«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2011-08-18 | #144, 2011-08-19 | #145, 2011-08-20


ԳՈՐԲԱՉՈՎԸ ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ ՀԵԼԻՈՍԱՐՔԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի ղեկավար Վահան Համազասպյանը դժգոհ է մեր կառավարության մոտեցումից

Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի ղեկավար Վահան Համազասպյանը եւ Այլըտրանքային էներգետիկայի ինստիտուտի տնօրեն Սամվել Թադեւոսյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում խիստ կարեւոր համարեցին Հայաստանում արեւային էներգետիկայի զարգացումը մի քանի առումներով:

Ըստ Վահան Համազասպյանի, Հայաստանը պետք է ստեղծի հելիոֆիկացիայի արդյունաբերություն, որը կբարձրացնի մեր երկրի էներգետիկ անվտանգությունը եւ կապահովի նոր աշխատատեղերով: Սակայն Հայաստանի կառավարությունը «շատ վատ է» վերաբերվում այս ճյուղին, այդ պատճառով էլ ծրագրի ղեկավարը շատ դժգոհ է: Նա նաեւ իր դժգոհությունը հայտնեց Ազգային անվտանգության խորհրդից, որը տարածել է եներգետիկ անվտանգության մասին հայտարարություն, որտեղ ոչ մի խոսք չկա հելիոֆիկացիայի մասին: Գիտնականը դժգոհ էր Ազգային ժողովից եւս, քանի որ ինքն առաջարկել էր լսումներ կազմակերպել այս հարցով, բայց դա տեղի չի ունեցել: «ՀԱԿ-ի հետ ջուր ծեծելու ժամանակ գտնում են, բայց այսպիսի կարեւոր հարցի համար ժամանակ չեն գտնում», իր վրդովմունքը հայտնեց Վահան Համազասպյանը:

Նա տեղեկացրեց, որ Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի ստեղծած «Կանաչ խաչ» հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորելու այս ծրագիրը, որի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել գիտնականի գործընկեր Նորայր Մուրադյանը: Ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը նույնպես կոչ է արել Հայաստանի նախագահինՙ ուշադրություն դարձնել հելիոֆիկացիայի ծրագրին:

Հելիոսարքերի արտադրության գործարանը նախատեսվում է բացել Սպիտակի նախկին վերելակաշինական գործարանի շենքում, որի համար կպահանջի մոտ 8 մլն դոլարի ներդրում: Ըստ Վահան Համազասպյանիՙ նախատեսվում է օրական արտադրել 1000 կոմպլեկտ 5 կվատ հզորության սարքեր, որի արժեքը կլինի 400-600 դոլարի մոտ: Դա աշխարհի ամենաէժան գինն է արեւային էներգիայի օգտագործման դեպքում: Գիտնականը վստահ է, որ Հայաստանի 350 հազար գյուղացիական տնտեսությունների պահանջարկը գործարանը կարող է բավարարել: Իսկ այդ հելիոսարքերի արտադրած էներգիան կլինի շատ էժանՙ 0,2 լումա: Վահան Համազասպյանը հույս հայտնեց, որ այս տարվա վերջին կսկսվի հելիոսարքերի սերիական արտադրությունը Հայաստանում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4