«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2011-08-25 | #149, 2011-08-26 | #150, 2011-08-27


ԱԴԵԼԻՆԱ ԱՎԱԳԻՄՅԱՆԸ, ՆԱՐԳԻԶ ԳԱԶԻՆ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՐԿՆՔԻ ԱՍՏՂԵՐԸ

Վերջին օրերին հայ-ադրբեջանական «քարոզչական ռազմաճակատում» բավական ուշագրավ երեւույթ արձանագրվեց: Ստեփանակերտցի դպրոցական, 13-ամյա Ադելինա Ավագիմյանը նամակ հղեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` «Ինչո՞ւ եք ուզում նվաճել իմ հայրենիքը» հարցումով: Ալիեւի աշխատակազմից արցախցի դպրոցականին պատասխանեցին: Ադելինայի նամակի եւ նրա պատասխանի մասին շատ է խոսվել, այդ թվումՙ մեր թերթում, սակայն երեւույթը ուշագրավ չէր լինի, եթե շարունակություն չունենար: Օգոստոսի 25-ի ամսաթվով Ադելինային նամակ ուղարկեց Բաքվի արվեստի գիմնազիայի 8-րդ դասարանի աշակերտուհի` ապագա դաշնակահար 13-ամյա Նարգիզ Գազին: Նամակը ամբողջությամբ հրապարակել է Armenia.az հայալեզու կայքը, ինչպես իրենք են վստահեցնում` առանց որեւէ փոփոխության: Հավատանք, մեր մայրենիով քարոզչություն տարածող (ինչն ընդօրինակելի է, ի դեպ-Հ. Ա.) Armenia.az-ին եւ խոսենք մի քիչ...Ղարաբաղի գիշերային երկնքի աստղերի մասին:

Ինչպես հիշում ենք` Ադելինան Իլհամ Ալիեւին ուղղված նամակում գրում էր. «Ես ծնվել եմ Ստեփանակերտում: Սիրում եմ իմ երկիրը, քանի որ Ղարաբաղը իմ հայրենիքն է, ես այստեղ եմ ծնվել ու այստեղ եմ ապրում, այստեղ են ծնվել իմ հայրիկը, մայրիկը, իմ պապիկներն ու տատիկները: Նրանց պապերն ու տատերը նույնպես այստեղ են ծնվել...»: Ադելինայի այս տողերին Նարգիզը պատասխանում է. «Քո նամակից ես հասկացա, որ մենք քեզ հետ միասին ընդհանուր շատ բան ունենք. ես նույնպես 13 տարեկան եմ, իմ ծնողները` պապիկս ու տատիկս, նրանց ծնողները նույնպես ծնվել եւ ապրել են Ղարաբաղում (իմ նախապապը եղել է Շուշայի (Շուշիի-Հ. Ա.) փոխմարզպետը...»: Նախքան այս տողերը գրելը Նարգիզը նշում է, որ ինքը «հենց այսօր (օգոստոսի 25-ին-Հ Ա.) է կարդացել Ադելինայի նամակը` ուղղված նախագահ Իլհամ Ալիեւին, եւ աչքի անցկացրել այլ գրառումներ եւս»: Հիշելով իր կարդացած «որոշ այլ գրառումների մասին»` Նարգիզը նշում է. «Որոշ գրառումներում ասված է, որ քո նամակը դու չես գրել, այլ քո անունից` ինչ-որ մեկը: Կան նաեւ ոմանք, որոնք քո նամակը համեմատում են Սամանտա Սմիթ անունով ամերիկացի աշակերտուհու նամակի հետ` ուղղված ԽՍՀՄ ղեկավարին: Նա նույնպես 13 տարեկան էր, նա նույնպես նամակ էր գրել մի պետության ղեկավարի», այս տողերից հետո Նարգիզն ընդգծում է. «Բայց ես հավատացի, որ նամակը ինքդ ես գրել: Դրա համար էլ գրում եմ քեզ այս նամակը»: Փաստորեն, անկախ ամեն ինչից, երկու 13-ամյա աղջնակները կարողացել են ձեռք բերել այնՙ ինչը չեն կարողանում «մեծերը». իրար հավատալ, լավ է...անցնենք առաջ:

Ադելինայի այս բառերին` «Գիշերը նայում եմ երկնքի աստղերին եւ մտածում` տեսնես մեզնից այդքան հեռու ուրիշ մոլորակ կա՞, թե ոչ, այնտեղ մարդիկ ապրո՞ւմ են... Ես ուզում եմ, որ բոլորս լավ ապրենք, պրոբլեմներ չունենանք եւ երջանիկ լինենք», Նարգիզը պատասխանում է. «Դու նույնպես ռոմանտիկ ես, սիրում ես նայել աստղերին: Դու նույնպես անտարբեր չես քեզ շրջապատող աշխարհին, չես սիրում պատերազմ եւ սիրում ես հայրենիքը»: Ստեփանակերտցի 13-ամյա Ադելինան եւ նույն տարիքի բաքվեցի Նարգիզը` «չեն սիրում պատերազմ եւ սիրում են հայրենիքը», ավելինՙ նրանք երկուսն էլ մեծերից գիտեն, որ «պատերազմը շատ վատ բան է եւ երբեք չեն ցանկանում տեսնել այն». «Համոզված եմ` ադրբեջանցի ոչ մի երեխա նույնպես չի ցանկանում տեսնել պատերազմ», ընդգծում է Ադելինան իր նամակում, ինչը հիմա արդեն հաստատում է Նարգիզը իր նամակում: Այնուհետեւ վերջինս խոսում է իր եւ Ադելինայի «տարբերությունների» մասին. «Նախ եւ առաջ այն, որ դու ապրում ես Ղարաբաղում: Ես նույնպես կարող էի ծնվել եւ ապրել Ղարաբաղում, սակայն դա չստացվեց: Այսօր դու հնարավորություն ունես հիանալու հայրենիքով: Կարող ես զբոսնել Ղարաբաղի տեսարժան վայրերում եւ խմել աղբյուրի ջրից: Ես չունեմ նման հնարավորություն` դեռ: Ես հավատում եմ, որ աստղերը, որոնց Ղարաբաղում դու նայում ես, ավելի գեղեցիկ ու պայծառ են»: Թե ինչո՞ւ Նարգիզը չունի հնարավորություն «խմելու Ղարաբաղի աղբյուրի ջրից», այն էլ` դեռ, պարզաբանում է հենց ինքը. «Պատճառն այն է, որ քո հայրը եւ մյուս հայերի հայրերը, որոնք եկել էին Հայաստանից եւ աշխարհի բոլոր ծայրերից, գրավեցին քաղաքը եւ իմ ծնողներին, պապիկիս ու տատիկիս եւ այլ ազգականներիս արտաքսեցին իրենց հայրենի հողերից»: Սա արդեն վտանգավոր է` ու վտանգավոր է հենց Նարգիզի համար: Աղջիկն ինքը շեշտում է, որ` նախքան Ադելինային պատասխանելը` «կարդացել է այլ գրառումներ եւս», ինչը նշանակում է, որ 13-ամյա Նարգիզն ընկել է ադրբեջանական քարոզչամեքենայի ճիրանները: Նորից կարդանք Ադելինային. «Մեծերից, տարբեր մարդկանցից լսել եմ, թե ինչպես է ամեն ինչ եղել: Արցախցիները խաղաղ ցույցի էին դուրս եկել եւ ուզում էին, որ Արցախը միանա Մայր Հայաստանին, որովհետեւ Ադրբեջանը մեզ համար օտար երկիր է, եւ մեր հողը 70 տարի առաջ Ստալին անունով մի ղեկավար դիտմամբ տվել էր Ադրբեջանին: Իսկ ձեր հայրենակիցները ի պատասխան դրաՙ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, այլ քաղաքներում սկսել են հայերին կոտորել ու վտարել իրենց տներից...»: Հուսանք, որ 13-ամյա Նարգիզը մի օր կորոշի ինքնուրույն ուսումնասիրել պատմությունը, ինքնուրույն դիրքորոշումներ ու կարծիքներ կազմել: Դրա հույսը, դատելով Նարգիզի հետեւյալ տողերից, կա. «Չնայած վերապրած աղետներին` իմ ընտանիքը չի սովորեցնում ինձ ատելություն: Կարծում եմ, որ դու զգում ես, որ այս նամակում ես քո նկատմամբ որեւէ ատելություն չեմ տածում», հավատա՞նք Նարգիզին, իհարկե. չէ՞ որ նա ընդամենը 13 տարեկան է ու դեռ ամեն լավ բան ունի առջեւում:

Վերջում Նարգիզը պատմում է իր երազանքի մասին. «Սովորում եմ արվեստի գիմնազիայի դաշնամուրի դասարանում: Ես ուզում եմ գրել երաժշտություն: Մի անգամ, երբ վերադառնամ Ղարաբաղ, ես նաեւ քեզ համար կկատարեմ այդ երաժշտությունը, որը կկոչվի «Ղարաբաղի սերը»: Ես վստահ եմ, որ մենք դեռ ունենք հնարավորություն` միասին հայրենիք ստեղծելու, որը կարող է ապշեցնել ու զարմացնել ողջ աշխարհին», եզրափակում է Նարգիզն իր նամակը` խնդրելով Ադելինային` «մինչ իր վերադարձը Ղարաբաղ խնայել Ղարաբաղը...»:

Մենք ունենք երկու 13-ամյա աղջնակներ, որոնք երկուսն էլ «սիրում են Ղարաբաղը», որոնք երկուսն էլ «չեն ուզում պատերազմել», որոնք «մի շարք ընդհանուր բաներ ունեն», եւ ամենակարեւորը` երկուսն էլ «միմյանց հավատում են»: Գրելով «Խնայիր Ղարաբաղը մինչեւ իմ վերադարձը...»` Նարգիզը ընդգծում է, որ «ինքն անպայման վերադառնալու է», իսկ ո՞վ է դեմ, մանավանդ, երբ ինքըՙ Նարգիզը, մեկ այլ տեղում շեշտում է. «Ես վստահ եմ, որ մենք հնարավորություն ունենք դեռ միասին ստեղծելու հայրենիք, որը կարող է ապշեցնել աշխարհին»: Ի՞նչ է սա նշանակում, այն, որ Ադրբեջանը ամենեւին էլ Նարգիզի հայրենիքը չէ, հակառակ պարագայում նա «հայրենիք ստեղծելու» կարիք չէր ունենա, այն էլ հայուհի Ադելինայի հետ: Ու ո՞վ կասի, որ 13-ամյա Նարգիզի, որը սովորում է Բաքվի երաժշտական գիմնազիայում, խոսքերը շատ ավելի կարեւոր չեն Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի շրջանավարտ Իլհամ Ալիեւի դիրքրոշումից, կամ հայտարարություններից. չէ՞ որ այո` իր հայրենիքի նվաճումը թույլ չտվող Ադելինան եւ իր հայրենիք ոչ թե նվաճել, այլ վերադառնալ ցանկացող Նարգիզը միասին պետք է ապրեն իրենց հայրենիքում, որն ամենեւին էլ Ադրբեջանի հանրապետություն չէ` փաստորեն:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հ. Գ.- Ի դեպ, ուշագրավ կլիներ, ասենք, Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ` սեպտեմբերի 2-ին, կազմակերպել Ադելինայի եւ Նարգիզի հանդիպումը «աղբյուրի մոտ», բայց պայմանով, որ` երկու աղջնակներն էլ այդ օրը հնարավորություն ունենան հիանալու «հայրենիքի գիշերային երկնքի աստղերով»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4