«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2011-08-19 | #145, 2011-08-20 | #146, 2011-08-23


ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 7 ՏՈԿՈՍՈՎ

Հիմնականում գյուղատնտեսության շնորհիվ

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2011-ի հուլիս ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայնՙ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հուլիսի համեմատ գրանցել է 7 տոկոս աճ: Հունիսի նկատմամբ հուլիսին արձանագրված աճը կազմել է 13 տոկոս: Հիշեցնենք, որ սկսած այս տարվանից, վիճակագրական ծառայությունն անցնում է մակրոտնտեսական ցուցանիշների հավաքման, հրապարակման եւ ամփոփման նոր մեթոդի: Մասնավորապես դադարեցվում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ամսական հաշվարկումը, իսկ որպես տնտեսության վիճակը գնահատող ամսական ցուցանիշ ներկայացվելու է տնտեսական ակտիվության ցուցանիշը:

Տնտեսության ճյուղերից արդյունաբերությունը նախորդ տարվա հուլիսի համեմատ աճել է 10,2 տոկոս, իսկ հունիսի նկատմամբ նվազել 6,7 տոկոսով: Գյուղատնտեսության արտադրանքի ծավալը նախորդ տարվա հունիսի համեմատ զգալի աճ է ունեցելՙ 32,4 տոկոսով, իսկ այս տարվա հունիսի նկատմամբՙ 66,2 տոկոսով: Շինարարությունը հուլիսին արձանագրել է 32,2 տոկոս անկում, իսկ այս տարվա հունիսի համեմատՙ 10,8 տոկոսով:

Մանրածախ առեւտրում արձանագրվել է 5,9 տոկոս աճ անցյալ տարվա հուլիսի համեմատ, իսկ այս տարվա հունիսի նկատմամբՙ 5,4 տոկոս աճ: Ծառայությունների ոլորտում անցյալ տարվա հուլիսի նկատմամբ աճը կազմել է 5,3 տոկոս, իսկ այս տարվա հունիսի նկատմամբՙ 7,7 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է 6,7 տոկոսով, իսկ հունիսի նկատմամբՙ 4,1 տոկոսով:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2011-ի հուլիսին 2010-ի հուլիսի նկատմամբ ավելացել է 3,5 տոկոսով եւ կազմել 408 մլն դոլար: Արտահանումը կազմել է 106,3 մլն դոլարՙ արձանագրելով 33 տոկոս աճ, իսկ հուլիսին հունիսի նկատմամբՙ 8,1 տոկոս աճ: Ներմուծումը կազմել է 301,7 մլն դոլար, նախորդ տարվա հուլիսի համեմատ նվազելով 4 տոկոսով, իսկ այս տարվա հունիսի համեմատՙ 7,3 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը հուլիսին կազմել է 195,4 մլն դոլար, այսինքնՙ փոքր-ինչ բարելավվել է հունիսին արձանագրված 210 մլն դոլարի եւ մայիսի 246 մլն դոլարի համեմատ:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում հուլիսին կազմել է 120 հազար դրամ, մասնավոր հատվածումՙ 147 հազար դրամ, պետականումՙ 98 հազար դրամ:

Այսպիսով, հուլիսին տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայամանավորված է գյուղատնտեսական արտադրանքի աճով, իսկ տարվա ընթացքում բարձր աճ արձանագրած արդյունաբերությունն այս անգամ աճ է արձանագրել միայն անցյալ տարվա հուլիսի նկատմամբ եւ նվազումՙ նախորդ ամսվաՙ հունիսի նկատմամբ: Շինարարությունը, ցավոք, շարունակում է անկում արձանագրել: Սակայն, ընդհանուր առմամբ, ամառային ամսվա համար հուլիսին արձանագրված 7 տոկոս աճը վատ չէ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4