«Արդշինիվեստբանկին» շնորհած վարկանիշները
Ինչպես տեղեկացանք «Արդշինիվեստբանկից», Moody՛s վարկանիշային գործակալությունը անփոփոխ է թողել բանկին շնորհած տեղական արժութային ավանդների Ba2 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետ, արտարժութային ավանդների Ba3 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետ, ինչպես նաեւ ֆինանսական կայունության ("BFSR") D- վարկանիշները:
«Արդշինինվեստբանկը» Moody՛s-ի սանդղակի D-BFSR չափանիշով, Ba3 վարկանիշներին արժանացել է կապիտալիզացիայի բարձր մակարդակի շնորհիվ, ինչպես նաեւ որպես Հայաստանի ամենամեծ մասնաճյուղային ցանց ունեցող բանկերից մեկը:
«Արդշինինվեստբանկի» վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գեւորգյանը նշեց. «Եթե հաշվի առնենք անցած տարիների տնտեսական բարդ իրավիճակը, ապա Moody's հեղինակավոր գործակալության վարկանիշների պահպանումը լավ գնահատական կարող եմ համարել բանկի համար, միաժամանակ անհրաժեշտ քայլ` դեպի կայուն զարգացում: Այս վարկանիշները մեզ հնարավորություն կտան ներգրավելու միջոցներ միջազգային կապիտալի շուկաներից, ինչպես նաեւ ավելի զարգացնելու մեր հարաբերությունները հին եւ նոր գործընկերների հետ»:
Ա. Մ.