«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2011-08-20 | #146, 2011-08-23 | #147, 2011-08-24


«ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԱՅԵՐԸ» ԳՐՔԻ ՀԵՂԻՆԱԿՆ ՈՒՆԻ ԲՈԼՈՐ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ

Բելմոնտի (Մասաչուսեթս) «Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի» (ՆԱԱՍՐ) կենտրոնում վերջերս կայացած հանդիպման ժամանակ, Նենսի Գալայճյանի հաղորդմամբ «Արմինյն միրոր սփեքթեյթր», գրող դոկտ. Սյուզան Պատին ներկայացրել է իր նորՙ «Ովքե՞ր են հայերը» խորագրով գիրքը, նպատակաուղղված հատկապես 5-12 տարեկան երեխաներին: «Բայց գրքի ձեւավորումն ու մատչելիորեն շարադրված բացատրություններըՙ 16 բաժիններում հետաքրքրությամբ կարդացվում են նաեւ մեծահասակների կողմից», գրում է Գալայճյանը իր գրախոսականում, ավելացնելով, որ այդ բաժինները ներառում են նաեւ լուսանկարներ ու գործնական խաղեր ինչպես զվարճանքի, այնպես էլ մտավոր զարգացման համար նախատեսված: Խաղերից մեկն, օրինակ, հետապնդում է «գտնել արմատները»ՙ ովքե՞ր են ծնողները, որտեղի՞ց են եկել եւ այլն: Մյուսըՙ նշել իրենց երկրում կամ Սփյուռքի այլ վայրերում ապրող հեղինակավոր հայերի անունները: Երրորդըՙ ծանոթանալ տարբեր երկրների հասակակիցների հետ եւ այլն: Գիրքը, որը հագեցած է նաեւ համապատասխան խտասալիկով (CD), ներկայացնում է ընթերցողներին նաեւ հայկական ավանդական ճաշատեսակներ, խաղեր, երգեր ու պարեր: «Մի խոսքով, այս գիրքը հայտնագործություն է բոլոր նրանց համար, ովքեր նոր են մուտք գործում հայկական միջավայր, կամ ցանկանում են վերհիշել անցած-գնացած օրերը», գրում է Գալայճյանը:

«Ովքե՞ր են հայերը» («Who are the Armenians?») գիրքը հրատարակվել է Լոնդոնի Հայկական ինստիտուտի կողմից, իսկ Մ. Նահանգներում այն կարելի է ձեռք բերել ՆԱԱՍՐ-ի միջոցով:

Ավելացնենք, որ հեղինակըՙ դոկտ. Սյուզան Պատին (Susan Pattie) մշակութային մարդաբանության գծով իր դոկտորականը պաշտպանել է Միչիգանի համալսարանում եւ նրա նախորդ 1997-ին հրատարակված գիրքը կրում էր «Հավատք պատմության նկատմամբ: Հայերը վերակառուցում են համայնքներ» խորագիրը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4