«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2011-08-31 | #154, 2011-09-02 | #155, 2011-09-03


ԱՐՑԱԽԸ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է

Արցախը հերթական անգամ նշեց իր անկախության տոնը: Դժվար է ասել` 1991-ի սեպտեմբերի երկուսին, երբ ժողովրդական պատգամավորների ԼՂ մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդները համատեղ նիստում վկայագրում էին մինչ այդ ԽՍՀՄ քարտեզի վրա գոյություն չունեցող նոր հանրապետության ծնունդը, արդյոք նրանք պատկերացնո՞ւմ էին, թե ինչպիսի պետություն են կառուցելու եւ ինչ ճակատագիր է այդ երկրին սպասում: Իրականն այն է, որ նորահռչակ ԼՂՀ-ն ինքնակայացման առաջին քննությունը հանձնեց ոչ թե դիվանագիտական կամ սոցիալ-տնտեսական ճակատներում, ինչը բնորոշ է անկախության ուղին բռնած շատ երկրների, այլ հենց պատերազմի դաշտում: Եվ պատերազմում ձեռք բերված հաղթանակը նրան նաեւ քաղաքական անհրաժեշտ դիվիդենտներ բերեց: Դա ընդամենը սկիզբն էր, իսկ հիմա ԼՂՀ-ն նոր մարտահրավերների առաջ է կանգնած, առաջին հերթին, ժողովրդավարության, սոցիալ-տնտեսական բնագավառներում:

ԼՂՀ հռչակման 20-ամյակի առթիվ Արցախի հանրային հեռուստատեսությամբ ելույթ ունենալովՙ Արցախյան շարժման ակտիվիստներից մեկը, ներկայումս ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատրյանը , գնահատելով անցած քսանամյա ուղին` մասնավորապես ասել է, որ եթե քաղաքական ասպարեզում իսկապես ձեռք ենք բերել հաջողություններ, ապա տնտեսական ճակատում հետ ենք մնացել: Կարծես նրա ասածի շարունակությունն էր Շարժման մեկ այլ առաջամարտիկի, ԼՂՀ կրթության եւ գիտության էքս-նախարար Համլետ Գրիգորյանի` դարձյալ ԱՀՀ-ով հնչեցրած այն մտահոգությունը, թե Արցախի գյուղերն աստիճանաբար դատարկվում են:

Անշուշտ, 1988 թվականի տնտեսապես ինքնաբավ երկրամասի հետ չես կարող համեմատել ներկայիս Ղարաբաղը: Երկրի միջազգային չճանաչվածությունը, Ադրբեջանի հետ տեւական հակամարտությունը, շրջափակումը եւ այլն, շոշափելիորեն ազդում են լիարժեք կայացման գործընթացի վրա, եւ եթե առանձնացնելու լինենք մեր անկախության ամենամեծ նվաճումը, ապա կարող ենք շեշտել, որ ինչպես տոնական հանդիսավոր միջոցառման ժամանակ նշել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը , դա Արցախի պաշտպանության բանակն է:

Ղարաբաղցիներն իրոք սիրում են իրենց հայրենիքը, մարտնչող են, համառ, քչով բավարարվող: Դրանով է պայմանավորված, որ թեպետ երկրում բնակարանների ու աշխատատեղերի խիստ սղություն կա, գյուղերից արտահոսքը շարունակվում է, այդուհանդերձ, ժողովրդագրությունը դարձյալ մնում է կայուն սանդղակի վրա: Ազգաբնակչության կենսապայմանների բարելավման ուղղությամբ երկրում լուրջ ջանքեր գործադրվում են, սակայն արցախցիների` հայրենի հողին կապվածությունը չի կարելի անվանել սոսկ իրականացվող բարեփոխումների արդյունք: Դա հայրենի օջախներին կառչած մնալու մեր դարավոր ավանդույթն է, որով էլ միշտ կանգուն է մնացել Արցախը:

Ղարաբաղում իսկապես կարողանում են միասին նշել համաժողովրդական տոնը եւ ուրախանալ ժողովրդովի: Միավորվում են ճիշտ այնպես, ինչպես արտաքին վտանգի ժամին: Սեպտեմբերերկուսյան տոնակատարությունները դրա վառ վկայությունն էին:

ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված հանդիսավոր ժողովի ժամանակ, Ստեփանակերտում, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը դիպուկորեն ասել է, որ Արցախը համայն հայության հպարտությունն է: Եվ այս բնորոշման մեջ խտացված են Ղարաբաղի անցյալը, ներկան ու ապագան:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4