«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2011-08-26 | #150, 2011-08-27 | #151, 2011-08-30


ՆԱԵՎ ՀԵՔԻԱԹ ՆՎԻՐԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Շիրակի մարզի օգոստոսյան մանկավարժական խորհրդակցությունից

Շիրակի մարզի հանրակրթության համակարգը լուրջ առաջընթաց ունի կրթության միջոցների ներդրման համարյա բոլոր ուղղություններում: Նոր ուստարվա շեմին տեղի ունեցած ավանդական օգոստոսյան մանկավարժական խորհրդակցությունում նշելով այս մասինՙ մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանը հայտարարեց, թե այսօր մարզը կրթության միջոցներով, դպրոցների շենքային պայմաններով, նյութատեխնիկական բազայի հարստությամբ գոնե համեմատելի է եվրոպական առաջատար կրթական համակարգ ունեցող երկրների հետ:

Իսկ ունե՞նք նշված երկրների հետ համեմատելի կրթության որակ: «Իրոք` չունենք: Այսօր ունենք հիմնական դպրոցի շրջանավարտ, որը չի ճանաչում Թամանյանին, Իսահակյանին, իսկ միաստիճան հավասարումը պատկերացնում է որպես «Տոտոյի» խաղաքարտ լրացնելու ինչ-որ ձեւ»,- ասաց կրթության վարչության պետը: Հետաքրքրական հետեւությունների տեղիք է տալիս այս կապակցությամբ նրա բերած հետեւյալ վիճակագրությունը: Անցյալ տարի մարզի հիմնական (իմա` իննամյա) դպրոցների շրջանավարտներից 826-ը դուրս են մնացել ուսուցումից: 6,5%-ը գնացել են ավագ դպրոց եւ վարժարան, 9,27%-ը կամ համարյա կրկնակի ավելին` քոլեջ եւ արհեստագործական դպրոց: Վերջին փաստի տրամաբանությունը, ըստ պրն Մինասյանի, շատ պարզ է: «Որովհետեւ կրթական միջավայրը, որին այդ աշակերտը սովոր է եղել, որտեղ ներկայանալի լինելու անհրաժեշտություն չկար, կար զրոյին մոտ մակարդակ, չի տարբերվում արհեստագործական դպրոցի կրթական մակարդակից: Կրթական միջավայրը նույնն է, եւ բնականաբար` հիմնական դպրոցի շրջանավարտներին այդ միջավայրը ձգում է»: Անշուշտ, ասվածը չի վերաբերում բոլոր նման կրթական հաստատություններին ու հատուկ օժտված աշակերտներին:

Բանախոսի վկայությամբ` մեզ մոտ, ըստ տարբեր գնահատումների, հանրակրթական համակարգի հիմնական օղակի ծրագիրը բավարար յուրացնում է այդ դպրոցի շրջանավարտների 10-12%-ը: Ռուսաստանում այդ ցուցանիշը հասնում է մինչեւ 60, եվրոպական զարգացած համարվող երկրներում` մինչեւ 50%-ի: Այսինքնՙ մեզ մոտ այս ցուցանիշը 4-5 անգամ պակաս է: Ս. Մինասյանը տեղին նկատեց, որ այն հասարակությունը, որտեղ այս խնդիրը դոմինանտ չէ, գերակայող չէ, երբեք զարգացած կրթական համակարգ ունենալ չի կարող:

Կրթության վարչության պետը նշված վիճակը բացատրեց կրթության գործընթացում մատչելիության եւ արդյունավետության պակասով: Իսկ մատչելիությունը աշակերտի համար սկսվում է դպրոց հաճախելու օրվանից, այսինքնՙ կրթության հիմնարար օղակից, դասվարից ու նրա վարպետությունից, դպրոցահասակ դարձած երեխայի մեջ ինչպես մտածողության, երեւակայության, այնպես էլ խոսակցական, հաղորդակցական եւ նման կարողությունների զարգացումից: Քանի դեռ դպրոցը չունի այդ ամենի զարգացման մեթոդիկա, տեխնոլոգիաներ` չի կարողանա հետաքրքրություն սերմանել աշակերտների մեջ, կապել դպրոցին եւ կրթության ու դաստիարակության արդյունավետություն ապահովել:

Խոսուն էր բերված այն տեղեկությունը, թե վերջերս դպրոցահասակ երեխաների` բարբառով հեքիաթի հանրապետական մրցույթ-փառատոն է կազմակերպված եղել, որին ներկայացել է ընդամենը 8-9 դպրոց` 18 աշակերտով: Նշանակում է` մյուսներում դպրոց եկող երեխային հեքիաթ չեն նվիրում: Մինչդեռ հեքիաթը, Ս. Մինասյանի բնորոշմամբ, ստեղծագործելու, ստեղծագործականով ներշնչվելու, երեւակայելու, նպատակներ կազմելու ամենագործուն միջոցն է: Ոչ միայն այդ հասակի, այլ նաեւ մեզ համար...

Շիրակի մարզի օգոստոսյան մանկավարժական խորհրդակցութանը մասնակցում էր եւ դպրոցի բարեփոխումների ու հիմնախնդիրների վերաբերյալ ընդարձակ ելույթով հանդես եկավ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4