Ախուրյանի բնակչության մասին ամենաստույգ պատկերացումը կարելի է ստանալ հարսանիքներից, որտեղ հարսանքավորի 10 տոկոսն է տղամարդ: Ախուրյանցի տղամարդկանց մեծ մասը դրսում է, ռուսաստաններում. ձմռանը մի երկու ամսով գալիս են, դեռ գարուն չմտած` չվում-գնում են: Կան ընտանիքներով մեկնածներ, բայց առավելաբար` տղամարդիկ են գնում աշխատելու: Ախուրյանի բնակչության վերաբերյալ պաշտոնապես արտասանված թիվը` 10 հազար, երբ ախուրյանցիների մոտ ասում էինք, դառը ծիծաղ էր հարուցում: Այդ թիվը մեր հարցին ի պատասխան ասել էր Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանը: Ըստ Իգիթյանի` Ախուրյանում ամենաէականը բնակարանային պրոբլեմն է: Նա 1996 թվականից համայնքապետ է եւ ասում էր, թե այն ժամանակի համեմատ` պրոբլեմները փոխվել են: Համեմատելու չէ 1996 թվականի հետ. «96 թվականին չենք ունեցել քարաշեն դպրոց, տնակային դպրոցներ են եղել երկրաշարժից հետո, էսօր ունենք բավական հարմարավետ քարաշեն դպրոցներ` լոկալ ջեռուցումներով: 1999-2001 թթ. սարքվել է առաջին դպրոցը, 2003 թվականին` երկրորդ դպրոցը սոցներդրումների հիմնադրամի միջոցներով, վերջերս շահագործման հանձնվեց ավագ դպրոցի նոր մասնաշենքը: Մոտավորապես հազարից ավելի աշակերտ ունենք»:
Այս գյուղում, փաստորեն, մյուս գյուղերի համեմատ` զբաղմունքը շատ է: Վերջերս կառուցվել է նաեւ շաքարի գործարանը, որ մոտ 1000 աշխատատեղ է ապահովում (չնայած ախուրյանցիք ասում էին, որ այդ հազարից մի երեսուն մարդ էլ ախուրյանցի չէ, բացի այդ էլ` գործարանը մի շաբաթ աշխատում, մի ամիս կանգնում է, հումք չկա, դրսի հումքով աշխատելն, ասում են, շահավետ չէ): Շինարարական կազմակերպություններ կան, կաթի գործարան, որը ոչ լրիվ հզորությամբ է աշխատում: Կարի գործարանը վերջին տարիներին չի աշխատում` պատվեր չունենալու պատճառով: Մարզին սպասարկող հիմնարկ-ձեռնարկություններ կան տեղակայված Ախուրյանի տարածքում (մարզպետարանի շենքում)` ոստիկանության բաժինը, սոցծառայությունը, հարկայինի մասնաճյուղը եւ այլն, որոնց աշխատակիցների 50 տոկոսը տեղացիներ են: Համայնքապետն ասում էր` արտագնա աշխատանքի մեկնողները տարեցտարի պակասում են` երեւի վիճակը լավանալու պատճառով, աշխատունակ տղամարդիկ, կանայք հիմնականում տարածքում են: Ախուրյանցիք հակառակն էին ասում` չեն պակասում, մեկնում են, քանի որ ընտանիք պահել չի լինում, ժամանակին գնացածներն էլ համայնքի հաշվառումից դուրս չեն եկել, լինում է նաեւ, որ ընտրությունների ժամանակ ցուցակներում իրենց մեռած հարազատի անվանն են հանդիպում. «Վերջերս նաեւ երկրի նախագահը այս հարցը բարձրացրեց. ես չէի ասի, որ Ախուրյանն առանձնանում է արտագաղթի տեմպերով, չէի ասի, որ Ախուրյանից ավելի շատ են արտագաղթում, քան մեկ այլ տարածքից, քանի որ Ախուրյանը բավականին հարմար բնակավայր է` հարթավայր է, բերրի վարելահողերով, 1500 հեկտար սեփականաշնորհված ջրովի վարելահողեր ունենք, շատ մարդիկ են աշխատանքին զուգահեռ նաեւ գյուղատնտեսությամբ զբաղվում: Հարուստ գյուղ չեմ համարում, որովհետեւ իրոք հարուստ գյուղ չէ` լավ տարածք լինելով հանդերձ, աղքատ էլ չէ: Տարածքում մուրացիկներ չկան` մյուս տարածքների հետ համեմատ, սա եւս ցուցանիշ է»:
Համայնքապետը նշում էր, որ պետական մակարդակով էլ Ախուրյանում մեծ ծրագրեր են իրականացվում, օրինակ` բնակարանային շինարարություն է սկսվել, մոտ 105 բնակարան է կառուցվում անօթեւանների համար, որոնք հաջորդ տարի սեպտեմբերին նախատեսված է շահագործման հանձնել:
Ախուրյանի բյուջեն 160 մլն դրամի սահմաններում է, որի սահմաններում, համայնքապետի խոսքով, բավականին լուրջ սպասարկում է կազմակերպված. համայնքի ենթակայության մոտ երեք մանկապարտեզ կա, համալիր մարզադպրոց` երկու մարզադահլիճով, մեծ գրադարանային համակարգ է գործում` 70 հազար կտոր գրականությամբ, կոմունալ ծառայությունն է համայնքի ենթակայության, արվեստի դպրոց կա. «Տարեկան 30-40 մլն դրամի շրջանակում կարողանում ենք որոշակի ծրագրեր իրականացնել` ներդրումային եւ փոքր: Յուրաքանչյուր ներդրումային ծրագիր, որ հետաքրքրում է համայնքին, խրախուսում ենք, այդ ծրագրերում 10-30 տոկոս ներդրում կարող ենք կատարել: Ոռոգման ջրագծեր ենք անցկացրել` նաեւ մեր մասնակցությամբ, երկրորդ դպրոցի կառուցմանն ենք բավական մասնակցություն ունեցել»: Համայնքապետը նաեւ ոգեւորված էր խմելու ջրագծի ողջ ցանցի վերակառուցմամբ, որն այս տարի ավարտվելու է (միջազգային կազմակերպության ծրագիր է):
Գյուղ մտնելիս տեսանք, որ ճանապարհն ասֆալտում են, բայց հետո հասկացանք, որ դա բուն գյուղի ներքին ճանապարհների հետ կապ չունի` նորոգվում է Գյումրի-Ախուրյան-Ջրառատ ճանապարհի հատվածը (Համաշխարհային բանկի միջոցներով), որը համայնքի միջով է անցնում 4 կմ: Իսկ գյուղի ճանապարհները նույն փոշոտ եւ անձրեւի ժամանակ ցեխոտ ու անբարեկարգն են, երբեմն փորձ է արվում համայնքի միջոցներով դրանք կարգի բերել, բայց այդ գործը շատ ծախսատար է:
Ժողովուրդը բազմաթիվ դժգոհություններով է դիմում համայնքապետարան` կենցաղային հարցերից սկսած, ընտանեկան-ամուսնական վեճերով վերջացրած, բայց, իհարկե, հիմնական խնդիրները վերաբերում են սոցիալական վիճակին: 182 ընտանիք բնակարանի կարիք ունի, 21 ընտանիք արդեն մերժվել է, քանի որ ավելի վաղ կա՛մ բնակարանային բարելավում է ստացել, կա՛մ ընտանիքից մարդ է պակասել` մահացել են, մնացածինը ընթացքի մեջ է:
«Մարզպետարանում վերջին անգամ ի՞նչ հարց եք բարձրացրել», մեր հարցին ի պատասխան` Իգիթյանը նկատեց. «Էնքա~ն խնդիրներ կան. Նոր Ախուրյան կտրված բնակավայր ունենք, մոտ երեք կիլոմետր համայնքից հեռու է, այնտեղ ճանապարհը խնդիր է, ինչը համայնքի ուժերով չենք կարող կառուցել»:
Ախուրյանում շատ երեւացող հարուստներ չկան, կան մարդիկ, որոնք մանր բիզնեսով են զբաղվում` բավական խանութներ կային, սակայն այդ խանութների աշխույժ առեւտրին խանգարում է Գյումրիի մոտիկ լինելը. 100 դրամով տաքսին տանում է Գյումրի, որտեղ մեծ սուպերմարկետներում ընտրությունն ավելի մեծ է, իսկ ապրանքների գները` 20-30 դրամով ավելի էժան: Այն պահին, երբ Երեւանում բալը 600 դրամից չէր իջնում, Ախուրյանում եւ Գյումրիում կիլոգրամը 100-150 դրամով կարելի էր բալ գնել, սմբուկն ու լոլիկը անգամ 80 դրամ արժեին` Երեւանի այդ պահի 250 դրամ արժեքի դիմաց: Այնուամենայնիվ` ախուրյանցին դժվար է գտնում այդ դրամները. մանր բիզնես, որ ասում են` օրվա հաց է ապահովում: Անասուն պահելու համար նպաստավոր պայմաններ չկան` վարելահողեր կան, որոնք նպաստավոր են գյուղատնտնտեսական մթերքների արտադրության համար, բայց եկամտաբեր չէ այլ բան մշակելը` համարյա միայն հացահատիկային մշակաբույսեր են աճեցնում: Ախուրյանցիները հաշվեցին, որ աճեցրած ցորենը շատ ավելի թանկ է նստում, քան եթե ալյուր գնեն խանութից: Իրացնելու խնդիր չկա կարծես` Գյումրին մոտ է. Գյումրիին կպած լինելը Ախուրյանի համար ինչ-որ տեղ լավ է, ինչ-որ տեղ էլ` չէ: Եթե մի քիչ ավելի կտրված լիներ կենտրոնից` գյուղի առեւտուրն ու գյուղմթերքի արտադրությունն ավելի կզարգանային, խանութներն ավելի լավ կգործեին:
Ախուրյանում տասը տարի առաջ եղած մարդը, սակայն, մեծ տարբերություն չի զգա, եթե հիմա այցելի: Մեծ գյուղ, ավելի նման փոքր քաղաքի` մարդիկ ավելի շատ հակված են աշխատանք ունենալ, քան հողի հետ հույս կապել, չնայած ամեն տուն վարելահողերի իր հեկտարներն ունի ու եթե չի կարողանում վարել` վարձով տալիս է, կարողացողն է վարում-ցանում: Տնամերձերում, սակայն, համարյա բոլորն աճեցնում են բանջարեղենի իրենց ընտրանին, մի երկու ծառ` խնձորենի, բալենի: Երեկոյան եթե չոր է եւ ամառային շոգ օրվա ավարտ, ախուրյանցիք զբոսնում են իրենց անբարեկարգ փողոցներում, հովանում-վերադառնում: Սակայն մեծ մասամբ զբոսնելու ժամանակ չունեն` որը տնամերձում է, որը հացահատիկի դաշտում: Սակայն երիտասարդներից շատերը տներում նոր հետաքրքրություն ունեին` ինտերնետն ու «Օդնոկլասնիկը», եւ անպայման նայում էին լրատվական կայքերը, որը հաճելիորեն զարմացրեց: Գյուղ մտնելիս էլի նախ Սովետի ժամանակների նման եւ այն ժամանակ կառուցված ծավալապաշտական մարզպետարանին ես դեմ առնում (նախկինում շրջկոմի շենքն էր), հետո անցյալը հիշեցնող մի աշխատավորուհու արձանի, ու նորությունը Ախուրյան մտնելու ճանապարհի եւ գյուղի գլխավոր ճանապարհի երկու կողմերի խանութներն են: Մարդիկ, չնայած բազմաթիվ խնդիրներին, այնպես խեղճ չեն թվում, ինչպես մեր սահմանամերձ կամ հեռավոր գյուղերում` ինչ-որ թեթեւություն կա նրանց պահվածքում, հումոր` խոսվածքում, անհուսության կամ անելիանելիության ոչ մի ստվեր: Դա չի նշանակում, որ նրանք ավելի լավ են ապրում կամ պակաս են քննադատում գյուղի ղեկավարությանը, ուղղակի մեծ գյուղում եւ լավն է շատ, եւ վատը կա, Գյումրիի մոտ լինելն էլ մի բան ավելացնոււմ է հույսին` շատերն ամեն օր Գյումրի են գնում աշխատանքի, իսկ ախուրյանցի տղամարդկանց ռուսաստաններից ուղարկած դրամն իր պտույտն է անում եւ օգնում ախուրյանցիներին չկորցնել կենսուրախությունը:
Ամեն տարի Ախուրյանում հարյուրից ավելի երեխաներ են առաջին դասարան գնում. «Ախուրյանն ունի գործող լավ նախակրթական համակարգ` երկու նախակրթարանները բոլոր չափանիշներին համապատասխան են, մեկն է, որ նորոգման կարիք ունի, ունենք լավ կրթական համակարգ, երեք միջին դպրոց, մեկ ավագ դպրոց, մեկ վարժարան: Մարզում փաստորեն չորս ավագ դպրոց կա, որից մեկն Ախուրյան համայնքում է: Ունենք լավ առողջապահական համակարգ` մեկ պոլիկլինիկական ծառայություն ունենք, մեկ ստացիոնար հիվանդանոց, երկուսը միասին առողջության կենտրոն են դարձել, մարզի պրակտոլոգիայի կենտրոնը նաեւ Ախուրյանում է: Բացի սրանից` ՀՕՄ-ի մոր եւ մանկան կենտրոնն է այստեղ, որը մինչեւ օրս ՀՕՄ-ը ֆինանսավորում եւ աջակցում է, դրան կից մի երկու-երեք տարի առաջ կառուցվեց նաեւ ծննդատունը. բավականին հաջողված, լուրջ կենտրոն է, լոկալ ջեռուցումով, հիվանդասենյակների հարմարավետ կոմունալ հարմարություններով, վիրահատարանով, վիրակապարանով եւ բարձրակարգ սարքավորումներով: Մամոգրաֆիայի եւ համակարգչային (տոմոգրաֆիա) հետազոտման սարքավորումներ եւս կան (Ֆրանսիայից բերված): Այս կենտրոնը միայն Ախուրյանին չի սպասարկում, այլ նաեւ տարածաշրջանի գյուղերին: Ախուրյանի ծննդատանը նաեւ Գյումրիից են ծննդաբերում», իր ղեկավարած գյուղի պատմությունն ավարտում է համայնքապետ Իգիթյանը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ