Արցախը տոնում է անկախ 20-ամյան
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտներից են հենց Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը, ռազմատենչ կեցվածքն ու ռասիստական գաղափարախոսությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-ամյակի, ինչպես նաեւՙ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի առնչությամբ Panorama.am-ի հետ զրույցում խոսելով ղարաբաղյան խնդրի լուծման հնարավորություններից` սա է նշել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Ըստ Սահակյանի, այդպիսի պայմաններում էլ հնարավոր չէ որեւէ դրական զարգացում ակնկալել: «Հետեւաբար, որպեսզի հակամարտության կարգավորման համար ստեղծվեն բարենպաստ նախադրյալներ, անհրաժեշտ է, որ Ադրբեջանն արմատապես վերանայի իր քաղաքականությունը, հրաժարվի ոչ իրատեսական նկրտումներից եւ կաղապարված մոտեցումներից», հայտարարել է ԼՂՀ նախագահը:
Թե ինչ հաջողություններ ու ձախողումներ է ունեցել Արցախը, երկրի նախագահը նախ ընդգծել է, որ Արցախն իր անկախ պետականության կայացման գործում ստիպված էր անցնել բավականին յուրահատուկ եւ դժվար ճանապարհ, որը ոչ բոլոր պետություններն անցան կամ առհասարակ ի վիճակի եղան անցնել: Այդուհանդերձ, 1988-ից ի վեր Արցախին հաջողվել է լուծել ռազմաքաղաքական եւ սոցիալ-տնտեսական բնույթի ամենակարեւոր հարցերը:
«Ռազմաքաղաքական այդպիսի հարցերի շարքին են դասվում նախեւառաջ այն, որ մեզ հաջողվեց պաշտպանել մեր անկախությունն ու ազատությունը, ամբողջովին ձեւավորել պետական կառավարման համակարգը` իր բոլոր թեւերով ու կառույցներով հանդերձ: Առանձնակի նշանակություն ունեն այստեղ պաշտպանության բանակի առկայությունը եւ նրա մարտունակության հետեւողական բարձրացումը», ընդգծել է Բակո Սահակյանը:
Քաղաքական կարեւոր ձեռքբերումներից ԼՂՀ նախագահը նշել է ժողովրդավարության արմատավորումը արցախյան պետականության մեջ: Սոցիալ-տնտեսական առումով Արցախին, ըստ երկրի նախագահի, հաջողվել է վերականգնել քայքայված տնտեսությունը եւ ամուր կանգնել զարգացման ուղու վրա: Այդ ամենի հետ մեկտեղ, Բակո Սահակյանն ընդունել է, որ դեռ շատ անելիքներ կան, որոնցից քաղաքական ոլորտում Արցախի միջազգային ճանաչումն է եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորումը:
Չճանաչված լինելն էլ, իր հերթին, հնարավորություն չի տալիս Արցախին, ասենք, ճանաչվածների նման ստանալու միջազգային հանրության ֆինանսական, մարդասիրական օգնությունը: «Երբեմն մեզ տարօրինակ է թվում, որ Արցախը, լինելով ժողովրդավարական պետություն, զրկված է միջազգային տարբեր կառույցների հետ հարաբերվելու հնարավարությունից, իսկ Ադրբեջանի պես ոչ ժողովրդավարական պետությունը որեւէ արգելքի այստեղ չի հանդիպում»:
«Մենք համոզված ենք, որ Արցախի ճանաչումը ժամանակի խնդիր է, քանի որ դրա համար մենք ունենք բոլոր հիմքերը` պատմական, քաղաքական, իրավական թե բարոյական... Եթե մենք չպաշտպանեինք մեր անկախությունը, ապա ականատես կլինեինք համազգային մի նոր աղետի: Մեր ժողովրդի ինքնության պահպանման, անվտանգ գոյատեւման ու զարգացման ամենահուսալի գրավականը անկախ պետականությունն է: Եվ մենք հպարտ ենք, որ մեզ բախտ վիճակվեց այն ստեղծել, պաշտպանել ու զարգացնել», ասել է Բակո Սահակյանը:
ԼՂՀ նախագահը հակամարտության կարգավորման ներկայիս ձեւաչափը խեղաթյուրված է որակել, քանի որ Արցախն անմիջականորեն չի մասնակցում այդ գործընթացին: «Նման իրավիճակի ստեղծման հիմնական մեղավորը Ադրբեջանն է», ասել է Բակո Սահակյանըՙ ընդգծելով, որ լիարժեք ձեւաչափի վերականգնումը անխուսափելի է, քանի որ «առանց պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության բանակցային գործընթացի բոլոր փուլերում անհնարին կլինի հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորմանը»:
Այս համատեքստում էլ դեռեւս պահպանվող ստատուս քվոն, ըստ ԼՂՀ նախագահի, «լոկ առկա իրողությունների հետեւանք է, այլ ոչ թե պատճառ»: Պատճառը, Բակո Սահակյանի խոսքերով, հակամարտության կարգավորման հեռանկարի Ադրբեջանի տեսլականն է:
Սահակյանը վստահեցրել է. «Եթե մի պետություն ոչ միայն չի ընդունում անցյալի սխալները, այլեւ համառորեն փորձում է նույն ոճով առաջնորդվել ներկայում եւ իր կամքը թելադրել հարեւաններին ու միջազգային հանրությանը, ապա բնականաբար գործընթացը տեղից չի շարժվելու: Հենց դրա վառ ապացույցը ստատուս քվոյի պահպանումն է, որն, ի դեպ, նման պայմաններում չարիքներից փոքրագույնն է: Մենք բազմիցս նշել ենք, որ պատրաստ ենք Ադրբեջանի հետ քննարկել յուրաքանչյուր հարց, բայց, միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ վերադարձ անցյալին չկա` լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով»: