Սեպտեմբերի 6-ին «Ամերիաբանկն» իր հերթական մասնաճյուղը բացեց Վանաձորումՙ Տիգրան Մեծի 65 հասցեում: Տարածքը բարեկարգել ու վերակառուցման աշխատանքներն իրականացրել է «Կանակա» ԲԲԸ-նՙ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան: Բանկը մասնաճյուղերի տեխնիկական բարձր հագեցվածությունը եւ սպասարկման որակը համարելով գլխավոր նախապայմանՙ «Վանաձոր» մասնաճյուղը եւս ապահովել է բարձրակարգ, արդիական տեխնիկական միջոցներով: Կապը գլխամասային գրասենյակի հետ, ինչպես եւ մյուս մասնաճյուղերում, ապահովված է on-line ռեժիմով: Մասնաճյուղն իրականացնելու է գլխամասային գրասենյակի սպասարկման մակարդակին հավասար սպասարկում, մատուցելու է «Ամերիաբանկի» կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները, այդ թվում նաեւ բարձրակարգ ծառայություն պրեմիում հաճախորդների համար:
Մասնաճյուղի բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, այլ պաշտոնատար անձինք, բանկի տնօրենությունն ու աշխատակիցները: Հյուրերին ներկայացվեցին «Վանաձոր» մասնաճյուղի կողմից առաջարկվող ծառայությունները, տարածքի ընձեռած հնարավորությունները, բարձրակարգ վերանորոգումը:
Ինչպես տեղեկացանք «Ամերիաբանկի» մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վազրիկ Սեկոյանից, «Վանաձոր» մասնաճյուղը 8-րդն է, իսկ առաջիկայում նախատեսվում է նոր մասնաճյուղ բացել նաեւ Գյումրիումՙ նպատակ ունենալով քայլ առ քայլ մասնաճյուղեր ունենալ բոլոր մարզկենտրոններում: Ըստ Վ. Սեկոյանիՙ Վանաձորում ներկայացուցչություն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ հանրապետության երրորդ քաղաքում այստեղ գործառույթներ իրականացնելու լուրջ նախադրյալներ կան:
- Մասնաճյուղը կնպաստի նաեւ Վանաձորի տնտեսության զարգացմանը,- ասաց նաՙ տեղեկացնելով նաեւ, որ այս մասնաճյուղն առաջարկում է զեղչեր մի շարք ծառայությունների գծով:
Ընդ որում, զեղչերից կարող են օգտվել բոլոր այն իրավաբանական ու ֆիզիկական անձինք, ովքեր 2011-ի սեպտեմբերի 6-ից 30-ը ներառյալ կդառնան մասնաճյուղի հաճախորդ: Վ. Սեկոյանը հայտնեց, որ բանկի ուղղվածությունը մինչ այժմ կորպորատիվ է եղել, այժմ քայլ է կատարվում դեպի ունիվերսալ բանկ:
Բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը վստահեցրեց, որ «Ամերիաբանկը» մի շարք առավելություններ ունի, որոնցից կարելի է նշել կատարվող մեծ ներդրումները, մասնաճյուղերի տեխնիկական հանգեցվածությունը, եւ այն, որ փորձ է արվում հասնելու սպասարկման միջազգային չափորոշիչներին: Ըստ նրա, բանկն ունիվերսալ է եւ մատուցում է կորպորատիվ, ներդրումային ու մանրածախ բանկային ծառայություններՙ տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
«Ամերիաբանկի» «Վանաձոր» մասնաճյուղի կառավարիչ Վարդան Սարդարյանը եւս կարեւորեց մասնաճյուղի բացումըՙ վստահեցնելով, որ հաճախորդների հետ հարաբերությունները հիմնված են լինելու փոխադարձ հարգանքի վրա, ծառայությունները մատուցելու են բարձրակարգ: Առայժմ հաճախորդներին կսպասարկի 15 աշխատակից: Հետագայում, գործունեության ընդլայնմանը զուգահեռ, հնարավոր է նրանց թվի ավելացում:
Լոռու մարզպետը, զրուցելով լրագրողների հետՙ նշեց, որ բանկերի յուրաքանչյուր նոր մասնաճյուղի բացում կարեւոր է, քանի որ նախադրյալներ են ստեղծվում մարզի տնտեսությունը զարգացնելու համար:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ