«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2011-09-02 | #155, 2011-09-03 | #156, 2011-09-06


ԱՍՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՉԵՆ ԹՌՉՈՒՄ, ԷԼԻ...

Վրաստանում ոչ միայն խստագույնս բարեկամ են ամերիկյան արժեքներին ու պետությանը, այլեւ հերքում են նույն այդ երկրի դիվանագիտական ներկայացուցիչների հաղորդագրությունները, որոնց «WikiLeaks»-յան հրապարակումները թեեւ մեծագույն գաղտնիքներ չեն պարունակում, բայց եւ այնպիսի տեղեկություններ չեն ներկայացնում, որոնց հերքումը նշանակություն կարող է ունենալ:

Մյուս կողմից, «WikiLeaks»-յան հրապարակումները բնավ էլ մաքուր իրողություն կամ բարձրագույն ճշմարտություն չեն եւ հաճախ մնում են զուտ ամերիկյան տեսակետ ու դիրքորոշում ներկայացնող փաստաթղթերի մի հավաքածու:

Վրաստանի արտգործնախարարությունը հերքել է «WikiLeaks»-ի հրապարակումներից մեկը, թե իբր Վրաստանը շարունակում է իր օդային տարածքը տրամադրել Հայաստանի համար ռազմական բեռների տեղափոխմանը: Այս տեղեկությունը տարածվել է համաձայն Վրաստանում ԱՄն դեսպան Ջոն Բասի հաղորդագրության, որ թվագրված է 2010-ի փետրվարով, թե վրացական օդային տարածքը դեռ օգտագործվում է Հայաստան ռազմական բեռներ տեղափոխելու նպատակով:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբՙ երեկ վրաց փոխարտգործնախարար Նինո Քալանթաձեն հայտարարել է, որ թեեւ Վրաստանը Ռուսաստանի հետ օդային տարածքի օգտագործման համաձայնագիր ուներ, սակայն այդ փաստաթուղթը անվավեր է ճանաչվել վրաց խորհրդարանում: Ընդ որում, ըստ Քալանթաձեի, ռուսաստանյան կողմը քանիցս դիմել է Վրաստանին օդային տարածքը բացելու համար, բայց վերջին անգամ դա եղել է 2008-ին, իսկ վրացական կողմը չի համաձայնել:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4