Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ Գի Տեսիեն, Վալերի Բուայեն, Ժակ Ռեմիլեն եւ Ժորժ Կոլումբիեն Արցախ կատարած երկօրյա այցի շրջանակներում երեկ հանդիպում ունեցան իրենց արցախցի գործընկերների հետ:
Ողջունելով հյուրերինՙ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշեց, որ իրենք կարեւորում են Ֆրանսիայի` իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի խաղաղարար առաքելությունը: Հաճախակի դարձած նման այցերը վկայում են, որ հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը ավելի է խորանում, շեշտեց Աշոտ Ղուլյանը: Նույն համատեքստում նա անդրադարձավ 2009 թվականի աշնանը ԼՂՀ խորհրդարանական պատվիրակությանՙ Ֆրանսիա կատարած այցի արդյունքներին, որոնք, նրա գնահատմամբ, արդյունավետ են եղել:
Ֆրանսիայի Ազգային Ժողովի ազգային պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ, «ժողովրդական շարժման միություն» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի քարտուղար Գի Տեսիեն իր ելույթում նշեց, որ Հայաստան կատարած այցը հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության արտահայտությունն է, իսկ ահա Արցախ կատարած այցն արտահայտում է իրենց համերաշխությունն այս երկրի նկատմամբ: Անկախության համար մղվող պայքարը չպիտի սերնդեսերունդ փոխանցվի, ասաց պարոն Գի Տեսիեն, ղարաբաղցիները վաստակել են ազատ եւ անկախ ապրելու իրավունքը նույն կերպ, ինչպես կիպրացիները կամ կոսովոցիները: «Այստեղ գալով մենք տեսանք, թե պատերազմի հետեւանքով ինչպիսի մեծ զրկանքներ է կրել ձեր ժողովուրդը, բայց նաեւ տեսանք, թե ինչպիսի ջերմեռանդությամբ է նա վերակառուցում ավերվածը: Երբ վերադառնանք Ֆրանսիա, մենք մեր քաղաքներում կպատմենք այդ մասին ու նաեւ կնշենք, որ դուք կարողանում եք խաղաղություն կառուցել», ասաց նա:
Ֆրանսիացի խորհրդարանականը չբացառեց, որ Արցախ կատարած իրենց այցը կարող է հարեւան Ադրբեջանում դժգոհություն առաջացնել, մինչդեռ ոչ մի վատ բան չկա բարեկամներին այցելելու մեջ:
Այցի շրջանակներում հյուրերը եղան նաեւ Գանձասարում, իսկ երեկոյան նրանց ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Այսօր առավոտյան նախատեսվում է նախաճաշ-հանդիպում փախստականների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որից հետո նրանք կվերադառնան Երեւան:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ