«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2011-08-25 | #149, 2011-08-26 | #150, 2011-08-27


ԱԶԳԱՅԻՆ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱԶԳԱԴՐՈՇՄ

Օշականի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին ամառային այդ օրը փոքր-ինչ անսովոր էր, թեեւ Աստծո տաճարը երբեք սովորական չի լինում:

Եկեղեցուն կից գործող Խրիմյան վարժարանի 3-ամյա դասընթացն ավարտած սաներն այդ օրը Ազգադրոշմիՙ մեզ անծանոթ արարողությամբ էին օծվում: Խրիմյան կրթարանի դասընթացները արդեն տարիներ անցկացվում են եկեղեցու դպրանոցում, եւ որի նախաձեռնությունը Նյու Յորքիցՙ մանկավարժ, մեթոդիստ, բազմաթիվ դասագրքերի հեղինակ, հայապահպան գաղափարներով տոգորված Սիլվա Տեր-Ստեփանյանինն է, նա մշտապես ոգեւորությամբ հետեւում է ուսումնական ընթացքինՙ կրթական մեթոդների, ծրագրերի, դասագրքերի աջակցությամբ: Տնտեսական-ֆինանսական հոգածությունը ստանձնել է ամերիկահայ Նեկտար Սարգսյան-Մանրոն: 6-ամյա կրթությամբ իր տեսակի մեջ առանձնահատուկ այս վարժարանի գերխնդիրը մտածողությամբ անկաշկանդ, բանիմաց, բարեկիրթ հայ մարդու դաստիարակությունն էՙ ազգային արժանապատվության գիտակցումով: Տեղի հանրակրթական դպրոցի տարբեր տարիքի աշակերտներ շաբաթական մեկ օր (չորեքշաբթի) կամահոժար այցելում են Խրիմյան վարժարանՙ լրացուցիչ գիտելիքներ ստանալու Հայ ժողովրդի, հայ եկեղեցու պատմությունից, գրականությունից, նրանց ուսուցանվում են բարոյագիտություն, կենցաղավարություն, գեղարվեստ, ասմունք, համակարգչային գիտելիքներ են տրվում:

Ազգային մտածողությունը կարեւորագույնն է նկատվում եւ սեփական ժողովրդի, մշակույթի նկատմամբ հարգանքի, հպարտության զգացումըՙ որպես ապագա հայ քաղաքացու-ղեկավարի հիմնական արժանիք: Այս երեւույթը վավերացվում է եռամյա ուսուցման ավարտին սաներին Ազգադրոշմի վկայագրի տվչությամբ, որիՙ այս տարվա արարողությունը տեղի ունեցավ հունիսի կեսերին, եկեղեցու կամարների ներքո, հոգեւոր հատուկ արարողակարգով, որը կատարեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպս Պռոշյանը: 18 սաներ երկրին եւ Հայ առաքելական եկեղեցուն հավատարմության երդմամբ հանդես եկան եւ ստացան վկայագրեր: Տոնական տրամադրությունը շարունակվեց առաջնորդարանի դահլիճումՙ հյուրասիրությամբ: Ծնողներ, ուսուցիչներ կրթական այսպիսի մոտեցումը, հոգատարությունն իրենց երեխաների նկատմամբ համարեցին անհրաժեշտ եւ ոգեւորող գործոն: Ոգեւորված էր նաեւ Սիլվա Տեր-Ստեփանյանըՙ նրա շնորհավորական խոսքը զգացմունքային էրՙ շնորհակալությամբՙ ծնողներին, ուսուցիչներին, աջակիցներին, թեմական առաջնորդին, հանդիսությանը ներկա Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին, որը խնամակալություն է ստանձնելՙ մասնագետներով ապահովելու կրթարանում պարբերաբար կազմակերպվող տարաբնույթ հանդիպում-դասախոսությունները:

Վկայագիր ստացող փոքր տարիքի երեխաները գուցե այդ օրը շատ էլ չըմբռնեցին երեւույթի էությունը, սակայն սա ազգային դաստիարակության նախնական այն սաղմերից է, որ հետագայում իրենց ազդեցությունն ունենալու են, քանի որ հիշողության մեջ օրվա դրոշմը վստահաբար կմնա: Կրթարանի գործունեությունը գնահատելովՙ սաներին իր հայրապետական օրհնությունն էր հղել Գարեգին Բ կաթողիկոսը:

Հանդիսությանը ներկա Փառեն եպս Ավետիքյանը իրեն հատուկ դիտողականությամբ հետեւում էր արարողությանը. «Կխորհիմ, որ ոմանք թերեւս անտեղի համարեն, որ Հայաստանի մեջ հայ երախաներուն համար այս տեսակ արարողություն պիտի ըլլա, որպեսզի իրենք որպես հայեր հաստատվին: Սակայն Հայաստան ըլլա, թե ուրիշ երկիր, մեր ժողովուրդի ամեն զավակ պետք ունի հաստատվելու իր ազգային նկարագրի մեջ: Միակ նկատողությունս. ես չէի ուզեր այս տարիքի երախաներ ըլլային, այլ ավելի հասուն երիտասարդներ, որ հասկնան:

Մկրտվա՞ծ են իրենք, այո՛: Ասիկա մկրտության վրա ազգային մկրտություն է: Հոգ չէ, որ եկեղեցվո մեջ կպատահի: Սքանչելի է գաղափարըՙ Մաշտոցի գերեզմանի վրա. անիկա կհամադրե ազգայինը եւ կրոնականը միասնաբար»:

Մ. ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4