«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2011-08-20 | #146, 2011-08-23 | #147, 2011-08-24


ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ. ԾՈՎԻՑ ԾՈՎ «ԱՐՄԵՆԻԱ»

Հ. ԱՖՅԱՆ

Իսկական նավապետ, նավաստիներ, բոցման, կոկ, եւ այդ բոլորը` իսկական առագաստանավից: Սա արկածային գրականությունից մեջբերում չէ ամենեւին. 2009-ի մայիսի 28-ին իսպանական Վալենսիա քաղաքից ծով դուրս եկած եւ 2011-ի օգոստոսի 5-ի գիշերը Սուեզի ջրանցքով Միջերկրական ծով վերադարձած հայկական դրոշի գույներով առագաստով «Արմենիա» առագաստանավի անձնակազմը երեկ «Հենարան» մամուլի ակումբում վերհիշում էր կատարած շուրջերկրյա ճանապարհորդությունը:

Ի դեպ, նավի ամբողջ անձնակազմին կարելի է տալ «էլիտար ծովագնացներ» անվանումը. նրանք երկրորդ փորձից հաղթահարել են Հորն հրվանդանը, ինչը միջնադարում անհնար էր թվում: Գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, որի «ճանապարհրդական հրապարակումներին» մեր թերթի ընթերցողները ծանոթ են, նշեց, որ իրենք գնացել են «Սփյուռքի ճանապարհներով». «Երկու տարի առաջ նախագահ Սարգսյանին մենք խնդրեցինք, որ ինքն անձամբ գծի մեր երթուղին, եւ այժմ մենք հենց այդ ճանապարհից ենք վերադառնում: Անցանք երեք օվկիանոս, 5 մայրցամաք, ընդհանուր առմամբ 42 հազար մղոն տարածություն, ինչը հավասար է երկու անգամ հասարակածն ամբողջությամբ անցնելուն», ասաց Բալայանը: Ճանապարհորդության ողջ ընթացքում հայ նավաստիները եղել են աշխարհի լրատվամիջոցների ուշադրության ներքո եւ խաչ տեղադրել Հորն հրվանդանին: «Նախքան մեկնելը մենք ունեինք այս նպատակը: Եվ Բուենոս Այրեսի մերձակա հայաշատ գյուղերից մեկի հայկական եկեղեցում տեսանք բրոնզե խաչը: Այս գյուղի հայ բնակիչների պատմական` հայրենի գյուղը ամբողջովին այրվել է Ցեղասպանության տարիներին: Մենք վերցրեցինք այդ խաչը եւ մեծ դժվարություններով կարողացանք տեղադրել Հորն հրվանդանին` ի հիշատակ երկրագնդի բոլոր ժամանակների անմեղ զոհերի հիշատակին: Մակագրությունը հինգ լեզուներով էր, այդ թվում` հայերեն, սակայն մենք հետո իմացանք, որ մի շարք այլ ազգեր իրենց լեզուներով եւս մակագրություններ են տեղադրել», նշեց Զորի Բալայանը:

Նավապետ Սամվել Կարապետյանը շատ տպավորված էր Նոր Զելանդիայի հայ համայնքի հետ հանդիպումից. «Բավական նոր համայնք էր, միահամուռ, կազմակերպված, զգացմունքային: Երկար տարիներ ունենալով հայրենիքի կարոտը, նրանք տեսան հայրենակիցների հայկական դրոշով նավի մեջ», նշեց Կարապետյանը:

«Որտեղ կա 40 հայ, հայկական եկեղեցին պատրաստ է», շարունակեց Զորի Բալայանը` ընդգծելով, որ իրենք հայկական եկեղեցիներ են տեսել նաեւ այն երկրներում, որոնք քրիստոնյա չեն: Բալայանը հիշեց հայկական եռագույնով առագաստի տեղադրումը Լոս Անջելեսի նավահանգստում. «Ամբողջը տեղի էր ունենում հավաքված հայության (եւ ոչ միայն) աչքի առաջ: Երբ բացվեցին սկզբից նարնջագույնը, կապույտը, կարմիրը...ամենուր հուզմունքից արցունքներ էին...»:

Հանդիպած դժվարություններից անձնակազմը հատկապես առանձնացրեց համաշխարհային խնդիր դարձած ծովահենության գործոնը: Հնդկական օվկիանոսում «Արմենիա»-ին խորհուրդ են տվել Աֆրիկայի հարավով կրկին մտնել Ատլանտյան օվկիանոս եւ անցնելով մտնել Միջերկրական ծով. «Սակայն մեզ ասացին, որ Մադագասկարի մերձակայքը եւս անվտանգ չէ. ծովահենները այդ ճանապարհն էլ էին վերահսկում, մենք անպայման ցանկանում էինք անցնել Սուեզի ջրանցքը, քանի որ ուզում էինք լինել նաեւ Եգիպտոսում», ասաց Զորի Բալայանը: Ի վերջո «Արմենիան» «ծովահենային գոտին» անցել է ուղեկից նավերի օգնությամբ. «Ծովահենությունը լուրջ գլոբալ խնդիր է դարձել, որն անհրաժեշտ է անհապաղ լուծել», արձանագրեցին նավաստիները:

Նավապետ Կարապետյանը ճանապարհորդությունը կարեւորեց հատկապես 3 առումով. «Նախ` սա պատմական ուղեւորություն էր, աշխարհի բոլոր անկյուններում, ուր եղանք, հայ տեսանք»: Իհարկե, նաեւ սպորտային նշանակություն ուներ, բացի սրանից` սա լուրջ բիզնես խթան կարող է լինել մեր երկրի համար, քանի որ շատերը, մեր նավով ու իր անվամբ իմացան Հայաստանի մասին», ասաց Կարապետյանը: Իր հերթին Զորի Բալայանը ընդգծեց, որ ճանապարհորդությունը «ոչ մի լումայով» չի ֆինանսավորվել պետությունից. «Նավը ձեռք ենք բերել 600 հազար եվրոյով` բարերարների օգնությամբ, սակայն ի՞նչ արժեն այն ֆոտո եւ տեսանյութերը, արձանագրությունները, որ մենք բերել ենք մեզ հետ, մեր տեղադրած խաչը Հորն հրվանդանին», ասաց Բալայանը: Նավի բոցման Բարսեղյանը, որը նաեւ Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչ է, ընդգծեց. «Մենք շարունակելու ենք աշխարհին ներկայացնել մեր դրոշը: Այժմ բացված ունենք դպրոցներ, որտեղ սովորում են երեխաներ»:

Երեկ «Արմենիա»-ի անձնակազմը հանդիպելու էր նախագահ Սարգսյանին` հանձնելու ծովից ծով անցած ՀՀ պետական դրոշը, իսկ օգոստոսի 26-ին անձնակազմը կմեկնի Ստեփանակերտ` նախագահ Սահակյանին հանձնելու նույն ճանապարհն անցած ԼՂՀ պետական դրոշը. ի՞նչ պակաս հայկական երազանք է, իրականացված եւ դեռ իրականանալի երազանք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4