«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2011-08-30 | #152, 2011-08-31 | #154, 2011-09-02


ԲԱՑՎԵՑ ՎԱՆԱՁՈՐԻ ՍՏ. ԶՈՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ (ԹԻՎ 22) ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ

Գիտելիքի օրվա նախօրեին, օգոստոսի 31-ին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, «Դպրոցաշինություն» Ծիգ-ի տնօրեն Հրայր Սարգսյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը եւ այլ բարձրաստիճան հյուրեր մասնակցեցին Վանաձորի (թիվ 22) հիմնական դպրոցի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը:

Նոր մասնաշենքի շինարարությունն սկսվել է ավելի քան մեկ տարի առաջՙ նպատակ ունենալով «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում, «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ, բարելավել եւ ընդլայնել թիվ 22 դպրոցի շենքային պայմանները: Ծրագրի ընդհանուր արժողությունը 476 մլն 500 հազար դրամ է: Կատարվել է բակի բարեկարգում, ցանկապատում, կառուցվել են մարզական եւ հանդիսությունների հրապարակներ, կաթսայատուն եւ արտաքին ցանցեր (81 մլն 565 հազար դրամի շրջանակներում): Շենքի շինարարության վրա ծախսված ընդհանուր արժեքը, այդ թվումՙ լուսավորության, օդափոխության, հակահրդեհային, տեսահսկման եւ կենտրոնացված զանգի ժամացույցային համակարգեր, գույք, շերտավարագույրներ եւ սարքավորումներ, կազմել է 394 մլն 935 հազար դրամ: Այն էՙ շինարարության 1 քմ արժեքը գնահատվել է շուրջ 163 հազար դրամ: Ընդհանուր շինարարության մակերեսը կազմել է 2415 քմ, որից նորակառույց մասի մակերեսըՙ 1141 քմ, հիմնանորոգված մասի մակերեսըՙ 1274 քմ: Մարզադահլիճը եւ հանդիսությունների դահլիճը կառուցվել են յուրաքանչյուրը 24x21 մ չափերի: Նոր մասնաշենքում տեղակայված է նաեւ ճաշարանը, գրադարանը, գրապահոցը, ընթերցասրահը, համակարգչային սենյակը, լաբորատորիաներըՙ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխատանքի ուսուցման դասասենյակները եւ այլն: Դպրոցը նախորդ ուսումնական տարում ուներ 190 աշակերտ: Նոր ուսումնական տարում աշակերտների թիվը համալրվել է եւս 20-ով: Մինչդեռ նորակառույց մասնաշենքը հնարավորություն է ստեղծել ընդունելու մինչեւ 360 աշակերտի:

Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Ուկրշին» ՍՊԸ-ն:Նորամուտի առիթով ողջույնի խոսք հղեց դպրոցի տնօրեն Դավիթ Մելքոնյանը: Նա շնորհակալություն հայտնեց կառավարությանը, «Դպրոցաշինություն» ծրագրի ներկայացուցիչներինՙ նման հնարավորություն ընձեռելու եւ «Ուկրշին» կազմակերպությանըՙ բարձրորակ շինարարություն կատարելու համար: Նա հավաստեց, որ դպրոցն այսուհետ հավակնում է էլիտար կոչվել եւ խոստացավ սրբությամբ պահպանել կատարված աշխատանքները:

Մասնաշենքն օրհնեց եւ բարեմաղթանքի խոսքեր հղեց Գուգարաց թեմի առաջնորդը:

Բացման ժապավենը կտրելու պատիվն ընձեռվեց ՀՀ վարչապետին եւ Լոռու մարզպետին: Ներկաները ծանոթացան կատարված աշխատանքներինՙ արժանացնելով բարձր գնահատականի:

Ինչպես տեղեկացանք Հրայր Սարգսյանիցՙ նման մեծածավալ աշխատանք նույն ծրագրով Վանաձորում իրականացվել է նաեւ 2008-ին, երբ կառուցվեց թիվ 10 դպրոցի մարզադահլիճն ու հանդիսությունների սրահը: Ներկա դրությամբՙ իրականացվում են նաեւ Ստեփանավանի թիվ 6 եւ Սպիտակի թիվ 1 դպրոցների նմանատիպ մասնաշենքերի կառուցման վերջնական աշխատանքները, որոնց բացումը կկատարվի մոտ օրերս:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4