Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը բացատրություններ է պահանջել ընկերությունից
Շաքարավազի թանկացումից մի քանի օր հետո ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դրա պատճառների մասին բացատրություններ պահանջեց այս ապրանքի ներկրման մենաշնորհ ունեցող «Ալեք գրիգ» ընկերությունից: Դեռ հայտնի չէ, թե ինչ բացատրություններ է ներկայացրել այս ընկերությունը, իսկ հանձնաժողովը երեկ կաթնամթերքի գնի որոշակի թանկացման կապակցությամբ բացատրություններ է պահանջել «Աշտարակ կաթ» ընկերությունից: Համաձայն հանձնաժողովի կողմից առեւտրի կետերում կատարված դիտանցումների, թեեւ վերոնշյալ շուկայում կան մի քանի գերիշխողներ, սակայն, դրանցից թանկացել է միայն «Աշտարակ կաթ» ընկերության արտադրանքը: Այդ կապակցությամբ հանձնաժողովը որոշել է ուսումնասիրություն սկսել վերոնշյալ շուկայում:
Հանձնաժողովի տրամադրած հաղորդագրությունից տեղեկանում ենք նաեւ, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի տեղեկատվությունՙ իր կողմից արտադրվող կաթնամթերքի իրացման ծավալների վերաբերյալ, ինչպես նաեւ հիմնավորումներՙ շուկայում նկատվող գնային փոփոխություների վերաբերյալ: Հանձնաժողովը զուգահեռաբար տեղեկատվություն է պահանջել նաեւ խոշոր առեւտրի կետերիցՙ կաթնամթերքի ձեռքբերման գների վերաբերյալՙ պարզելու, թե իրացման ո՞ր օղակում է տեղի ունեցել գնաճը:
Ա. Մ.