«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2011-08-31 | #154, 2011-09-02 | #155, 2011-09-03


ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸՙ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻ ՀԻՄՔՈՒՄ

Ճարտարապետ Կորյուն Հակոբյանի նախագծի առիթով

Հանրապետության հրապարակի ճարտարապետական միջավայրը պետական հասարակական մեր կյանքի գլխավոր ատրիբուտների խտացված արտահայտությունն է: Կառույցներիՙ աջ ու ահյակ կիսաբոլորաձեւ թեւերի «հանդիպման վայրում», որտեղ մի ժամանակ պրոլետարիատի տխրահռչակ առաջնորդի արձանն էր, եւ որը համանուն գաղափարախոսության խորտակման հետ անվերադարձ հեռացվեց հրապարակից, փոխեց հրապարակի ոչ միայն ճարտարապետական, այլեւ ամբողջ միջավայրը (այն ազատագրվեց, մաքրվեց): Արդեն շուրջ 20 տարի արձանի տեղը թափուր է, ներկայումս ծաղիկներ են, եւ վատ չէ, կարծես: Բայցեւայնպես նույն վայրում Հայաստանի 3-րդ Հանրապետությունը խոհրդանշող հուշակոթողի տեղադրման գաղափարը մշտապես եղել է եւ այսօր էլ շրջանառու էՙ հասարակության, մտավորականության, իշխանական շրջանակներում. այն իրագործելու համար նախընթաց չորս հանրապետական մրցույթներում ներկայացված նախագծերից որեւէ մեկը փաստորեն չբավարարեց պահանջվող չափանիշները:

Օգոստոսի սկզբներից ընթացող 5-րդ մրցույթին ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ներկայացված են մի շարք նախագծերՙ դրված հանրային ցուցադրության: Հանրապետության հրապարակի հուշարձանային համալիրի մրցութային նախագծերը սակավաթիվ են, եղածների մեջ ընդգծված են կամարային լուծումներ, սյունաշար-տաճարատիպ կոմպոզիցիաներ, հուշասյուներՙ տարբեր խորհրդանիշներով (զանգեր, աղավնի, գունդ եւ այլն):

Սրահի ձախակողմյան պատի առաջին ցուցադրությունը նախագծային էսքիզի մի քանի տարբերակ է ներկայացնում. հեղինակը` ճարտարապետ Կորյուն Հակոբյանը, առաջին մասնակցությունն է ունենում այս մրցույթին: Նրա ներկայացրած նախագիծը` հորիզոնական գրանիտե հարթակի (40 մ) վրա վեր խոյացող գրանիտե ստելլայով հուշակոթողը (30 մ) խորհրդանշում է մեր պետականության նոր ժամանակների գաղափարաբանությունը: Որպես ճարտարապետական համալիրՙ դասական ոճի մեջ, ապագա կառույցը զուսպ ձեւերի համադրություն էՙ ինչ-որ տեղ խստակյաց, բայց հաստատակամություն ներշնչող: Քարի ուղղահայաց եւ հորիզոնականի լուծումը հատման տեղում կենտրոնացնում է ճարտարապետական մտահղացման հիմնականՙ ազգային միաբանության գաղափարը, որն արտահայտվում է արձանախմբի միջոցով, այն էՙ պետության, մտավորականության եւ ժողովրդի միասնականության, այլ կերպՙ ներդաշնակ հասարակության բաղձալի իրականացման: Քանդակախումբը նախագծային վիճակում է եւ լիովին մշակված չէ, առայժմ միայն մտահղացում է եւ որոշարկվելու է քանդակագործական մրցույթով: Կառույցի կանոնիկ, առանց ծանրաբեռնող դետալների պարզ լուծումըՙ հստակ, հարթ ձեւերը, կարծում ենք, շահեկանորեն կլրացվեն արձանախմբի գեղագիտական ճիշտ մոտեցմամբ, ինչը ենթադրում է առավել կենդանի, առաձգական եւ ճկուն արտահայտչականություն:

Կոթողի հորիզոնական շերտը ներկայացնում է հարթակՙ նախկինը հիշեցնող, որի կառուցման համար օգտագործվելու են նախկին հուշարձանի պահպանված նախշազարդ քիվերը: Շքերթների անցկացման համար նախատեսված է հավաքովի տրիբունա: Ուղղահայաց շերտիՙ վեր խոյացող ստելլան դասական խորհրդանիշ է բարձր գաղափարներիՙ հավերժության, հաստատակամության, կատարելության ձգտումի եւ այլ: Նախատեսված է ստելլայի քառակողմանի խորշերումՙ հայ ժողովրդին ուղղված պատգամների փորագրություն եւ իհարկե հայ եկեղեցին, հոգեւոր կյանքը խորհրդանշող խաչապատկերի տեղադրում: Ամենավերեւում առաջարկվում է Հայաստանը որպես համայն հայության հանգրվան խորհրդանշող փարոսի տեղադրում. այն պատկերացվում է որպես քառակողմ քարախորշերի մեջ ճառագայթաձեւ հավաքված երեք գույնի լուսավոր էլեմենտներ եւ մի հզոր լուսե ճառագայթ դեպի երկինք ձգվող: Մթում այն դանդաղորեն վառվելու եւ մարելու է:

Նախագիծը որոշակի խմբագրման է ենթակա. հստակեցվելու են արձանախմբի ձեւերը, համաժողովրդական հարցմամբ որոշվելու է քարախորշերի գրություններից երկուսի տեքստը (առաջին երկուսը ճարտարապետը ինքն է ներկայացնում), ընտրվելու է քարի գույնը (նախատեսված է Ժիտոմիրի կարմիր գրանիտը): Ըստ ճարտարապետի, հարեւան շենքերից նվազ ակտիվ տոն է նախատեսված, այսինքնՙ բաց վարդագույնից ավելի թույլ (նախագծի կարմիրը հրապարակի ճարտարապետության գունային ֆոնին չի համապատասխանում, բացի այդ, կարմիրն այստեղ վանող զգացողություն է առաջացնում):

Կորյուն Հակոբյանը մինչ այս մրցույթը բազմաթիվ նախագծեր ունեցել է, բայց չի ներկայացրել:

- Նախկին արձանը հանելու առաջին իսկ օրից մտածել եմ այս մասին: Պատվանդանի քանդումը, անխնա ջարդը ժողովուրդը իրավացիորեն որակեց որպես բարբարոսություն քարագործական մեր արվեստի նկատմամբ, դրանք իրապես քարտաշագործական գլուխգործոցներ էին:

Այդ ընթացքում բազմաթիվ էսքիզներ եմ արել: Փորձում էի մարմնավորել հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող գաղափար, մտահղացել էի տոնախմբությունների հարթակ եւ հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշ-հուշարձանըՙ փյունիկյան թռչունի տեսքովՙ բարձր, խաչաձեւ թեւերով: Ունեցել եմ նաեւ ծիածանի, եռագույն կամարի գաղափարն արտահայտող մի շարք էսքիզներ: Սակայն որեւէ նյութից, առավելապես քարից ծիածան հնարավոր չէ ստանալ, դա բնության, արեւի լույսի մենաշնորհն է: Անընդհատ նոր մտահղացումներ, նոր էսքիզներ էին ծնվում, սակայն դրանցից ոչ մեկը ինձ չէր բավարարում: Մի օր պատահաբար հեռուստատեսությամբ լսեցի հայտնի երգըՙ «Ուս-ուսի տված, առյուծի նման» եւ հանկարծ հասկացա, որ հենց դա է փնտրածսՙ միասնության գաղափարը. վերածննդի գաղափարը վերափոխվեց միասնության գաղափարի: Իմ առջեւ երկու խնդիր ունեի. նախՙ օգտագործել նախկին քարերը, դրանց վերադարձնել իրենց ծննդավայր:

- Նո՞ւյն ձեւով:

- Գրեթե: Քարի գույնն է փոխված եւ իհարկեՙ կառույցի գաղափարական ամբողջ հենքը, ինչպես արդեն ասվեց: Երկրորդ խնդիրըՙ մեկտեղել հասարակության տարբեր շերտերի ցանկությունները. մի մասը Տիգրան Մեծի արձանն է այստեղ պատկերացնում, մեկ այլ մաս Մեսրոպ Մաշտոցի, մյուսներըՙ եկեղեցի, խաչ եւ այլն: Ժողովրդի միասնության գաղափարը (ուս-ուսի տված) քանդակախմբային արտահայտությամբ մի կողմիցՙ Տիգրան Մեծի, մյուս կողմիցՙ Մեսրոպ Մաշտոցի արձաններով է մարմնավորվելու եւ նրանց միացնող-կամրջողըՙ ժողովուրդն է: Արձանախումբը կորաձեւ չի լինելու, պարային տպավորություն չթողնելու համար, այլՙ P-աձեւ, այսինքնՙ պատվար, որ երկրի, հայրենիքի լինելիության գրավականն է, նաեւ պաշտպանության գաղափարն է այստեղ դրված, որ սթափության է մեզ կոչում այս հեղհեղուկ, բարդ օրերում:

Ստելլան չորս խորշեր ունի, չորս պատգամներովՙ ուղղված մեր ժողովրդին. հրապարակի եւ «Արմենիա» հյուրանոցի կողմից Ե. Չարենցի խոսքերն են փորագրվելուՙ «Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» եւ «Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում»: Մյուս երկուսը համաժողովրդական հարցման արդյունքում է որոշվելու, այգու կողմից խաչապատկերի վերեւումՙ սուրբգրային, քրիստոնեական պատգամը մեր հավատարմության առհավատչյան է Հայ առաքելական եկեղեցուն: Ստելլայի վերեւի փարոսըՙ Հայաստանը որպես համայն հայության հանգրվանի գաղափարական մարմնավորումն է:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հ. Գ.- Կորյուն Հակոբյանն այս նախագիծը նախապես ներկայացրել է անվանի մի քանի ճարտարապետների, իր ընկերներինՙ գնահատման, կարծիքների, խորհուրդների ակնկալիքով եւ շահեկանորեն օգտվել որոշներից: Մասնագիտական կարծիքները տարբեր են, ինչպես ինքն է ասումՙ դրանց մեջ նաեւ «նախկինը հիշեցնող եւ կամ կոմունիստականի շունչ ունեցող»: Այս վերջինի առիթով ճարտարապետը որոշակի վերապահում ունի. «Կառույցի կոմպոզիցիան թելադրված է միջավայրով: Նախկին կոթողի նախագիծը շահել է համամիութենական մրցույթում, որի կոմպոզիցիան, ձեւը ոչ թե կոմունիստական քաղաքականության տեսանկյունից էր թելադրված, այլՙ քաղաքաշինության: Եթե, օրինակ, ժամանակներն այլ լինեին եւ այդ վայրում Տիգրան Մեծի արձանը դրվեր, միեւնույն քաղաքաշինական լուծումն էր պահանջվելու: Եվ եթե նախկին արձանը տեղադրվեր օպերայի խաչմերուկում, չէր կարող նախկինի ձեւը ունենալ, կետային պիտի լիներ:

Իմ նախագծում տրիբունանՙ որպես կոմունիստական քաղաքականության ատրիբուտ, վերացված է, որը ֆունկցիոնալ առումով իմաստազուրկ է, նախատեսված է հավաքովի տրիբունաՙ ծածանվող եռագույնով, ներքնահարկում նախատեսված է նկուղ ծառայողական սենյակների համար»:

Վերջին 3 տարիների աշխատանքային ակտիվությունը ճարտարապետին բազմաթիվ նախագծերի ծնունդ է տվել, Կորյուն Հակոբյանն աստիճանաբար է հանգել վերջին տարբերակին: «Նախկին հուշակոթողի հարթակի քարերն են ինձ ստիպել, դրանք նորից գործածելու մղումը թելադրեց կոթողի այսպիսի կոմպոզիցիան: Այնպես որ, քարերի օգտագործման հեղինակն եմ ես: Կոմունիստականի շունչ այս նախագծում չկա, որովհետեւ գաղափարախոսությունը միանգամայն տարբեր է. պետական-ազգային մտածողություն է հիմքում դրված:

Հանոզված եմՙ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնական հուշարձանը ճարտարապետորեն կատարյալ լուծում պիտի ունենա եւ արտահայտված լինի ամենաբարձր չափանիշներովՙ քաղաքաշինորեն գրագետ, գաղափարապես ազդեցիկ, գեղագիտորեն բարձրարվեստ: Հեղինակի անձը կարեւոր չէ, եթե որեւէ մեկը ներկայացնի ավելի լավ նախագիծ, առաջինը ինքս կշնորհավորեմ. Հանրապետության հրապարակի համար պիտի ընտրվի լավագույն նախագիծը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4