«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2011-08-27 | #151, 2011-08-30 | #152, 2011-08-31


ԳՅՈՒՂԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՈՒՍՄԱՆ ՈՐԱԿՈՎ ԶԻՋՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՅԻՆՆԵՐԻՆ

Այս տարի Արցախի 229 հանրակրթական հաստատություններ կհաճախեն, նախնական տվյալներով, 22.560 աշակերտներ: Այսպիսի տվյալներ է ներկայացրել ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նախարարի հավաստմամբ, այս տարի ոչ մի համայնքում դպրոց չի փակվել, ընդհակառակը երեք նոր դպրոց է բացվել: Շուրջ 650 միլիոն դրամ արժողության լաբորատոր սարքավորումներ ու տեղեկատվական համակարգեր են ներդրվել դպրոցներում, նշեց Վ. Խաչատրյանը: Նրա խոսքով, ՀՀ երկրապահ կամավորական միությունը Արցախի բոլոր առաջին դասարանցիներին անվճար դպրոցական պայուսակներ է հատկացրել, իսկ ամենածավալուն բարեգործական ձեռնարկումը նոր ուսումնական ռազմավարության (ՆՈՒՌ) ծրագրի շրջանակում 1-4-րդ դասարանների աշակերտներին արգենտինահայ գործարար Է. Էռնեկյանի տրամադրած համակարգիչներով ապահովելն է լինելու ( «Ազգը» գրել է այդ մասին):

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Արցախում դպրոցաշինության ծրագրով քանի՞ նոր շենք պիտի կառուցվի եւ քանիսը վերանորոգվի: Նախարարը նշեց, որ ներկա դրությամբ կարիք կա 20 նոր դպրոցական շենքի կառուցման ու եւս 18-ի վերանորոգման: Բայց դա էլ վերջնական թիվ չէ, քանզի նոր համայնքների ստեղծմամբ` անհրաժեշտություն է առաջանում այդտեղ նոր դպրոցների բացման: Թեմայի շրջանակում նա ցավ հայտնեց, որ թեպետ պետության գործուն աջակցությամբ գյուղերում բարելավվում են հանրակրթարանների շենքային եւ ուսումնատեխնիկական պայմանները, սակայն ուսման որակի տեսակետից գյուղական դպրոցները զգալիորեն հետ են մնում քաղաքային դպրոցներից: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ գյուղերում դպրոցների տնօրեններն ուսուցիչներին աշխատանքի էին ընդունում իրենց հայեցողությամբ, այսուհետեւ աշխատանքի ընդունումը կլինի մրցութային կարգով: Դա արվելու է մասնագետների ներուժը ճիշտ օգտագործելու նպատակով, ինչը պետք է որ խթանի ուսման որակի բարձրացմանը:

Ցավալիորեն, կաշառախտի երեւույթներ դեռեւս կան համակարգում, նշեց ԿԳ նախարարը: Կոռուպցիոն ռիսկերը երկրում նվազեցնելու խնդիրներով նույնիսկ համաժողով է անցկացվել Ստեփանակերտում` ԼՂՀ եւ ՀՀ գլխավոր դատախազների, այլ իրավասու կառույցների պատասխանատուների մասնակցությամբ, որտեղ քննարկվել են կաշառախտի դեմ պայքարի արդյունավետ միջոցները: Նախարարությունում նույնպես համապատասխան ծրագրեր են մշակվում, որոնցից մեկն էլ, մասնավորապես, կրկնուսուցումը օրինական դաշտ բերելն է. այսինքն` գործընթացը կիրականացվի դպրոցներում ու կվերահսկվի: Լրացուցիչ պարապմունքներ անցկացնող ուսուցիչը պետք է վարձատրվի, եւ պետությանն էլ ստացված եկամտից պիտի հարկ վճարվի, շեշտեց Վ. Խաչատրյանը:

ԶԼՄ ներկայացուցիչներին նաեւ հետաքրքրում էր, թե պետպատվերով դրսում սովորողները բոլորն էլ վերադառնո՞ւմ են Արցախ: ԿԳ նախարարի ներկայացրած տվյալներով, վերջին երեք տարվա կտրվածքով ՀՀ բուհերում ուսումնառությունն ավարտած արցախցի շրջանավարտների 37 տոկոսը վերադարձել է, 28 տոկոսն ուսումը շարունակում է մագիստրատուրայում, իսկ մյուսները տարբեր պատճառաբանումներվ չեն վերադարձել: «Դա միայն մեր նախարարության մտահոգության հարցը չէ, պետք է մտահոգվեն առաջին հերթին այն գերատեսչությունները, որոնք մասնագետների պահանջարկ են ներկայացրել, ինչն էլ հիմք է հանդիսացել ՀՀ բուհերում համապատասխան տեղեր հատկացնելուն», ասաց նախարարըՙ հավելելով, որ ուսումնառությունն ավարտած նույն այդ շրջանավարտները երբեմն նույնիսկ վերադառնալով աշխատանք չեն գտնում տեղում:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4