Դիմումներն ու տեղեկատվության տրամադրումը հնարավոր կլինեն նաեւ էլեկտրոնային տարբերակով
Մի քանի տարի առաջ Հայաստանում, պետական ծառայություններից առաջինը անշարժ գույքի կադաստրի համակարգում իրականացվեցին բարեփոխումներՙ ներդրվեց «մեկ պատուհանի» համակարգը, նվազեց պաշտոնյա-բնակիչ շփումը, պարզեցվեցին կատարվող գործընթացները, նվազեցին դրանց դիմաց վճարումները եւ կրճատվեցին դրանց իրականացման ժամկետները: Սակայն համակարգի կատարելագործումը պահանջում է շարունակել բարեփոխումները, համընթաց գնալ ժամանակի պահանջներին, ինչի անհրաժեշտության մասին համապատասխան քաղաքականություն է մշակվել կառավարության կողմից:
Թե ինչպե՞ս են շարունակվելու բարեփոխումներն այստեղ, ի՞նչ կտան դրանք համակարգի հետ շփվող քաղաքացիներին եւ կազմակերպություններին, հարցրեցինք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կառավարման ավտոմատացման համակարգերի վարչության պետ Արման Պետրոսյանին:
Ըստ Արման Պետրոսյանի, նախ եւ առաջ, անշարժ գույքի կադաստրի համակարգում, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման առումով, Հայաստանը զիջում է այն երկրներին, որոնց փորձը ուսումնասիրել են մեր մասնագետները: Այդ երկրներն են Նիդեռլանդները, Լիտվան, Վրաստանը: Դա հնարավորություն է տալիս այդ երկրների բնակիչներին մատուցել առցանց որակյալ ծառայություններ, վերացնելով նրանցՙ կադաստրի կոմիտե այցելելու անհրաժեշտությունը: Իսկ ընդհանրապես Հայաստանի անշարժ գույքի կադաստրի համակարգում բարեփոխումների հայեցակարգով նախատեսված են բարեփոխումների երեք ուղղություններ:
Առաջինը ինստիտուցիոնալ բարեփոխումներ են, որոնք, մասնավորապես, ենթադրում են սպասարկման գրասենյակների ստեղծում: Քաղաքացիներն իրենց դիմումները կներկայացնեն այդ գրասենյակներ, որոնք կլինեն չեզոք մարմիններ գործառույթներ իրականացնողի, այսինքն կադաստրի համակարգի եւ քաղաքացիների միջեւ: Փաստորեն, մեր զրուցակցի հավաստմամբ, վերացվում է քաղաքացի-պետական պաշտոնյա շփումը: Բացի դրանիցՙ վերացվում է դիմումների ներկայացման կամ պատասխաններ ստանալու տարածքային սահմանափակումը: Քաղաքացին դիմումը կարող է ներկայացնել կադաստրի մի ստորաբաժանումից եւ, սեփական ցանկությամբ, պատասխան ստանալ մեկ այլ ստորաբաժանումից:
Հաջորդը գրանցման գործընթացի պարզեցումն է: Եթե նախկինում յուրաքանչյուր գործարքից հետո գույքի գրանցման համար նոր տեղազննություն էր կատարվում, ապա այժմ, եթե գույքը գրանցված է 1998-ից հետո եւ փոփոխություն չի կատարվել, նոր տեղազննություն չի կատարվելու: Մեկ այլ փոփոխությամբ էլ, զավթված հողամասի առկայության դեպքում օրինական գույքի գրանցումը չի մերժվելու:
Բարեփոխումների երկրորդ ուղղությունը, ինչպես արդեն նշվեց, վերաբերում է համակարգի ավտոմատացմանը: Ինչպես հայտնեց Արման Պետրոսյանը, այն ենթադրում է ներդնել անշարժ գույքի կադաստրի եւ գույքային իրավունքների ռեգիստրի վարման ամբողջովին ավտոմատացված համակարգ: Այսինքն, փաստաթղթաշրջանառությունը կվարվի էլեկտրոնային եղանակով, կստեղծվի էլեկտրոնային տեղեկատվական համակարգ, արխիվ: Դրա շնորհիվ, արդեն 2012-ից, քաղաքացիները հնարավորություն են ունենալու կադաստրի կոմիտեի կայքի միջոցով ներկայացնել իրենց դիմումները համապատասխան ստորաբաժանումներ, հետեւել իրենց դիմումի ընթացքին, ստանալ իրենց հետաքրքրող հարցի պատասխանը: Երբ վերջնականապես ձեւավորվի կադաստրային տվյալների միասնական էլեկտրոնային բազան, արդեն հնարավոր կլինի այդ ծառայությունները առցանց մատուցել: Օրինակՙ պահանջվող տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ հաշվված վայրկյանների ընթացքում, իսկ պետական մարմիններում կամ այլ կառույցներում (սոցիալական ծառայություններ, բանկեր, նոտարներ) քաղաքացիներից անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով տեղեկանքներ չեն պահանջվի, քանի որ նրանք կարող են այդ տեղեկատվությունը ստանալ առցանց:
Բարեփոխումների երրորդ ուղղությունն էլ իրավական օրենսդրական փոփոխություններն են, որոնք պետք է ապահովեն բարեփոխումների առաջին եւ երկրորդ ուղղությունները: Դրանք, կոմիտեի կառավարման ավտոմատացման համակարգերի վարչության պետի տեղեկացմամբ, հիմնականում կատարված են:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ