«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2011-08-25 | #149, 2011-08-26 | #150, 2011-08-27


ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆԸ` ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին փոխարինելու է ֆրանսիացի դիվանագետ Ֆիլիպ Լեֆորթը, որ, ըստ պաշտոնական հաղորդագրության, 2011թ. սեպտեմբերից մինչեւ 2012-ի հունիս կներկայացնի ԵՄ շահերը մեր տարածաշրջանում: Լեֆորթը նաեւ կլինի ԵՄ հատուկ ներկայացուցիչը Վրաստանում ճգնաժամի հարցերով: Այդպիսով, Լեֆորթը փոխարինելու է ոչ միայն Փիթեր Սեմնեբիին, այլեւ Պիեռ Մորելին:

«Ես ուրախ եմ, որ Ֆիլիպ Լեֆորթն է նշանակվել այս կարեւոր պաշտոնում», հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: Նա ընդգծել է, որ Լեֆորթը տարածաշրջանի մասին խոր գիտելիքներ ունի եւ տարածաշրջանում ամենաբարձր մակարդակով աշխատանքի տարիների փորձ: «Վստահ եմ, որ նա իդեալական թեկնածու է, նա կբարձրացնի ԵՄ դերն այդ զգայուն տարածաշրջանում», ասել է Էշթոնը:

Ներկայացուցչի մանդատը ներառում է տարաշաշրջանում կառավարությունների, խորհրդարանների, քաղաքական այլ կարեւոր խաղացողների, դատական եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ կապերի զարգացումը, համագործակցության խրախուսումը տարածաշրջանի երկրների շրջանում ընդհանուր հետաքրքրության եւ անվտանգության ընդհանուր սպառնալիքների շուրջը` ահաբեկչության դեմ պայքարի, թմրանյութերի անօրինական շրջանառության, կազմակերպված հանցագործության հարցերում, ինչպես նաեւ միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն հակամարտությունների խաղաղ լուծման խթանումն ու ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Մինսկի խմբի հետ սերտ համագործացությամբ դրանց կարգավորման իրագործումը:

Ֆիլիպ Լեֆորթը դիվանագիտության 20-ամյա փորձ ունի, երկար տարիներ զբաղվել է Հարավային Կովկասի եւ Ռուսաստանի հարցերով, եղել է Ֆրանսիայի դեսպանը Վրաստանում (2004-2007), ինչպես նաեւ Ռուսաստանում Ֆրանսիայի փոխդեսպան: 2010-ից Լեֆորթը աշխատել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունում` մայրցամաքային Եվրոպայի գլխավոր վարչության ղեկավարի պաշտոնում:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4