ՀՀ սփյուռքի նախարարությունը նախաձեռնել է եւ անցկացնում է «Սփյուռքյան համայնքների օրեր Հայաստանում» ծրագիրը: Այդ ծրագրի անդրանիկ միջոցառումների շարքը նվիրված է Իրանի հայկական համայնքին: Ծրագրի նպատակն է հայաստանյան հասարակությանն ավելի ճանաչելի դարձնել մեր սփյուռքյան հայկական համայնքները, ակտիվացնել շփումները տարբեր բնագավառներում:
«Հայաստանում Իրանի համայնքի օրեր» միջոցառումների շարքը նախորդ օրը մեկնարկեց Երեւանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կազմակերպված «Ալիք» օրաթերթի 80-ամյա հոբելյանական երեկոյով: Իրանում գործող միակ օրաթերթի հոբելյանի առիթով իր շնորհավորական խոսքն էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, պետական այրեր, մտավորականներ, հյուրեր: Ներկաներին ողջունեց եւ «Ալիք» օրաթերթին ու նրա խմբագրակազմին շնորհավորեց նախարար Հրանուշ Հակոբյանը եւ նախարարության պատվոգրով պարգեւատրեց «Ալիք» օրաթերթի արտոնատեր Ալբերտ Աճեմյանին: Իսկ ներկայիս խմբագրապետ Դերենիկ Մելիքյանը «սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, Հայաստան-Սփյուռք գործակցության եւ կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի, Իրանի հայ համայնքի բարգավաճման եւ «Ալիք» օրաթերթի հոբելյանի կապակցությամբ», արժանացավ նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալին:
Հանդիսության ընթացքում ելույթներ ունեցան եւ թերթի անցած ուղու մասին մանրամասներ պատմեցին «Ալիքի» արտոնատեր Ալբերտ Աճեմյանը, նախկին խմբագիրներ Էդվարդ Երիցյանը, Սեդա Դավթյանը եւ Նորայր Էլսայանը: Ազգանվեր գործունեության համար հոբելյարներին շնորհավորեցին Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, ԻԻՀ-ում ՀՀ-ի նախկին դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը: Երեկոյի ընթացքում ընթերցվեցին նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ՀՅԴ «Դրօշակ» պաշտոնաթերթի գլխ. խմբագիր Ռուբեն Հովսեփյանի ողջույնի ու շնորհավորական ուղերձները:
«Ալիք» օրաթերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանը խմբագրակազմի անունից շնորհակալություն հայտնեց սփյուռքի նախարարությանը, թերթի հոբելյանը մայր հայրենիքում մեծ շուքով նշելու համար եւ նախարար Հրանուշ Հակոբյանին հանձնեց օրաթերթի շնորհակալագիրը: Հանդիսությունն ավարտվեց մշակութային մասով:
Երեկ, «Ազգը» հյուրընկալեց պրն Դերենիկ Մելիքյանին, շնորհավորեց սփյուռքի նախարարության բարձրագույն պարգեւին արժանանալու եւ օրաթերթի 80-ամյակի կապակցությամբ ու զրուցեց մի շարք հարցերի շուրջը: Պրն. Մելիքյանն ասաց, որ Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձը համընկավ «Ալիքի» 80-ամյա հոբելյանի հետ: «Վերջապես իրականացավ մեր թերթի երազանքըՙ մայր հայրենիքում նշել հոբելյանը: «Ալիքի» հիմնադրման օրվանից, ընթացքը մշտապես եղել է կայուն, հիմնական նպատակըՙ ազգային արժեքներին հավատարիմ»:
Սկզբնական շրջանում «Ալիքը» եղել է շաբաթաթերթ, հետագայում եռօրյա, իսկ 1941-ից առ այսօր օրաթերթՙ 3000-3500 տպաքանակով: Օրաթերթը տասնամյակներ շարունակ, որպես սփյուռքի օրաթերթ, առաքվում է 40 հայկական գաղութներ, համայնքներ: Հայաստանի անկախության հռչակումից հետո «Ալիքը» առաքվել է նաեւ Հայաստան, Արցախ եւ Ջավախք: Այժմ օրաթերթը ինտերնետով տարածվում է ու թերթի 8 հոգանոց անձնակազմը համալրվում է աշխարհի տարբեր երկրներից թղթակիցներով, որոնք անհատույց հոդվածներ են գրում տարբեր բնագավառներից: Ինչպես նշում էր պրն. Մելիքյանը, օրաթերթի 8 էջերում զետեղվում են ոչ միայն իրանական համայնքին վերաբերող նյութեր, այլ նաեւ աշխարհաքաղաքական իրավիճակի ու նաեւ Հայաստանից ստացված բոլոր բնագավառներից լուրեր, նյութեր: «Չնայած, որ «Ալիքը» Իրանի ՀՅԴ-ի շրջանի օրգանն է, նշեց խմբագիրը, բայց քաղաքականացված չէ, զուտ կուսակցության պատվեր չի կատարում: Թերթի էջերում բազմազան նյութեր են զետեղվում բոլոր միությունների, գաղթօջախների, մարզամշակութային միությունների մասին»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ