Գյուղացիները նույնպես կողմնորոշվում են շուկայական գներով
Երեւանի Արաբկիր վարչական շրջանում անցյալ կիրակի բացված գյուղմթերքների տոնավաճառը, որտեղ գյուղացիները պետք է իբր թե շուկայականից ցածր գներով, առանց վերավաճառողների իրենց արտադրանքը վաճառեին, ինչպես եւ կարելի էր ենթադրել, ձախողվեց: Մեծ է հավանականությունը, որ նույն ճակատագրին կարժանանան նաեւ մայրաքաղաքի այլ հատվածներում նման տոնավաճառներ կազմակերպելու գյուղնախարարության մյուս փորձերը եւս: Դա ունի իր պատճառները:
Նախՙ ի սկզբանե անհասկանալի էր, թե գյուղնախարարությունը ինչպե՞ս է կանխարգելելու վերավաճառողների մուտքը գյուղմթերքների տոնավաճառ, ինչպե՞ս է կասեցնելու նրանց եւ գյուղացիների միջեւ ապրանքի գնման համաձայնությունը, եթե, իհարկե, չի ցանկանում ոստիկանության միջամտությամբ դա անել: Գաղտնիք չէ, որ գյուղացիներին շատ ավելի ձեռնտու է փոքր-ինչ ցածր գնով վաճառել ապրանքը մեծաքանակ գնողին եւ վերադառնալ գյուղ, քան թե ամբողջ օրը կանգնել շուկայում եւ կիլոգրամ-կիլոգրամ վաճառել իր մթերքը:
Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ անգամ սեփական բերքը վաճառող գյուղացին կողմնորոշվում է շուկայական գներով, ամենեւին էլ չի ցանկանում ավելի էժան վաճառել եւ հնարավորության դեպքում (ասենք, օտարերկրացիներին ապրանք վաճառելիս) անգամ շուկայականից ավելի թանկ գին է ասում: Եթե, իհարկե, չի գտնվում ամբողջ բերքն ավելի էժան գնելու ցանկություն ունեցող, ինչի մասին արդեն նշեցինք: Դրա ապացույցները ոչ միայն մայրաքաղաքի գյուղմթերքների շուկաներում տեղի ունեցող այս գործընթացներն են, այլեւ մայրաքաղաքի փողոցներում հատուկենտ երեւացող գյուղմթերք վաճառողների գները: Նրանք նույնպես դեղձը վաճառում են 1 կգ-ն 500 դրամով, տանձըՙ 600 դրամով եւ այդպես շարունակ: Այսինքն, այն գներով, ինչ գներով դրանք կարելի է ձեռք բերել միրգ-բանջարեղենի կրպակից կամ խանութից: Փողոցներում միրգ վաճառողներին գինը իջեցնել չի դրդում անգամ այն հանգամանքը, որ կարող են նրանց արգելել ապրանքի բացօթյա վաճառքը:
Ինչ վերաբերում է վերավաճառողներին եւ տարածված կարծիքին, թե նրանք մի քանի անգամ ավելի թանկ գնով են վաճառում իրենց գնած ապրանքը: Վերավաճառողներն էլ տարբեր են: Նրանց մի մասը գործում է մարզերում, շրջում գյուղերով, գյուղացիներից գնում բերքը, տեղափոխում Երեւանի շուկաներ եւ «բիրիք» վաճառում: Բնական է, որ նրանք պետք է հնարավորինս թանկ գնով վաճառեն, որպեսզի գյուղեգյուղ ընկնելու իրենց ծախսերը ծածկեն եւ շահույթ ստանան: Մյուս կողմից էլ նրանք չեն կարող այնքան թանկ վաճառել, որ դառնան ոչ մրցակցային եւ իրենց ապրանքը քաղաքում ոչ ոք չցանակա գնել, քանի որ, ինչ-ինչ, բայց գյուղթմերքների շուկան իսկապես մրցակցային է, քանի որ այստեղ գործում են հարյուրհազարավոր գյուղացիական տնտեսություններ: Առավելագունը նրանք կարող են ոչ թե մեծաքանակ եւ ավելի էժան վաճառել, այլ կիլոգրամներով եւ փոքր-ինչ ավելի թանկ: Փոքր-ինչ, այլ ոչ թե մի քանի անգամ: Ասենք, եթե Երեւանի շուկայում արկղով վաճառվող դեղձի 1 կգ-ի գինն արժե 400 դրամ, ապա նույն դեղձի մանրածախ վաճառքի գինը կազմում է մոտ 450 դրամ:
Վերավաճառողների մյուս խումբն էլ Երեւանի խանութների եւ առեւտրային այլ օբյեկտների սեփականատերերն են, որոնք շուկաների մեծաքանակ վաճառողներից գնում են ապրանքը եւ քաղաքի տարբեր հատվածներում գտնվող իրենց օբյեկտներում վաճառում: Ընդ որում, նրանց վաճառքի գները շատ հաճախ այնքան մոտ են լինում շուկայի մանրածախ վաճառքի գներին, որ ավելի շահավետ է լինում այդ օբյեկտներից գնումներ կատարել, քան թե շուկա գնալ:
Փաստորեն, գյուղացիներին վերավաճառողները ոչ միայն չեն խանգարում, այլ նաեւ շահավետ է նրանց գոյությունը: Ավելին, մթերող կազմակերպություններին իրենց բերքը հանձնող գյուղացիներից շատերը դժգոհում են, որ չկա մի միջնորդ կազմակերպություն, որը գնի իրենցից բերքը եւ հանձնի մթերողներին, որպեսզի իրենք ժամանակ չկորցնեն ամբողջ օրը գործարանների մոտ հերթ կանգնելով: Սա եւս մեկ անգամ փաստում է այն անվիճարկելի ճշմարտությունը, որ գյուղացին պետք է զբաղվի ոչ թե վաճառքով, այլ բերք ստեղծելով:
Իսկ որպեսզի գյուղացիները կարողանան բերքը հանձնել իրենց համար նախընտրելի գներով, քաղաքի բնակիչներն էլ կարողանան գնել դրանք մատչելի գներով, գյուղնախարարությունը պետք է լուծի գյուղատնտեսության գլխավորՙ բերքատվության բարձրացման խնդիրը: Այն տարիներին, երբ, օրինակ, ծիրանի կամ դեղձի բարձր բերք ենք ունեցել, դրանց 1 կգ-ը վաճառվում էր 100 դրամով, եւ գյուղմթերքների տոնավաճառների անհրաժեշտության մասին ոչ ոք չէր հիշում: Գյուղնախարար Սերգո Կարապետյանի գործելաոճը թեեւ շահեկանորեն տարբերվում է նրան նախորդող նախարարների գործունեությունից, բայց գյուղմթերքների տոնավաճառների նրա նախաձեռնությունը ջրաղացների դեմ դոնքիշոտյան անիմաստ պայքար է հիշեցնում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ