Այս նորակառույց հոյակերտ եկեղեցին Ազերստանի սահմանից հեռու է ընդամենը 800 մետր: Եվ եթե մենք խոսում ենք զորեղ հայ ոգու մասին, ապա գիտենք, որ եկեղեցին նրա անբաժան մասն է, նրա հոգեւոր հենարանը: Եվ հարցը գեղեցկախոսության մեջ չէ:
Գրեթե երկու հարյուրամյակ Տավուշի մարզի նախկին Շամշադինի տարածաշրջանում նոր եկեղեցի չէր կառուցվել: Եկեղեցիներ, անշուշտ, եղել են, սակայն խորհրդային տարիներին դրանց մի մասը ոչնչացվել է, կանգուն մնացածներն էլ դարձել են չգործող:
Մովսես գյուղի եկեղեցին քանդել էին բարբարոս 1937-ին. նրանից մնացել էին միայն արեւելյան պատը եւ հյուսիսային կողմում կառուցված մկրտության ավազանը: Ամեն անգամ այցելելով իր հայրենի ծննդավայրըՙ մոսկվացի բիզնեսմեն Վազգեն Վանեսյանը մտածում էրՙ ինչո՞վ օգտակար լինել իր համագյուղացիներին: Ահա եւ 2005 թվականին Վանեսյանի ու նրա ընկերների նախաձեռնությամբ ու բարերարությամբ սկսվեց նոր եկեղեցու կառուցումը ավերվածի տեղում: Որոշվեց ու արվեց: Իսկ օրերս մովսեսցիներն ու նրանց հյուրերը մասնակցեցին գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու օծման արարողությանը: Օծման կարգը կատարելու համար Մայր աթոռից եկել էին միաբաններ:
Արդարեւ պահը հուզառատ էր, խորհրդալից: Դժվար էր պատկերացնել, որ չարանենգ Ադրբեջանի հետ ամենամեծ սահմանն ունեցող տարածաշրջանը մինչ այդ գործող եկեղեցի չուներ:
- Ամենահուսադրողն այն է,- ասում է տարածաշրջանի հոգեւոր հովիվ Արամ քահանա Միրզոյանը ,- որ եկեղեցի այցելողների հոսքը չի դադարում: Եվ որ գովեստի է արժանի, մարդիկ գալիս են իրենց ընտանիքներով:
Մովսեսի Ս. Աստվածածին եկեղեցու բացման կապակցությամբ իր գոհունակությունը հայտնեց նաեւ Հայ եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը: Սրբազանի համար հատկապես հաճելի էր այն պարագան, որ եկեղեցին կառուցել է իր առաջնորդած թեմի նվիրյալ զավակըՙ մոսկվաբնակ Վազգեն Վանեսյանըՙ աջակիցների հետ:
Սակայն տարածաշրջանի համար հիրավի պատմական իրադարձության ֆոնի վրա հառնում է անցանկալի մի իրողություն: Արդեն տեւական ժամանակ Բերդ քաղաքում սկսված նոր եկեղեցու շինարարության անավարտության խորհրդանիշի է վերածվել պարսպով քողարկված ու անգործության մատնված վերամբարձ կռունկը: Զարմանում ես, թե ինչպես նա էլ չի կնքել իր մահկանացուն: Քաղաքում տարածված այն անառողջ խոսակցությունները, թե նման իրավիճակի մեղավորը նախկին հոգեւոր հովիվն է իր անազնիվ ֆինանսական գործողություններով, արդեն հրատապ չեն: Սատանան նրա հետ: Տեղացիներն իրենք են իրենց պատժված զգումՙ ամեն անգամ քայլելով մեռյալ կառույցի կողքով: Տարածաշրջանում եկեղեցաշինության ոչ պատշաճ մակարդակի պայմաններում հատկապես այդ խնդրի լուծումը հոգեւոր ու կենսական պահանջ է: Մանավանդ որ եկեղեցու կառուցման ծախսերը մեծահոգաբար իր վրա է վերցրել Մայր աթոռը:
Եվ վերջապես: Թերեւս տեղին չէ հոգեւոր իրադարձությունը շաղկապել քաղաքականությանը: Սակայն լինելով սահմանամերձ Մովսեսումՙ անհնար է չնկատել գյուղի ծայրահեղ թշվառ վիճակը: Դժվար է ասել, թե եկեղեցին ինչ դեր կխաղա բնակավայրի համար ամենասուր ու ամենաաղետալիՙ երիտասարդության արտագաղթի հարցում: Բայց որ վերջինս դարձել է մեծագույն սոցիալական չարիք, ակնբախ է: Ոչ միայն Մովսեսը, այլեւ տարածաշրջանի բոլոր սահմանամերձ գյուղերը անողոքաբար դատարկվում են: Երբեմնի շեն գյուղերիցՙ փարթամ այգիներով, բարետես տներով, կենսուրախ կենցաղով, ոչինչ չի մնացել: Բազմաթիվ տների դռներին կողպեքներ են, շատ այգիներում նույնիսկ կաթնուկ հոնը չեն հավաքում, որից թորում էին երեւի աշխարհի ամենահամեղ ու ամենաբուրումնավետ «հյունի արաղը»: Որոշ գյուղերում միայն գիշերներն են այգիներում աշխատում ազերացի դիպուկահարների համար թիրախ չդառնալու վախից դրդված: Հիրավի անփառունակ է ժամանակակից հայ չինովնիկ կոչված երեւույթը, երբ սահմանամերձ գյուղերի բնակիչներին սոսկ տրամադրվում են «որոշ» արտոնություններ, եւ որոնք տարփողվում են որպես պետական մտածողության խորունկ դրսեւորումներ: Սահմանը չմերկացնելու համար ոչ թե պետք է գյուղացիներին տալ ինչ-որ արտոնություններ, այլ անհրաժեշտ է նրանց ազատել բոլոր հարկերից: Հավատացեք, պետական բյուջեն դրանից չի տկարանա: Ավելին, այդ տանջահար մարդկանց պետք է վճարել «հարկեր», որ նրանք չհեռանան հայրենի ծննդավայրից ու սանտեխնիկա եւ երկաթեղեն չծախեն Ռուսաստանի մայրաքաղաքի «Մոսկվորեցկի» շուկայում: Ապշում ես, երբ քաղաքի տարբեր մեգաշուկաներում լսում ես շամշադինյան բարբառը: Որտե՜ղ Մոսկվան, որտե՜ղ մովսեսցի կամ այգեշատցի գյուղացին ու նրա կոտրված ռուսերենը: Բայց ինչ, իրենք են գոյատեւում, օգնում են գյուղում մնացած ավելի հաճախ զառամյալ ծնողներին, բարեկամներին: Եթե ոչինչ չարվի, այդ սահմանամերձ բնակավայրերում շուտով չեն գտնվի ավտոմատ բռնող ջահելներ: Դպրոցների տարրական դասարաններում աշակերտները դառնում են էկզոտիկա: Իսկ երբ սահմանի մյուս կողմում ազերիները վերածվում են մորեխների խառնիճաղանջ երամների:
Գուցե իրոք եկեղեցին կփրկի իրադրությունը:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա-Մովսես-Բերդ