են տալիս ինձՙ դատի տալ «Ազգ»-ին, սակայն ես երկար տարիներ աշխատել եմ այդ կոլեկտիվում, հուսամՙ ստիպված չեմ լինի դիմելու այդ քայլին»: Սրանից բացի` Առաքելյանը նշեց, որ մեր թերթի` «իր դեմ տարվող արշավը» նոր չէ. «Ավետիքյանը գողացավ թերթը, վաճառեց, հիմա էլ ինձանից վրեժ է լուծում», ասաց Առաքելյանը: Նախ` «Ազգ» օրաթերթը չի պատկանել ո՛չ ՀՌԱԿ-ին, ո՛չ մանավանդ Առաքելյանին, հետեւաբար` այն ոչ մեկից չեն գողացել: Բացի սրանից` մեր թերթը որեւէ մեկի նկատմամբ «արշավ ձեռնարկելուց» շատ ավելի կարեւոր հետաքրքրվածություններ ունի, հետո` այդ ինչպե՞ս մեր ասածները ՀՌԱԿ-ում «լուրջ չեն ընդունվում», երբ Առաքելյանն ինքը խոստովանում է, որ իր ընկերները առաջարկում են դատի տալ «Ազգ»-ին, այդ պարագայում ինչո՞ւ, «անլուրջ հիմքի վրա՞». հիմա, փաստորեն, ո՞ւմ ասածը ավելի լուրջ ստացվեց: Իսկ Առաքելյանի` մեր թերթում աշխատած երկար տարիների հետ կապված, բավական հետաքրքրական «հուշեր» կան զետեղված` «Ի պաշտպանություն Հարություն Առաքելյանի» մի քանի էջանոց հայտարարությունում, որը տարածվեց երեկ ասուլիսին ներկա լրագրողներիս շրջանում (փաստորեն եւ «լուրջ չեն ընդունում», եւ կարիք են զգում` «պաշտպանելու»-Հ. Ա.): Ամենազավեշտալին այն է, որ «հուշագիրը հիշում է» թե ինչպես «Ազգ»-ի համար այն «երանելի տարիներին, երբ ընկեր Առաքելյանը թերթի տնօրենն էր, իր աշխատասենյակի դիմաց խաղատների սեփականատերերը հերթ էին կանգնում եւ հազարավոր դոլարներ մուծում` միայն թե «Ազգ»-ում տպագրված տեսնեն իրենց գովազդը»: Քանի՞ ապատեղեկատվություն միայն այս մեկ նախադասության մեջ. չանդրադառնանք «հերթին», որը երբեք չի եղել, միայն նկատենք` ինչպես կարո՞ղ էր եւ է Հայաստանում գովազդատուն գովազդի համար վճարել դոլարով, այն էլ` բազմահազար, այն էլ` տպագիր թերթին... Իսկ եթե իրոք «հազարավոր դոլլարներ» են մուծել «խաղատների սեփականատերերը» Հ. Առաքելյանին, ապա նշանակում է, որ վերջինս դրանք գրպանել է...

Եվ վերջում, Առաքելյանի խոսքերով, ՀՌԱԿ-ը գալիք ընտրություններին հավանաբար գնա դաշինքով. «Հնարավոր եմ համարում, որ գնանք ՀՅԴ-ի, «Ժառանգության», ժողովրդական կուսակցության եւ որոշ այլ ուժերի հետ», ասաց Առաքելյանը, ընդգծելով, որ, անշուշտ, միայն իր կողմից սա հնարավոր համարելը «շատ քիչ է»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4