«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2011-08-19 | #145, 2011-08-20 | #146, 2011-08-23


ԷԼՎԻՆԱՅԻ ԵՐԳԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՀԻՄԱ Է

Էլվինա Մակարյանին խանգարողներն այսօր էլ ապրում են եւ չքմեղանում, երբ խոսք է գնում երգչուհու տաղանդի մասին: Նրանք աշխատում են չհիշել իրենց լուման` տաղանդի ճակատագիրն արգելակելու գործում, երբ դեմքի ամենալուրջ արտահայտությամբ ասում էին, որ Էլվինան հայ ավանդապաշտ հասարակությանը չի սոսնձվում, երբ կտրում-հանում էին նրա կատարումներն արդեն պատրաստի հաղորդումից, երբ ասում էին` «Վերեւում չեն հասկանա` մեզ համար գլխացավանք կդառնա», ու գլխացավանքից ազատվելու համար հենց հեռուստատեսության միջին օղակներում իրենք էին կտրում-հանում Էլվինային: Այդ մարդիկ հիմա էլ կան, անգամ նրանց մի մասը տարբեր հեռուստատեսություննեում դեռ պատասխանատու օղակների ղեկավարներ են, ու ժամանակը, բարքերը, տերերը փոփոխվելուն զուգընթաց` նրանք իրենց մեղքերը չեն քավել Էլվինա Մակարյանի հանդեպ: Ինչո՞ւ, չնայած խորհրդային պատնեշին` Վիսոցկու եւ Ցոյի արվեստը հատեց այդ պատնեշը եւ նաեւ հեռուստատեսության միջոցով, հեռուստախիզախների շնորհիվ լայն հանրությանը հասավ, իսկ մեզ մոտ խիզախողներ չկային, բոլորն իրենց մի կտոր հացին էին ու նույն ուժգնության տաղանդին ժամանակին թաղում էին, ապա` չքմեղանում:

Որպես ականատես ու ժամանակակից ենք պնդում, որ անցած դարի ութսունական թվականներին մեր շնորհալի երգիչների մեջ կային նաեւ տաղանդներ, որոնցով հանգիստ կարող էինք ներկայանալ աշխարհին, բայց նրանց թաղում էինք` խորհրդային նիստուկացը լուրջ ընդունած` Էլվինան, Զառա Տոնիկյանը, Էռնա Յուզբաշյանը...Բայց նրանց ամեն կերպ խանգարում էին այն մարդիկ, որոնք բացի կոմկուսին ծառայելուց` ի պաշտոնե նաեւ պարտավո՛ր էին տաղանդներին հայտնագործել ու հովանավորել, փայփայել եւ հանձնել ժողովրդին, նրանք գլուխներն ազատում էին, էլ չասած, որ պարզապես չարամտորեն խանգարում էին հատկապես Էլվինային, որովհետեւ նա ոչ մի կերպ չէր տեղավորվում խորհրդային գազոնի համապատկերում եւ իրենց գավառական պատկերացումներում: Էհ, նրանք կյանքո՛ւմ խանգարեցին Էլվինային, իսկ այն տարածաչափությունում, ուր բոլորս ենք գնալու, նրանց կզտի եւ իրենց տեղը ցույց կտա Էլվինան, քանի որ այնտեղ տաղանդներն ամենաբարձր աստիճանին են:

Իսկ երկրային կյանքում Էլվինա Մակարյանին գնահատեցին ավելի շատ օտարները եւ... սովորական հանդիսատեսը, որ, այնուամենայնիվ, այսօր էլ հիշում է նրա երգերը: Ով անձամբ ճանաչել է`անցած դարի ութսունական թվականնների երեւանյան օրվա մեջ վերարտադրում է նրա կերպարը` մի փոքր էսցենտրիկ, մազերը առյուծաբաշ-թափած, այն ժամանակ մոդայիկ մինչեւ ծնկները խաչուփաչ կապած սանդալիկներով եւ համարձա՛կ, ուղղախո՛ս ու տաղանդավոր: Նա, ինչպես եւ շատ ուրիշները, այն ժամանակ Հայաստանից հեռացավ նեղացած, խռոված, չգնահատված: Ցավալի է, որ հեռավոր ԱՄՆ-ում մի հարցազրույցում Էլվինան ասել է. «Հայրենիքում վախի օրեր շատ ապրեցի»: Այո, եղել է, որ Էլվինային սպառնացել են, տարբեր հոգեբանական ճնշումների ենթակել, սպառնացել զավակների` Զարուհու եւ Ռոմայի վերաբերյալ, գերադասել անտաղանդին հաղորդման կամ համերգի հրավիրել, քան նրան: Հիմա ես ամոթով եմ մտածում, որ այդ բոլորի ժամանակակիցը նաեւ ես եմ եղել, ու մենք հանդուրժում էինք անարդար վերաբերմունքը երգչուհու նկատմամբ: Հիմա շատերն են գրում նրա մասին` գնա մեռիր, արի սիրե՞մ: Երգչուհու տաղանդը երեւի խանգարում էր անտաղանդներին, որոնք Էլվինայի հեռանալով ծաղկեցին, վայելեցին անհիմն փառք, փող ու ճանաչում` իրեց բոլոր հարմարություններով եւ արտոնություններով: 1989 թվականին տաս օրով մեկնեց Ամերիկա եւ էլ չվերադարձավ... սա էլ մի առանձին պատմություն է` հայաստանյան տխուր անդրադարձներով, ու մի օր հարկ կլինի այդ բոլորը պատմել` հիշողը հիշում է:

Էլվինան այնտեղ սկսեց աշխատել (սկզբում, օրինակ, Միխայիլ Շուֆուտինսկու հետ` այնուամենայնիվ Խորհրդային միության մի բուռ տաղանդներն ու կարգի թույլատրածից մի քայլ ավել գծածները ճանաչում էին իրար եւ հատկապես արտերկրում` օժանդակում միմյանց: Էլվինայի վերջին հարցազրույցում (Արտակ Ալեքսանյանին տված) Էլվինան նշել է, որ 500-600 երգ ունի եւ մի քանի տարի հետո իր երգերը կերգեն: Այո, նա գիտեր իր արվեստի արժեքը, մնում է` մենք իմանանք. «Ես այժմ իմ մասին ձայնագրություններ եմ թողնում: Երբ չլինեմ, ում ձեռքը որ ընկնի, թող մի հատ մեծ գիրք գրի իմ մասին», ասել է երգչուհին այդ հարցազրույցում: Նրա մահից երկու տարի առաջ ինքնասպան էր եղել որդին` Ռոմանը, 28 տարեկան հասակում: Նրա մահից հետո Էլվինան այդպես չկարողացավ վերադառնալ սովորական կյանք, չնայած փորձեց: Ի վերջո` նույն կերպ վարվեց նաեւ երգչուհին` ատրճանակի կրակոցով ինքնասպան լինելով: Չնայած` նրա թողած կտակը խոսում էր այն մասին, որ նա վաղուց էր պատրաստվում մահվանը: Կտակը բողոքի նման մի բան էր, գուցե նաեւ Աստծուց նեղացած` հոգեհաց չէր ուզում, եւ խնդրել էր մարմինն այրել եւ մոխիրը լցնել օվկիանոս, իրեն հիշել առանց հավաքվելու:

Երբ որեւէ տեղ ընթերցում եմ նրա կենսագրությունը, որ գրվել է փաստորեն վերջին տարիներին, հասկանում եմ` շատ բան է պակաս այնտեղից. պակաս են նրա ժպիտն ու բողոքի ճիչ- արտաքինը, նրա բաց եւ ազատ կեցվածքը` որպես ամենուր շաղ եկած անբարեհաճներից ու չկամներից պաշպանական ռեակցիա: Նրա տեսքն ամբողջությամբ մարտահրավեր էր խորհրդային ամեն ինչին: Հեռուստապետկոմում, ուր նամակների բաժին անվան տակ վերահսկվում էր անհատ մարդկանց ուղղված նամակագրությունը (ինչպիսի անբարոյականություն է դա թվում այժմ), որտեղ գլավլիտի ու հազար ու մի տեսակ հատուկ բաժինների թրի տակով պետք է անցնեին բանաստեղծություն, երգ, կատարում, պատմվածք, Էլվինային ո՞վ կհանդուրժեր: «Ո՞ւր եք տղաներ» երգը, որ Հայրենական պատերազմում զոհված հայ տղաներին էր վերաբերում, Էլվինան այնպես էր երգում, որ դա ասես տարածվում էր առհասարակ իրավունքի համար բոլոր բողոքողների վրա, ու դա հասկացվում էր: Բայց ստիպված էին մրցանակ տալ (կարծեմ` կոմսոմոլի մրցանակ ստացավ` երեւի միակ հայկական մրցանակը), քանի որ կոնկրետ թեմատիկայի տակ էր: «Ո՞ւր եք, տղաներ». հիմա էլ Էլվինայի բաց, կրծքային, ջազային ձայնը ականջիս մեջ է, ինչպես նաեւ նրա բոլոր` այն ժամանակ հայտնի երգերը, ջազային կատարումները: 1973 թվականին Խորհրդային միության «Երիտասարդ ձայներ» փառատոնին Գրան պրի ստացած երգչուհու երգերը, իհարկե, երբեմն ընդգրկվում էին հեռուստահաղորդումներում, սակայն նրան ավելի շատ մկրատում էին: Ութսունականների կեսին մի երիտասարդական հաղորդման մեջ ես եւս պատմեցի նրա մասին, եղա նրա բնակարանում, որ այժմյան Հերացու փողոցի վերջին` Նորք բարձրանալու հատույթ եղած ձեւավոր շենքում էր: Տեսա` ինչ հասարակ կյանքով էր ապրում երգչուհին, անգամ նա ինձ մոտ լողացրեց իր սիրելի պստլիկին` Ռոմային: Մտերմիկ զրույցի ընթացքում երբ ուզեցի իմանալ սիրելիի մասին, ասաց` «Սովորական բանվոր տղա է, բայց ինձ շատ է սիրում»:

Երեք օր առաջ լրացավ երգչուհու 65-ամյակը: Անկախ նրանից, որ երգչուհուն խանգարողները հիմա էլ կան, ու նրանց համար դժվար է անցյալի սխալներն ընդունելը, կարծում եմ` հիմա իսկական ժամանակն է վերագնահատելու տաղանդավոր երգչուհու արվեստը, քրքրել նրա ձայնագրած ալբոմները եւ նորովի մատուցելու հայ հանդիսատեսին:

Տաղանդները չեն մահանում, նրանց կյանքն ընդհանրապես շատ ավելի երկար է, քան նրանց երկրային կյանքը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4