Նշեց «Կոտլեր Իմփեքթ» ընկերության տնօրենը
«Հայաստանյան մարկետինգի արդի հիմնախնդիրները» թեմայով երեկ հանդիպում-քննարկում տեղի ունեցավ «Կոնգրես» հյուրանցում, որին մասնակցեցին Հայաստան ժամանած «Կոտլեր Իմփեքթ» ընկերության տնօրեն Ֆահիմ Կիպրիան եւ Հայաստանում մարկետինգի ոլորտում գործող մասնագետներ: Հանդիպումը տեղի էր ունենում այս տարվա նոյեմբերին նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ԱՄՆ Հյուսիսարեւմտյան համալսարանի Ջ. Քելոգի մենեջմենթի բարձրագույն դպրոցի միջազգային մարկետինգի պրոֆեսոր, մարկետինգի դասական Ֆիլիպ Կոտլերի Հայաստան այցին նախորդող միջոցառումների շրջանակներում:
Ելույթ ունենալով բացման խոսքումՙ Ֆահիմ Կիպրիան նախ նշեց, որ Հայաստանն իրենց համար շատ կարեւոր երկիր է: Նա տեղեկացրեց, որ այդ հանգամանքով է պայմանավորված, որ Ֆիլիպ Կոտլերն այստեղ է ժամանելու 4 օրով, իսկ Մոսկվայում լինելու է 1 օրով: Նրա այցին նախորդող միջոցառումները նպատակ ունեն պարզելու, թե ի՞նչ բացեր կան Հայաստանում մարկետինգի ոլորտում: «Կոտլեր Իմփեքթ» ընկերության տնօրենը հայտնեց, որ Ֆիլիպ Կոտլերը հանդիպելու է Հայաստանի նախագահին, վարչապետին, նախարարներին, Երեւանի քաղաքապետին, ինչպես նաեւ հանրային սեկտորի ներկայացուցիչների հետ: Նա հանդիպում է ունենալու եւ դասախոսություն կարդալու ուսանողների համար: Ֆահիմ Կիպրիան տեղեկացրեց նաեւ, որ ծրագրվում է Հայաստանում բացել մարկետինգի գերազանցության կենտրոն, վերապատրաստել այս ոլորտի մասնագետներին:
Ա. Մ.