Ֆիլմ հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասին
Գյումրու «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն» հասարակական կազմակերպությունը Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աջակցությամբ իրականացրել է հաշմանդամների հիմնախնդիրներին նվիրված «Ես կարող եմ լինել առաջին շարքերում» ծրագիրը, որի արդյունքը, նաեւ, կենտրոնի նախաձեռնությամբ ստեղծված համանուն վավերագրական ֆիլմն է: Վերջինիս ցուցադրությունը անցած շաբաթ օրը կազմակերպվել էր «Հոկտեմբեր» կինոթատրոնում, հաշմանդամության հիմնախնդիրներով զբաղվող կառույցների, կրթական եւ այլ հաստատությունների, ՀԿ-ների ներկայացուցիչների, շահառուների մասնակցությամբ:
Այսօր հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց մեծ մասը աշխատունակ տարիքի են, մնում են մեր հասարակության ամենախոցելի խմբերից մեկը: Նման խնդիր ունեցող բազմաթիվ երիտասարդներ, նույնիսկ ունենալով համապատասխան կրթություն, գիտելիքներ եւ կարողություններ, չեն կարող աշխատանք գտնել եւ ապահովվել սոցիալապես: Պատճառներից են հասարակության եւ երբեմն հենց իրենց` ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցողների շրջանում որոշակի նախապաշարումների առակայությունն ու իրազեկվածության պակասը նրանց իրավունքների, հնարավորությունների, նրանց աշխատանքի ընդունելու դեպքում գործատուներին տրամադրվող պետական աջակցության մասին: Ներկայացված կինոժապավենը, ինչ-որ չափով այդ բացը լրացնելով, պետք է նպաստի այս կարգի մարդկանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխությանը, նաեւ հաշմանդամ երիտասարդների ավելի համարձակ ինքնագնահատմանը, հասարակության մեջ նրանց ինտեգրմանը: Ֆիլմը նաեւ կտարածվի շահագրգիռ կառույցների ու կազմակերպությունների շրջանում, կցուցադրվի Գյումրու հեռուստաալիքներից մեկով, կտեղադրվի ՀԿ-ի կայքում եւ սոցցանցերում:
Գ. Մ.