Գները շարունակում են մնալ առանց էական փոփոխությունների
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2011-ի հուլիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 13960 գործարք, ինչը 17,7 տոկոսով ցածր է նախորդ ամսվաՙ հունիսի համեմատ եւ 2,2 տոկոսով բարձրՙ 2010-ի հուլիսի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը հուլիսին հունիսի համեմատ նվազել է 10,1 տոկոսով, իսկ անցյալ տարվա հուլիսի համեմատ աճելՙ 1,7 տոկոսով: 3830 օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 73,7 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39,8 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:
Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 66,6 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2011-ի հունիսի համեմատ, հուլիսին բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 13,7 տոկոսով, իսկ նախորդ տարվա հուլիսի համեմատ աճելՙ 1,7 տոկոսով:
Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հուլիսին հունիսի համեմատ աճել ենՙ 0,4 տոկոսով: Ըստ վարչական շրջաններիՙ Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.
Վարչական շրջաններ | Միջին գները (դրամ) հուլիս 2010թ. | Միջին գները (դրամ) հուլիս 2011թ. | Միջին գները (դրամ) հունիս 2011թ. |
Կենտրոն | 472000 | 440200 | 441000 |
Արաբկիր | 389000 | 344600 | 342000 |
Քանաքեռ-Զեյթուն | 294400 | 262500 | 262700 |
Նոր Նորք | 240400 | 226300 | 223800 |
Ավան | 245800 | 240400 | 236700 |
Էրեբունի | 253000 | 240000 | 234400 |
Շենգավիթ | 257900 | 223800 | 227000 |
Դավթաշեն | 274100 | 260400 | 261400 |
Աջափնյակ | 237400 | 224800 | 225600 |
Մալաթիա-Սեբաստիա | 247000 | 225700 | 221100 |
Նուբարաշեն | 147800 | 146400 | 148700 |
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից) | 278100 | 257700 | 256800 |
Մարզերում, բացառությամբ Երեւանի, հուլիսին վաճառվել են 309 բնակարաններ, որոնց քանակը հունիսի համեմատ նվազել է 6,4 տոկոսով, իսկ 2010-ի հուլիսի համեմատՙ 4,9 տոկոսով: Բնակարանների միջին գները մարզերում մայիսի համեմատ աճել են 0,4 տոկոսով:
Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հուլիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 188 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը 141 հազար դրամ է կազմել, Աբովյանումՙ 140 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 128 հազար դրամ, Իջեւանը 125 հազար դրամ, Գորիսըՙ 122 հազար դրամ, Մասիսը 114 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:
2011-ի հուլիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 371 գործարք, որից 94-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը 2011-ի հունիսի համեմատ նվազել է 21,7 տոկոսով, իսկ մարզերումՙ 3,1 տոկոսով: 2010-ի հուլիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 7,8 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած 12,9 տոկոսով: Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2011-ի հուլիսին հունիսի համեմատ գրեթե մնացել են անփոփոխ (աճել են 0,1 տոկոսով): Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.
Վարչական շրջաններ | Միջին գները (դրամ) հուլիս 2010թ. | Միջին գները (դրամ) հուլիս 2011թ. | Միջին գները (դրամ) հունիս 2011թ. |
Կենտրոն | 488200 | 459200 | 461000 |
Արաբկիր | 404800 | 374100 | 372200 |
Քանաքեռ Զեյթուն | 297000 | 272100 | 274000 |
Նորք-Մարաշ | 287400 | 283200 | 284100 |
Ավան | 256000 | 243700 | 242900 |
Էրեբունի | 263000 | 245600 | 241600 |
Շենգավիթ | 269200 | 235500 | 237000 |
Դավթաշեն | 288100 | 274800 | 274900 |
Աջափնյակ | 251300 | 236900 | 238200 |
Մալաթիա Սեբաստիա | 255100 | 233900 | 231100 |
Նուբարաշեն | 149100 | 150100 | 149900 |
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից) | 291700 | 273600 | 273400 |
Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները հուլիսին հունիսի համեմատ աճել են 0,6 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում ենՙ 1 քմ-ն 309 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատն է 1 քմ-ն 160 հազար դրամ, երրորդը Աբովյանը, որտեղ 1 քմ-ն կազմել է 147 հազար դրամ: Ապա գալիս են Իջեւանըՙ 134 հազար դրամ, Աշտարակը 132 հազար դրամ, Գորիսը 131 հազար դրամ, Նոր Հաճնըՙ 127 հազար դրամ 1 քմ դիմաց:
Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2011-ի հուլիսին 2010-ի հուլիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 7,7 տոկոսով, աճուրդով վաճառքներինըՙ աճել 12,3 տոկոսով: Ընդ որում, Երեւանում նվազել է 57,1 տոկոսով:
2011-ի հուլիսին 2011-ի հունիսի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 13,8 տոկոսով, իսկ 2010-ի հուլիսի համեմատ` 20 տոկոսով:
Իրականացվել են հիփոթեքային գրավադրման 188 գործարքներ, որից 145-ը` Երեւանում: Հիփոթեքային գրավադրման գործարքներից 79,3 տոկոսն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 11,2 տոկոսը` անհատական բնակելի տների, մնացածը հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2011-ի հունիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակ նվազել է 10,9 տոկոսով, ընդ որում, Երեւանումՙ 8,8 տոկոսով, իսկ մարզերում` 17,3 տոկոսով: 2010-ի հուլիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 19 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 19,8 տոկոսով, իսկ մարզերում` 16,2 տոկոսով:
Այսպիսով, հուլիսին Հայաստանի անշարժ գույքի շուկայում զգալիորեն կրճատվել են առուվաճառքի գործաքները, իսկ գները նախորդ ամսվա համեմատ գրեթե անփոփոխ են մնացել: Ինչպես նշել էինք հունիս ամսվա ցուցանիշները ներկայացնելիս, ամռան ամիսներին այս ցուցանիշները հազիվ թե էական փոփոխություններ կրեն աճի ուղղությամբ, ինչը եւ տեղի ունեցավ հուլիսին: Օգոստոսի ցուցանիշները նույնպես էական դրական փոփոխություններ չեն ունենա: Որոշակի աշխուժացում կարելի է ակնկալել աշնան կեսերից, պայմանավորված արտերկրից Հայաստան մտնող գումարների ծավալների ավելացմամբ: