Չտուգանելով նրան գերիշխող դիրքի չարաշահման համար
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեկ արձանագրեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» («ՀԷՑ») ընկերությունը թույլ է տվել գերիշխող դիրքի չարաշահում: Ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները, որի հետեւանքով Երեւանի Նոր Նորք համայնքի Մոլդովական եւ Բագրեւանդ փողոցների միջանկյալ տարածքում գտնվող մոտ 20 նորակառույց բնակելի տների սեփականատերեր կրել են կենցաղային անհարմարություններ եւ ֆինանսական կորուստներ:
Հանձնաժողովի ուսումնասիրություններով պարզվել է, որ «ՀԷՑ»-ը գործել է օրենսդրական խախտումներով, բնակիչները զրկվել են պատշաճ էլեկտրամատակարարում ունենալու հնարավորությունից: Միայն հանձնաժողովի կողմից վարույթն սկսելուց հետո «ՀԷՑ»-ը սկսել է աշխատանք իրականացնել խախտումը վերացնելու ուղղությամբ: Նկատի ունենալով, որ բնակիչների պահանջն այդ ընթացքում արդեն բավարարվել է եւ ընկերության նկատմամբ առաջին անգամ է վարչական վարույթ հարուցվում, հանձնաժողովը որոշեց չտուգանել «ՀԷՑ»-ին 20 միլիոն դրամ, այլ միայն տալ «խիստ նախազգուշացումՙ միաժամանակ հանձնարարելով հետագայում բացառել նման խախտումները»:
Ա. Մ.