Իսկ Հնդկաստանից միս ներմուծվում է միայն մեր երկրի ներկայացուցչի թույլտվությամբ
Գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը երեկ «Հայելի» ակումբում անդրադարձավ Հայաստանի անասնապահության ոլորտի կացությանը: Ըստ փոխնախարարի, այս տարվա առաջին 7 ամիսների տվյալներովՙ աճել է կենդանիների գլխաքանակը եւ համապատասխանաբար կենդանական մթերքների արտադրությունը, բացառությամբ ձվի: Նրա ներկայացրած տվյալներով, խոշոր եղջյուրավորների գլխաքանակն ավելացել է 1600-ով, մանր եղջյուրավորներինըՙ 23500-ով, խոզերինըՙ 3500-ով: Դրան զուգահեռՙ կաթի արտադրությունն այդ ընթացքում ավելացել է 3 հազար տոննայով եւ կազմել 400 հազար տոննա, մսինըՙ 1500 տոննայով եւ կազմել 53 հազար տոննա, իսկ ձվինը նվազել է 20 տոկոսով եւ կազմել 380 մլն ձու: Ձվի արտադրության նվազումը Գրիշա Բաղյանը բացատրեց անցյալ տարի արձանագրած գերարտադրությամբ, որի պատճառով արտադրողները կորուստներ կրեցին եւ նույնը թույլ չտալու համար մորթեցին հավերի որոշակի գլխաքանակ:
Հայաստանում դաբաղ հիվանդության վերաբերյալ տրված հարցերին պատասխանելովՙ գյուղատնտեսության փոխնախարարն ասաց, որ Հայաստանում այդ հիվանդություններից կենդանիների անկման դեպքեր չեն եղել: Նա հայտնեց, որ հիշյալ հիվանդությունը տարածված է հարեւան երկրներում, եւ նրա մուտքը Հայաստան կանխարգելելու համար իրականացվել են հակահամաճարակային միջոցառումներ: Միաժամանակ, Գրիշա Բաղյանը փաստեց, որ եղել են կենդանիների անկման դեպքեր, բայց այլ հիվանդություններից:
Խոսելով մսի եւ կաթի գների բարձրացման մասին, գյուղատնտեսության փոխնախարարն ասաց, որ դա արդյունք է միջազգային գների բարձրացման: Մասնավորապես, կաթնամթերքի միջազգային գինն աճել է 20 տոկոսով, Հայաստանումՙ 7-8 տոկոսով, մսինըՙ 15 տոկոսով, Հայաստանումՙ 11,5 տոկոսով:
«Ազգի» հարցն առնչվում էր Հնդկաստանից Հայաստան ներմուծվող գոմեշի մսին, որի անվտանգության վերաբերյալ մեկ-երկու տարի առաջ կառավարությունում եղան քննարկումներ, վարչապետի կողմից տրվեցին հրահանգներ: Մեր հարցին, թե ինչպիսի՞ն է վիճակն այժմ, գյուղատնտեսության փոխնախարարը պատասխանեց, որ ներկայումս Հնդկաստանում գործող 5 ընկերություններից է միայն թույլատրված միս ներմուծելՙ այնտեղ գտնվող Հայաստանի ներկայացուցչի թույլտվության դեպքում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ