«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2011-08-24 | #148, 2011-08-25 | #149, 2011-08-26


«ՌՈՒՍԻ, ՓԱՐՍԻ, ԷՐՄԱՆԻ... ԱԶԱՐԲԱՅՋԱՆ ԴՈՒՇՄԱՆԻ»

Մի քանի ամիս առաջ Բաքվի փողոցներում բողոքի ակցիաների մասնակիցների հիմնական կանգառը Ադրբեջանում Իրանի եւ ՌԴ դեսպանատներն էին: Ցուցարարներն ունեին պաստառներ` «Ռուսի, փարսի, էրմանի` Ազարբայջան դուշմանի» մակագրություններով: Բորբոքված ադրբեջանցիները պահանջում էին Ռոսաստանից եւ Իրանից` «դադարել օգնել Հայաստանին»: Եթե հասկանալի է, թե ինչո՞ւ է Հայաստանը Ադրբեջանի «դուշմանի», ապա փորձենք հասկանալ` Թեհրանը ու մանավանդ Մոսկվան ինչո՞ւ հայտնվեցին Հայաստանի կողքին:

Երբ Ադրբեջանի ռազմական դոկտրինում Իրանը համարվեց Ադրբեջանին առաջին սպառնալիքը, ու այդ մասին տեղեկացրին հայկական լրատվամիջոցները, Բաքվում սկսեցին հակառակն «ապացուցող» փաստեր հրապարակել` փաստորեն հերքելով իրենց իսկ ռազմական դոկտրինը: Սակայն, որոշ ժամանակ անց, երբ Ադրբեջանում արգելվեց հիջաբը, ձերբակալվեցին «Իսլամիստանական կուսակցության» անդամներ, Իրանը ամրացրեց Ադրբեջանի սահմանի վերահսկումը, որտեղ օրեր առաջ անգամ կրակոցներ հնչեցին` սահմանախախտների ուղղությամբ, ամեն բան, կարծես պարզ դարձավ: Իրանական լրատվամիջոցները հանկարծ հիշեցին, թե ինչպես ԽՍՀՄ փլուզումից հետո «ադրբեջանցիները վրաններով Իրանի սահմանին էին եւ ցանկանում էին միանալ վերջինիս հետ», ինչպես է Ադրբեջանը սեփականացնում իրանական մշակույթը, պատմությունը եւ գործիչներին, իսկ որպես այս ամենի վերահաստատում` գեներալ Ֆիրուզաբադին «սեւ ապագա» կանխորոշեց Իլհամ Ալիեւի համար: Մի ուշագրավ հանգամանք եւս. երբ Բաքվում Իրանի դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին փորձում էր «իրանական ձեւով» հերքել գեներալի հայտարարությունը, Մոսկվայում Իրանի դեսպանը ասուլիսում հայտարարեց. «Թեհրանը շնորհակալություն է հայտնում Ղարաբաղի կառավարությանը` Շուշիի մահմեդական մզկիթը վերակառուցելու համար»: Այս նախադասության «Ղարաբաղի կառավարություն» մասը անմիջապես իրանա-ադրբեջանական նոր «լեզվակռիվների» տեղիք տվեց: Հատկանշական է, որ Իրանը դեռեւս ոչ մի խողովակով չի անդրադարձել ՌԴ-ում իր դեսպանի այս ձեւակերպմանը: Այս ամենին գումարենք նաեւ, որ «Իլհամ Ալիեւը քանիցս մերժել է Իրան այցելելու բազմաթիվ հրավերներ», ինչպես կոնկրետացնում է իրանական «թաբնաք.իռ» կայքը` «օրինակՙ վերջին Նովրուզի տոնին մասնակցելու հրավերը, Ալիեւը ոչ միայն մերժեց, այլեւ Իրան գործուղեց վարչապետի որերորդ տեղակալին»: Հիշեցնենք` «վերջին Նովրուզը» հենց այն տոնակատարությունն էր, երբ Իրանի նախագահի հրավերը` Թեհրան այցելելու, ընդունեց ՀՀ նախագահը: Փաստորեն Բաքուն, ի դեմս Թեհրանի, տեսնում է իր անվտանգության համար սպառնալիք, այսինքն` այդ մասին արդեն իսկ գրված է Ադրբեջանի ռազմական դոկտրինում:

Եթե ապացույցները քիչ են, ապա անդրադառնանք երկու զուգահեռաբար հնչած հայտարարությունների: Նախ` երեկ Իրանի դատական իշխանության նախկին ղեկավար այաթոլլահ Հաշեմի Շահրուդին Իրանի խորհրդարանի «Իսլամական արթնություն» խմբակցության անդամների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց. «Նկատի ունենալով տարածաշրջանային զարգացումները` այսօր մենք այլեւս չենք ցանկանում «Իսլամական հանրապետություն» հասկացությունը սահմանափակել միայն Իրանով, այլ փորձում ենք իսլամը վերականգնել ամբողջ աշխարհում»: Հատկանշական է, որ տեղեկությունը իրանական պետական Fars գործակալությունից է, այլ կերպ ասած` «պաշտոնական Թեհրանի դիրքորոշումն է»: Իսկ ավելի վաղ ադրբեջանական «Ազադլիգ»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի «բոլոր ժամանակների առաջին խորհրդական» Վաֆա Գուլուզադեն նշեց. «Իրանը երբեք ոչինչ հենց այնպես չի անում. այդ երկիրը ցանկանում է Ադրբեջանում իսլամական հանրապետություն ստեղծել: Հենց սրանով է պայմանավորված մեր երկրում իսլամական տարբեր խմբավորումների ակտիվացումը, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի հայտնի հայտարարությունը: Մի խոսքով` Թեհրանը կրոնն օգտագործում է քաղաքականության մեջ, իսկ որպես առաջին թիրախ դիտարկում են Ադրբեջանը»: Ահա եւ Բաքվի համար սպառնալիք առաջին երկիրը, համենայն դեպս` համաձայն Ադրբեջանի ռազմական դոկտրինի: Չմոռանանք նաեւ Իրան-Ադրբեջան տարակարծությունը Կասպից ծովի կարգավիճակի հարցում:

«Ռուսական վտանգ»-ին անդրադառնալովՙ մեջբերենք ադրբեջանցի քաղաքագետ Հիքմեդ Հաջիզադեին, որը զրուցել է «Ազադլիգի»-ի հետ: Հաջիզադեն, խոսելով ԼՂ հիմնահարցի շուրջը տիրող իրավիճակի մասին, վերհիշում է օգոստոսի 9-ին Սոչիում կայացած Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումը: Հաջիզադեն հատկապես մեջբերում է ՌԴ նախագահի խոսքերը. «Մենք Ալիեւի հետ անկեղծ զրուցեցինք»: «Սա հստակ ընդգծված հակաադրբեջանական մեսիջ է, որը նշանակում է, որ ՌԴ նախագահը եւս մեկ անգամ անձամբ Ալիեւին ընդգծել է պատերազմի անթույլատրելիության մասին», շեշտում է ադրբեջանցի քաղաքագետը: Իսկ թե որքանո՞վ է դժգոհ վերադարձել Սոչիից Իլհամ Ալիեւը, նույնպես պարզաբանում է Հաջիզադեն. «Սեպտեմբերի 3-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ երկրների հոբելյանական գագաթաժողովին Ադրբեջանը գործուղում է վարչապետ Արթուր Ռասիլզադեին, այնինչ, եթե Սոչիում շեշտադրումներն այլ լինեին, Ալիեւն անձամբ կմեկներ Դուշանբե», վստահեցնում է Հաջիզադեն: Անշուշտ այս ամենը չի նշանակում, որ Բաքվում` մանավանդ ամենաբարձր հարթակներում, Մոսկվային դիտարկում են` որպես թշնամու, սակայն այն, որ Ադրբեջանում դժգոհ են Մոսկվայի` Մինսկի խմբում համանախագահությունից, բայց միեւնույն ժամանակ «վախենում են», միանշանակ է: Այս վերջինն էլ ապացուցում է Հաջիզադեն. «Ռուսաստանն ունի հարյուրավոր միջոցներ` կործանելու Ադրբեջանը, եւ այդ երկրում ապրում են շուրջ 2 մլն ադրբեջանցիներ», ընդգծում է ադրբեջանցի քաղաքագետը: Չմոռանանք նաեւ, որ Իլհամ Ալիեւն անձամբ ոչ միայն Ռուսաստանին, այլեւ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներ ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային հաճախ է անվանում «Հայաստանի բարեկամներ»: Այս համայնապատկերում ստեղծվում է բավական հետաքրքրական իրավիճակ: Եթե, ըստ Բաքվի, Մինսկի խմբի համանախագահությունում «Հայաստանի բարեկամներն են», հետեւաբար` «նրանք երբեք ճնշում չեն գործադրելու Հայաստանի նկատմամբ», բացի սրանից` «Իրանը նույնպես... Ազարբայջան դուշմանի», ապա ի՞նչ է պատրաստվում անել Բաքուն, ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից: Այս հարցին «Ազադլիգ»-ի էջերում պատասխանում է Վաֆա Գուլուզադեն. «Անհրաժեշտ է ռազմական միություն կազմել Թուրքիայի հետ, որից հետո երկու երկրները պետք է հայտարարեն համադաշնության ստեղծումը: Ավելին ոչինչ պետք չէ: Սա կլինի լուրջ ազդանշան Իրանի համար, որը երբեք չի դիպչի էլ մեզ, քանի որ կհանդիպի Ադրբեջան-Թուրքիա միությանը»: Իհարկե Գուլուզադեն մոռացել է միանգամից մի քանի բան. նախ` ինչպես կնայի այս ամենին Մոսկվան, երբ ադրբեջանական զորքերը` ռուսական զենքով ու C-300-ով, միանան Թուրքիայի ՆԱՏՕ-ական զորքին: Երկրորդ` ինչպե՞ս է այս ամենին նայում ԵՄ ձգտող եւ Արեւմուտքի պահանջով Հայաստանի հետ վաղ թե ուշ մերձենալու ստիպված Թուրքիան, եւ երրորդ` ինչերի՞ է պատրաստ եւ ի՞նչ կանի Թեհրանը տարածաշրջանում անցանկալի թուքական գործոնը մեծացնելը թույլ չտալու համար: Թերեւս այս ամենը, եւ ոչ միայն, հաշվի առնելով` Մոսկվայի պետական համալսարանի «Հետխորհրդային երկրների վերլուծության» կենտրոնի տնօրեն Իսմայիլ Աղակիշեւը ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին նշել է. «Թուրք-ադրբեջանական համադաշնության ստեղծման գաղափարը կարող է լինել լոկ անձնական բնույթի, ինչը, ըստ իս, ոչնչով հիմնավորված չէ: Տարածաշրջանում սցենարի նման զարգացումը չի մտնում ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի քաղաքական ուրվագծերում»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4