«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2011-08-19 | #145, 2011-08-20 | #146, 2011-08-23


«ԳՆԴԱԿԱՀԱՐՎԱԾ ՄՈՒԼՏԻԿՈՒԼՏՈՒՐԱԼԻԶՄ»

Ավտոհրկիզումները Ֆրանսիայում, սպանդը Նորվեգիայում, կողոպուտները Մեծ Բրիտանիայումՙ վերջին ժամանակներս Եվրոպան ցնցող այս եւ համանման իրադարձությունների հիմքը ներգաղթի (մուսուլմանների) խնդիրն է: Հայտնի չէ` իրականում ինչ են մտածում եվրոպացի լիդերները մայրցամաքի իսլամացման խորության մասին, սակայն հրապարակային ելույթներում նրանք խուսափում են երեւույթի պարզաբանումներից: Լավագույն դեպքում կարող են խոսել ներգաղթի գործընթացի որոշ «թերությունների» մասին: Ջարդերի ու թալանի իր կրքոտ դատապարտումներում Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը ասես վախենում էր նույնիսկ հիշատակել մուսուլմանական գործոնը:

Իրադարձությունների այս շարքի մեջ իր խելահեղ անմտությամբ ու անողոք դաժանությամբ առանձնանում է նորվեգացի Անդերս Բրեյվիկի սարքած սպանդը երիտասարդական ճամբարում: Ըստ էության, ծայրահեղ լիբերալիզմի ախտից մարող Եվրոպայում վաղ թե ուշ պիտի տեղի ունենար նմանատիպ արտառոց գործողություն: Նորվեգիայի կառավարող աշխատանքային կուսակցության ներգաղթի գերլիբերալ քաղաքականության հետեւանքով աշխարհի ամենաբարձր կենսամակարդակն ունեցող, դարեր շարունակ ավանդական ներփակ կյանքով ապրող երկիրն արդեն կանգնել է եթե ոչ ներկայումս, ապա մոտ ապագայում իսլամացվելու իրական վտանգի առջեւ: Եվ հուսահատության գիրկն ընկած քրիստոնյա ֆունդամենտալիստ Բրեյվիկը խնդրի վրա ուշադրություն հրավիրելու մղումով գնդակահարում է ատելի կուսակցության 77 երիտասարդ ակտիվիստներիՙ գերազանցապես իր իսկ «սպիտակամորթ» քրիստոնյա հայրենակիցներին: Այդ ոճրագործությունը ոչ մի արդարացում չունի: Բացարձակապես: Ընդսմին, այն, ինչպես ասվեց, այնքան անգութ էր, որ մարդիկ ու առաջին հերթին հենց նորվեգացիները, չեն էլ խորանում դրա ենթատեքստերի մեջ: Սակայն հետեւանքներն առկա են:

«Գնդակահարված մուլտիկուլտուրալիզմ»ՙ ռուսական լրատվամիջոցներից մեկը այսպես էր բնութագրել Բրեյվիկի զինված հարձակումը: Խոսքը վերաբերում է ռասայական ու կրոնական հավասարության լիբերալ գաղափարախոսությանը, որ քարոզում է Եվրոպայի քաղաքական վերնախավը, եւ որից այնքան ճարպկորեն օգտվում են մուսուլմանները մայրցամաքը խալիֆաթի վերածելու ճանապարհին: Որոշ ռուս մեկնաբանների կարծիքով, տեղի ունեցած ողբերգությունը, մուսուլմանների դեմ ու վերջինների կողմից Եվրոպայում ձեռնարկվող գործողությունները վկայում են Արեւմուտքում իշխող այն լիբերալ դոկտրինայի ավելի ու ավելի սրվող ճգնաժամի մասին, որի նպատակն է ստեղծել գլոբալ մարդուկներՙ զուրկ պատմական-մշակութային արմատներից եւ դյուրությամբ կառավարվող IT- տեխնոլոգիաների միջոցով: Գերլիբերալության այդ մոդելը կյանքի է կոչում զանգվածային ահաբեկչություն եւ ծայրահեղականություն տարբեր ազգերի, կրոնների, մշակույթների ու քաղաքակրթությունների կողմից, որոնք սեփական ինքնության կորստին պատասխանում են բնական ու անմիջական ուղիովՙ բռնությամբ: Բռնությունը դառնում է արդիականության հատկանշական կողմը, իսկ լիբերալիզմըՙ էլկետրոնային ֆաշիզմ:

Եվս մի պարագա: Այն փաստը, որ Բրեյվիկը կղզում չի հանդիպում ոչ մի դիմադրության (իսկ այնտեղ կային նաեւ ֆիզիկապես ամուր ոչ քիչ երիտասարդներ), հանգեցնում է մի այլ տխուր հետեւության: Արեւմտյան քաղաքացիական հասարակությունը վերածվում է մի զանգվածի, որն անընդհատ ինչ-որ բան է պահանջում իր համար, բայց արդեն ոչինչ չի ձեռնարկում անձնական պատասխանատվությամբ: Տվյալ դեպքում տխրահռչակ «քաղաքական նրբանկատությունը» շարքային մարդուն ազատում է սեփական հայացքների ինքնուրույն հաստատումից, քանզի նա նախապես գիտի, որ դա պաշտոնապես արգելված է ու պատժելի: Իսկ երբ հանդուրժողականության հետեւանքը դառնում է պայթյունը դրա տարբեր դրսեւորումներով, բարեկեցիկ հասարակությունը կորցնում է կողմնորոշիչները, նա չի կարողանում հենվել սեփական քաղաքացիների ինքնուրույնության վրա. վերջիններս դառնում են հակահարված տալուն անընդունակ: Իսկ չէ՞ որ կյանքը ցույց է տալիս, որ հնարավոր չէ պատսպարվել բռնությունից ու դաժանութունից: «Արեւմուտքում ու հետխորհրդային տարածքում, գրում է ռուսական թերթերից մեկը, հաստատակամորեն ու մտածված կերպով աճեցվում է երկոտանու նոր ցեղատեսակ, որը գիրք չի կարդում, անկիրթ է, քաոսային ուղեղով, զուրկ տրամաբանությունից, հակված միայն ընդունելու պարզունակ որոշումներ: Այս նոր բարբարոսի ճղճիմ ուղեղը աշխարհը տեսնում է միայն տափակ ու սեւուսպիտակ: Իսկ երբ անուղեղները միլիոններ են, նրանք դառնում են քաղաքական գործոն եւ իրենց ոչ ռացիոնալ, շամանական մտածողությամբ վազում են դեպի շիզոֆրենիկ լիդերները: Զանգվածային տխմարների դարաշրջանը իր մեջ կրում է հրեշավոր քաղաքական քմայքներ»:

Իր «հակամուսուլմանական» սպանդով Բրեյվիկը հասա՞վ նպատակին: Ինչ-որ տեղՙ թերեւս, ինչ-որ տեղ թեման դարձավ քննության առարկա (թեեւ ավելի շատ վերլուծվեցին հարձակման մանրամասները): Միամտություն կլիներ հուսալ, որ Բրեյվիկին հնարավորություն կտան շարադրելու իր հայացքները դռնբաց դատական նիստերում:

Վերջին շրջանում Եվրոպայում նացիոնալիստներն ու աջերը, որոնք բացահայտ հանդես են գալիս մայրցամաքը մուսուլման ներգաղթողներով խեղդելու դեմ, սկսել են ձայներ հավաքել տարբեր մակարդակների ընտրություններում: Իսկ անհեռատես Բրեյվիկը ոչ միայն խրտնեցրեց նրանց շատ համակիրների, այլեւ Եվրոպայի, ըստ ռուս նացիոնալիստների, լիբերաստ ղեկավարներին հնարավորություն տվեց քարոզչական (եւ ոչ միայն) հզոր հարված հասցնելու նացիոնալիստական կուսակցություններին ու շարժումներինՙ Եվրոպայի մուսուլմանների ջերմ հավանությամբ:

Լայն առումով, անշուշտ, առավելագույնս շահեց ինտերնացիոնալ ֆինանսական կապիտալը, որին շատ ավելի ձեռնտու են ոչ թե մասնակցությունը ծննդաբերության պայմանների բարձրացման ու երիտասարդ ընտանիքների աջակցության ծախսատար ու անհատույց պետական ծրագրերին, այլ էժան ներգաղթողները, եթե նույնիսկ նրանք մուսուլման են եւ ոչ միայն չեն ընդունում հյուրընկալող քրիստոնեական երկրի կենսականոնները, այլեւ անսեթեւեթ ձգտում են նրա նվաճմանը, օգտվելով իրենց ժողովրդագրական հարվածային ուժից ու տեղացիների «քաղաքակիրթ» թուլամորթությունից:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4