Այս տարի, մայիսի 7-ին Նյու Յորքում, Էլիս կղզու Մեծ դահլիճում կայացած հոբելյանական քսանհինգերորդ հանդիսավոր արարողության ընթացքում Երեւանի պետական համալսարանի շրջանավարտ, Միչիգանի համալսարանի Մարի Մանուկյանի անվան Հայագիտական ամբիոնի պրոֆեսոր, Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության նախագահ Գեւորգ Բարդաքչյանը պարգեւատրվեց The Ellis Island Medal of Honorՙ «Էլիս կղզու պատվավոր մեդալով», որը շնորհում է Ամերիկայի էթնիկ խմբավորումների կոալիցիան (National Ethnic Coalition of Organizations):
Պրոֆ. Գեւորգ Բարդաքչյանը ծնվել է Բեյրութում, մեծացել Դամասկոսում, ավարտել Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, դոկտորական թեզ պաշտպանել Օքսֆորդում (Անգլիա), հետո Հարվարդում դասախոսել 14 տարի, 1987-ից անցել Միչիգանի համալսարան, որտեղ բարերար Ալեք Մանուկյանը հատուկ նրա համար ֆինանսավորել եւ ստեղծել է հայագիտական ամբիոն (կամ աթոռ` ինչպես Գ. Բարդաքչյանն է ասում): Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության նախագահն է եղել անցյալում եւ այժմ նույնպես: 2005-ին արժանացել է Երեւանի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճանին եւ բազմաթիվ այլ մրցանակներիՙ հայագիտությանը մատուցած ծառայությունների համար: Մինչ նրա հետ զրույցի արժանահիշատակ հատվածների փոխանցումը ներկայացնենք նրա հեղինակած ուսումնասիրությունների ոչ ավարտուն ցանկը` ընթերցողին պատկերացում տալու համար, թե ի՞նչ հետաքրքրությունների մարդու հետ է զրուցել «Ազգը». արդի արեւմտահայերենի դասագիրք` անգլիախոսների համար, «Պարոնյանի այլաբանական երկերի պատմական դեպքերն ու դեմքերը»` հայերեն, «Հայ նոր գրականության պատմության եւ կենսամատենագիտական տեղեկատու», անգլերեն, 750 էջ, որը 16-րդ դարից սկսած մինչեւ 1920 ծնված հայ հեղինակների կենսամատենագրություն է` սկզբի 250 էջ պատմությամբ` 16-րդ դարից մինչեւ մեր օրերը: Ստեղծել է նաեւ արեւելահայերենի դասագիրք անգլերենով, հեղինակել «Մխիթարյանների նպաստը հայկական գիտությանն ու մշակույթին» գիրքը եւ այլ աշխատություններ:
Կարեւոր համարեցինք փոխանցել նրա տեսակետը Հայաստան-Սփյուռք կապերի մասին, քանի որ այն մի փոքր տարբերվում է Սփյուռքում առկա տեսակետներից` սովորաբար զգացական գնահատականների արժանանալով: Վերջին շրջանում սկսված խոսակցությունը` սփյուռքի ամեն 20 հազար հոգուց մեկ ներկայացուցիչ ընտրելու մասին, որը հետո ինչ-որ միասնական մարմնի անդամ է լինելու, Գ. Բարդաքչյանը համարում է ոչ գործնական: Դրա փոխարեն նա առաջարկում է, որ սփյուռքում արդեն գոյություն ունեցող հայկական կառույցները (մասնագիտական, մշակութային եւ այլն) միավորվեն, մի ընդհանուր ներկայացուցչական մարմին ստեղծեն, որն արդեն կխոսի սփյուռքի անունից համազգային հարցերում:
Ի՞նչն է պակասում Հայաստան-Սփյուռք կապերին. այս հարցի պատասխանը տարիներ առաջ էլի «Ազգի» հարցերին պատասխանելիս Գ. Բարդաքչյանը հնչեցրել է, եւ այժմ էլ այն հուլիսի 1-ի մեր համարում ներկայացրինք. երկու դեպքում էլ նրա կարծիքներին ագրեսիվ արձագանքեցին, բայց մարդու կարծիքին եւ այն էլ ոչ շարքային, այլ մշակույթի, հայագիտության նվիրյալի, որ ե՛ւ Երեւանում է ապրել, ե՛ւ Սփյուռքի այլ համայնքներում, համաձայն չլինել կարող ես, բայց հաշվի չառնել` ոչ: Իսկ նա ասում էր, թե ամեն կերպ պետք է սերտացնել կապերը Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, խրախուսել անմիջական շփումները: Ըստ նրա` ժողովրդի համար պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ դրսից գան, մասնակցեն Հայաստանի կյանքին, որ բիզնեսով զբաղվողները չասեն` բիզնեսի համար հարմար պայմաններ չկան, օրենքի ուժ չկա, դատարաններն արդար չեն ու միշտ տեղացիների կողմն են բռնում. ահա այսպես էր «Ազգի» զրույցում բարձրաձայն մտածում պորֆեսոր Գեւորգ Բարդաքչյանը: Նա ասում էր, որ հայերս, հատկապես մշակույթի, գրականության եւ գիտության մարդիկ պետք է բացվենք դեպի լայն աշխարհ. «Մենք նորից կղզիանում ենք, մեր լոպազությունն ենք անում` հայն այսպես ու այսպես է եղել, նեղ-ազգայնական մոտեցումներից պետք է դուրս գալ համաշխարհային լայն ասպարեզ, լեզու իմանալ, թարգմանել մեր գրականությունը, թարգմանիչների հրավիրել, դարձնել Հայաստանը աշխարհի ուշադրության արժանի կենտրոններից մեկը մշակույթի առումով: Եթե ճիշտ աշխատենք, փողն էլ դրսից կճարվի: Ուզում եմ, որ կայունանան երկիրը եւ մշակույթը: Իհարկե, էկոնոմիկան խիստ կարեւոր է, մարդիկ պետք կարողանան իրենց հացը վաստակել գոնե, որպեսզի ուրիշ բաներով եւս զբաղվեն»: Ի՞նչն այստեղ ճիշտ չէ:
Նրա ղեկավարած Հայագիտական ընկերակցությունը 265 անդամ ունի, կազմակերպում է գիտաժողովներ, դասախոսություններ. «Հիմա արդեն ուզում ենք Հայաստանում էլ գիտաժողով կազմակերպել, որ Հայաստանի գիտնականներն էլ մասնակցեն: Վերջին գիտաժողովը Կալիֆոռնիայում էր` ցեղասպանության, գրականության եւ այլ թեմաներով»:
ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում կան մոտ 14 հայագիտական ամբիոններ, որոնք հայագիտական առարկաներ են դասավանդում, պատրաստում հայագիտության դոկտորներ: Դրանք մեր հասկացությամբ իսկական ամբիոններ չեն, այլ, ինչպես Միչիգանի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Գեւորգ Բարդաքչյանն է ասում, մեկ դասավանդող-գիտնական ունեցող պրոֆեսորական աթոռներ (պաշտոններ), որոնց գործունեության համար ֆինանսական միջոցներ են հայթայթում հայ բարեգործական հիմնադրամները, բարերարները եւ այլք:
Հայագիտական ամբիոններ կամ աթոռներ կան Հարվարդի, Թաֆթսի (Բոստոն), Կոլումբիայի, Միչիգանի (երկու աթոռ` հայոց լեզվի եւ գրականության, հայ ժողովրդի նոր շրջանի պատմության, երկուսի էլ նվիրատուն էլ Ալեք եւ Մարի Մանուկյաններն էին), UCLA-ի, Ֆրեզնոյի, Բերկլիի համալսարաններում:
Հայագիտության խնդիրներն արդյո՞ք 10 տարի առաջվա համեմատ փոխվել են: Ըստ Գեւորգ Բարդաքչյանի` ոչ, որովհետեւ միակ գերնպատակը հայ լեզուն, մշակույթը դասավանդելն է: Որոշ տարբերություն կա եվրոպական եւ ամերիկյան հայագիտության միջեւ, կարելի է ասել: Ամերիկայում էլ, Եվրոպայի նման հին շրջանի հետազոտողներով սկսեցին աշխատել` Նինա Գարսոյանը, Ռոբերտ Թոմսոնը, Ավետիս Սանջյանը հին շրջանով էին զբաղվում, բայց արդեն հաջորդ սերունդը հայ ժողովրդի պատմության, գրականության նոր շրջանով է զբաղվում: Եվրոպայում էլ են սկսել նոր շրջանով զբաղվել: Հայաստանի անկախությունն այդ իմաստով ահագին բան փոխեց: Կոնկրետ Միչիգանի համալսարանի երկու ամբիոններն էլ բակալավրի կուրսեր ունեն եւ դոկտորի համար են ուսանողներ պատրաստում. մշակույթ, գրականություն, լեզու, պատմություն` հիմնականում սովորում են ամերիկացիները, քառասուն-հիսուն հոգով բակալավրի կուրս է լինում, որի հինգ-տասը տոկոսն է միայն հայ. «Դոկտորականի յոթ ուսանող ունեմ, մեկն ուսումնասիրում է Հայաստանը եւ իսլամը արաբների շրջանում, մի թուրք ունեմ` ուսումնասիրում է տասնյոթերորդ դարի հայ հեղինակ Երեմիա Քյոմուրջյանի ժառանգությունը` ինտելեկտուալ համեմատություն անելով թուրք մտավոր ներկայացուցիչների հետ: Երրորդը երեւանցի է եւ աշխատում է Հայաստան-Սփյուռք կապերի վրա, համալսարանի դասախոս է եղել, Վահե Սահակյան, իմ ղեկավարությամբ դոկտորական է պատրաստում: Չորրորդն աշխատում է տասնիններորդ դարի վերջի-քսաներորդ դարի առաջին տասնամյակի հայ-քրդական հարաբերությունների վրա: Մեկն ամերիկացի է, որ ժամանակին քսանական թվականների Սովետմիության «ժենատդելներով» է հետաքրրված` կանանց իբր գրագետ դարձնելու շարժում էր, դրա պատմությունն է գրում, եկավ Հայաստան, արխիվն ուսումնասիրեց: Շվեյցարացի ուսանող ունեմ, որը հայ եւ հույն գրականության համեմատական վերլուծություն է անում` 19-րդ դարի երկրորդ կեսին Պոլսում ստեղծված հայ եւ հույն գրականությունների (Պոլսում ստեղծված հայ հին գրականության): Փայլուն ուսանող է նաեւ միջնադարյան հայ բանաստեղծությամբ զբաղվող Միքայել (Մայքլ) Թայֆր-Պետրոսյանը: Ուրիշ ոչ ոք չունի այդքան ուսանող: Նրանք բոլորն էլ գրաբար են անցնում, նրանց աշխատանքները բոլորն էլ նորություն կլինեն հայագիտության մեջ, նոր մոտեցումներ կպարունակեն»:
Գ. Բարդաքչյանի դոկտորանտների մասին այսքան մանրամասն ներկայացնելու մեր նպատակը ճանաչողական է` ցույց տալու համար, թե որքան լայն ընդգրկում ունի հայագիտական ուսումնասիրությունների բարդաքչյանական շրջանակը. «Մոտեցման հարց է, թե ինչպես ենք մշակույթ մատուցում. ես, օրինակ, եկեղեցու պատմություն եմ տալիս, հայ գրականություն, հայկական մշակույթ: Նոր դասընթաց եմ սկսելու` հայկական ապոկալիպտիկ (հայտնութենաբանական) գրականության տրադիցիայի մասին, կոնֆերանս կազմակերպեցի, հիմա ուզում եմ դասընթաց տալ, այդ մասին գիրքը խմբագրվում է` հրատարակելու համար: Մինչեւ հիմա չուսումնասիրված ոլորտ է, հատուկենտ բաներ կան», նոր մոտեցումների մասին զրույցը օրինակի ասպարեզ տարավ Գ. Բարդաքչյանը:
Մեր զրույցը ծավալվեց նրա անցյալ կարեւոր ուսումնասիրությունների եւ ներկա աշխատանքի շուրջը: Վեց ամիս առաջ նա ավարտեց մի գործ, որով զբաղվում էր 5-6 տարի. խոսքը Գրիգոր Դարանաղցու (Կամախեցու) ժամանակագրությանն է վերաբերում: Մնացել է ծանոթագրությունների պատրաստումը, ընդարձակ ներածական պետք է գրվի. «Ինձ Դարանաղցին հետաքրքրեց, որովհետեւ ինքն ամենօրյա կյանքի, սոցիալական խնդիրների մասին խոսում է` բացի իշխողներից ու վերնախավի մասին գրելուց. կարելի է տեսնել իր շրջապատը, հայ-թուրք հարաբերությունները, հասարակ ժողովրդի մարդկանց շփումը միմյանց հետ: Շատ հետաքրքրական նյութեր կան, դրա համար էլ շատ ժամանակ տրամադրեցի: Երկու տարուց հազիվ լույս տեսնի` ծանոթագրություններ եւ առաջաբան գրելու խնդիրը եթե նկատի առնենք: Միաժամանակ աշխատում եմ Պոլսո հայ պատրիարքության պատմությունը գրելու վրա: Հետո Կոլումբիայում վեց դասախոսություն եմ կարդացել հայ ինքնության մասին, գրավոր է թեեւ, բայց պետք է խմբագրվի, դրա վրա եմ աշխատում: Դոկտորակականս եմ ուզում գրքի վերածել` Պարոնյանի մասին է, իսկ ավելի ստույգ` ընդհանրապես տասնիններդ դարի երկրորդ կեսի հայ գրականության մասին, շեշտըՙ Պարոնյանի վրա: Բայց իմ հետաքրքրությունները հին շրջան են գնում, ժամանակակից շրջանով համարյա չեմ զբաղվում: Գենոցիդի հարցով եմ զբաղվում, «Հիտլերը եւ հայերի ցեղասպանությունը» գրքույկ ունեմ, որը Հայաստանում երկու անգամ թարգմանվել է, երկու տարբեր թարգմանություններ են եղել, փաստագրություն է»: Վերջինի մասին մի փոքր ավելի մանրամասնենք, քանի որ այս ուսումնասիրությունն այն մասին է, թե որտե՞ղ, ե՞րբ, ի՞նչ հանգամանքներում եւ ինչ առիթով է ասել Հիտլերը «Հիմա ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը» խոսքերը, որոնք բազմիցս օգտագործվում էին, բայց հայտնի չէր, թե ինչ առիթով են դրանք արտաբերվել:
Հրեական Հոլոքոսթի ամերիկյան կենտրոնը խորհրդապահաբար Հայոց ցեղասպանության մասին ընդարձակ տեղեկագիր պատվիրեց Բարդաքչյանին, այն ժամանակ ասվում էր, թե Հայոց ցեղասպանության նյութերի համար էլ պետք է տարածք տային Վաշինգտոնի Հոլոքոսթի կենտրոնում (բայց հետո, իհարկե, դուրս թողեցին): Տեղեկագրում Հայոց ցեղասպանության պատմությունն է եւ թանգարանում իբր ցուցադրելիք նմուշների ցուցակները: Մի խոսքով` հենց այդ տեղեկագիրը պատրաստելիս Գ. Բարդաքչյանը ցանկացել էր նյութն ավարտել Հիտլերի խոսքերով: Սկսել է փնտրել, չի գտել: Հիտլերի ասածը չգրեց այնտեղ` նյութը հանձնելու ժամկետը սեղմում էր, բայց արդեն հետաքրքրությունը շարժվել էր. 18 ամիս որոնեց, վերջապես գտավ աղբյուրները, երեք օրում էլ գրեց 80-էջանոց փոքրիկ մի գրքույկ այդ մասին: Իսկ Հիտլերի արտահայտության պատմությունն այս է. 1939 թվականի օգոստոսի 22-ին Հիտլերն իր ռազմական ողջ վերնախավին հավաքում է ժողովի եւ Լեհաստանի վրա հարձակվելու առիթով նախապատրաստում: Ըստ ներկաների` արգելված է եղել գրի առնել նրա ասածները: Մի 4 ժամ խոսել են. «Բայց Հիտլերը ավտոմատի նման կրակում էր, չէ՞, ահավոր արագ էր խոսում: Ոմանք ասում են` երկու ժամ խոսել է, հետո դադար է եղել, ոմանք էլ ասում էին` երեք ժամ է խոսել, կարեւոր չէ: 8 թե 10 տարբերակով հիշողություն կա: Նրանք ովքեր ներկա են եղել` անմիջապես հյուրանոց են վերադարձել, նստել-գրի են առել` ինչ լսել են այնտեղ: Դրանցից միայն մեկն է եղել, որ վկայել է, թե Հիտլերը հռետորական հարց է տվել` «Ո՞վ է այսօր հիշում հայերի ցեղասպանությունը: Ես պետք է ցույց տայի, որ ճիշտ այդպես է ասել, ու ո՞վ է գրել, ո՞վ է վկայել: Ահա այդ ամենը, որ նկարագրեցի: Հետո դա լույս տեսավ նաեւ հայերեն, ընդ որում երկու անգամ թարգմանվեց. առաջին տարբերակով հայերեն լույս տեսածն ավելի ամբողջական է: Երկրորդ անգամ Անդրանիկ Մարգարյանն էր հովանավորել եւ առաջարկել նորից թարգմանել, թուրքերեն էլ է թարգմանվել: Բայց 90-ականների սկզբին տպվածն ավելի ամբողջական է»:
Գ. Բարդաքչյանը «Պարոնյանի այլաբանական երկերի պատմական դեմքերն ու դեպքերը» ուսումնասիրությունը շատ հրապուրված է կատարել. «Պարոնյանը «Ծիծաղ» անունով մի ժողովածու է հրատարակել, որտեղ հերոսները կենդանիներ են` առյուծ, աղվես եւ այլն, կամ էլ հունական դիցաբանությունից վերցրած հերոս-հերոսուհիներ: Դրանց ինքնությունն եմ հայտնաբերել, դետեկտիվ բան էր, 1972-ին դոկոտորականս էի անում Փարիզի Նուբարյան գրադարանում, քրքրում էի ժամանակի թերթերը: Պարոնյանը հունարեն բառեր էր գործածել նաեւ, օրինակ` օֆթոդմեդոս, նշանակում է` ականջը կտրած: Էս Օֆթոդմեդոսը Գորտերի ժողովում է, ընդհանրապես` գործողությունները տեղի են ունենում գորտերի ժողովում, դա էլ Ազգային ժողովն է: Մտքումս ասացի` սա թուրքերենի թարգմանենք, ժամանակի թերթերն էլ կային, էդ օրերին Մարգար Քուլաքսզյան երեսփոխան կար Ստամբուլում, արեւմտահայությանը ներկայացնող Ազգային ժողով կոչված կառույցում: «Քուլաքսզ» նշանակում է անականջ: Պարոնյանը հունարենով ծածկել է դա, պատմած դեպքերը թերթերում եւ Ազգային ժողովի արձանագրություններում կան` դրանց ծաղրանկարն է. «Օֆթոդմեթոսն» այդպես գտա, նախ անունը թարգմանելով»: Այս ուսումնասիրության մասին պատմելը գրավիչ էր Բարդաքչյանի համար, քանի որ ընթացքում հիացել է Պարոնյանի հումորով, հետն էլ ժամանակի հայկական կյանքի ողջ երգիծանքն է տեսել:
Այս անգամ պրոֆեսոր Բարդաքչյանը Հայաստան էր եկել մասնակցելու «Իրանը եւ Կովկասը» միջազգային գիտաժողովին: Իրեն նաեւ երեւանցի համարող պրոֆեսորը (համալսարանում ուսանելու տարիները նրան իսկական երեւանցի դարձրին) օգտագործում է բոլոր առիթները` Երեւան գալու համար, նրա տիկինն է Երեւանից, ի դեպ, ծաղկային դիզայնի մասնագետ, որ ԱՄՆ-ում անցկացված ոլորտի հեղինակավոր մրցույթներում երկու անգամ մրցանակ է շահել: Գ. Բարդաքչյանի մյուս այցը Հայաստան էլի մոտակա ժամանակաշրջանի մեջ է` սեպտեմբերին բացվելու է Մատենադարանի նոր մասնաշենքը, եւ գիտաժողով կա` գալու է եւ երկուսին էլ մասնակցելու:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ