«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2011-09-07 | #158, 2011-09-08 | #159, 2011-09-09


ՄՈԳԱԿԱՆ ԿԱՅՔԷՋԸ

Հանուն ինչի՞ են բացահայտումներ անում WikiLeaks-յան հաղորդագրությունների «աղբյուրները»

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստալինյան իրականության տարբեր բնութագրիչներից, որ պակաս դերակատարություն չունեին ողջ համակարգի գործունեության համար, անանուն բողոքներն ու հաղորդագրություններն էին, որոնք կարելի է մատնություն որակել, եթե, իհարկե, մատնելու բան կար, այլ ոչ զուտ զրպարտություն ու հերյուրյանք: Թեեւ վերջինս առավել հաճախ պատահում էր ստալինյան ռեժիմի ժամանակ ու որոշ առումով նաեւ ռեժիմի գոյատեւման հիմք էր, հստակ էր, որ միայն Ստալինով չէր որոշվում այդքան ողբալի վիճակն, այլեւ մարդկանց վատագույն որակների դրսեւորմամբ: Ստալինը հո մեղավոր չէր, որ մատնել ու զրպարտել ցանկանում ու անում էին շատերը, ընդ որում, դրա դիմաց մեծ մասամբ ոչինչ չստանալով:

WikiLeaks-յան բացահայտումները եւս մանր-մունր մատնությունների են նմանվում, հատկապես երբ վերջին հրապարակումներում դուրս չեն մնացել ամերիկյան դեսպանատների «ինֆորմատորների» անունները: Խոսքը տարբեր չինովնիկների, նախկին ու ներկա պաշտոնավարողների եւ անհասկանալի դեր կատարող գործիչների` ԱՄՆ դիվանագետների հետ ունեցած զրույցներին է վերաբերում:

Այնպիսի ջերմեռանդությամբ ու ակնածանքով են որոշ գործիչներ իրենց դարդուցավը պատմում ամերիկյան դիվանագետներին, որ մնում է ենթադրել, թե նրանց առնվազն ամերիկյան քաղաքացիություն են խոստացել: Բայց քանի որ դեպքերի մեծամասնության պարագայում այդպիսի բան լինել չի կարող, մնում է, որ մերոնք իրենց մատնություններն իրականացրած լինեն կամ ամերիկյան վիզա անարգել ստանալու, կամ էլ ժողովրդավարական արժեքների պաշտպանության համար:

Որ վիզա ստանալու համար կարելի է իմացած-չիմացածը պատմել, լրիվ հնարավոր է: Իսկ որ հայ գործիչները հավատան, թե ամերիկյան ուժերը Հայաստան էլ ժողովրդավարություն կբերեն, բնավ էլ հավատալու չէ, լրիվ անհնարինի ոլորտից է, քանի որ այդ արժեքները նախ պետք է կրել, որ հետո էլ որեւէ երկրի աջակցությունը դրանում ստանալու հույսեր փայփայես:

Ուրեմն մնում է այն տարբերակը, որի դեպքում հայ գործիչներն ամերիկյան դեսպանատանը շատախոսում են` ելնելով սեփական մանր-մունր ցանկությունների կատարումը երաշխավորելու մտադրությունից: Ինչպես ժամանակին հայ նախարարներն էին շատախոսում Պարսկաստանի կամ Բյուզանդիայի արքունիքներում: Ամեն դեպքում, ամերիկյան դիվանագետների հետ բավականին բացախոս ու որոշ դեպքերում էլ անտրամաբանական, չհիմնավորված կարծիք հայտնող գործիչները պետք է հասկանան, որ հզորներից հզորություն չեն աղերսում:

Մեր ջոկջկած WikiLeaks-ը

Սկանդալային սայթի «սկանդալային» բացահայտումները, ընդհանուր առմամբ, առանձնակի անսպասելի ու չիմացված երեւույթների մասին չեն, թեեւ երբեմն ինչ-որ նոր բաներ ասում են: Ուստի մոգական ուժով օժտել այն ամենը, ինչ համացանցային իրականություն է լցվում WikiLeaks-ից, ուղղակի ծիծաղելի է: Իրապես բավականին հետաքրքրական տեղեկություններ կան ամերիկյան դիվանագիտական հաղորդագրություններում, հատկապես երբ ներկայացվում են ոչ թե ամերիկացի դիվանագետների կարծիքներն ու դատողությունները, այլ տարբեր մարդկանց տեղեկությունները:

Պարզվում է, այս հարցում էլ այնպիսի ընտրողականությամբ ենք մոտենում WikiLeaks կոչվածին, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին իրենց կյանքը պատմող մեր գործիչները լրիվ սազական են դառնում ինչպես մեզ, այնպես էլ հասարակությանը: Խոսքը տարբեր լրատվամիջոցների շատ ընտրովի, կասեի` ջոկջկած տեղեկությունների տրամադրումն է, ավելի ճիշտ` սկանդալային կայքէջից այնպիսի հրապարակումների վերահրապարակումը, որոնք բավարարում են մեր ԶԼՄ-ների դիրքորոշումների «ճշմարտացիությունը» հիմնավորելու պահանջը:

Որոշ լրատվամիջոցներ, օրինակ, ուղղակի չեն դադարում հայ ընդդիմադիրներին ամերիկյան դիվանագետների տված գնահատականներն ու պիտակները ներկայացնելուց, խորհուրդներն էլ հետը: Ասենք, ԱՄՆ-ի արդեն նախկին դեսպան Մարի Յովանովիչը մինչեւ Հայաստանից հեռանալը հանդիպել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու խստագույնս «առաջարկել» չմանեւրել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման թեմայով: Իսկ այն, որ ըստ ամերիկացի պաշտոնյաների, ԼՏՊ-ին երբեք էլ հասարակության լայն զանգվածները չեն սատարել, կամ Հայ ազգային կոնգրեսը նախագահական ընտրություններից հետո 2008-ին քաղաքական մահ էր ապրում` կորցնելով կողմնակիցներին, առանձնակի նոր բան չի ասում:

Մեկ այլ խմբի դարդուցավն էլ ճիշտ հակառակն է` ԼՏՊ-ին ներկայացնել լավագույնս ու սեւացնել իշխանություններին: Թե ինչպես կարելի է դրական ընկալել այն հանգամանքը, որ, ըստ նույն այդ WikiLeaks-յան հաղորդագրությունների, ԼՏՊ-ն 2008-ի նախագահական ընտրություններից մի քանի օր անց ամերիկյան դեսպանատանն է դիմել «ճնշում գործադրելու» Հայաստանի իշխանությունների վրա, դժվար է բացատրել, բայց որ ԼՏՊ-ի ստացած ձայները «հաշվում ու հրապարակում է» ԱՄՆ գործերի հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը, այնքան էլ լուրջ չէ:

Քոչարյան-Սարգսյան հարաբերությունների մասին հրապարակումներում էլ սկանդալային կայքէջի հաղորդագրություններն այնպես են մատուցվում, կարծես դրանց մի մասը գրել է Սերժ Սարգսյանը, մնացյալը` Ռոբերտ Քոչարյանը: Ինչ վերաբերում է օլիգարխներին ու նրանց «շնորհիվ» Հայաստանում ստեղծված իրավիճակին, ապա, ինչպես ասում են, իբր մեր իմացածը շատ էինք կարողանում մարսել, դեռ կայքջէային բացահայտումներն էլ նորանոր մտահոգություններ են ավելացնում:

Թեեւ, ի պատիվ մեր որոշ գործիչների, պետք է նշել, որ նրանք իրենց հարաբերություններում ու շփումներում բացբերան կնոջ վարքագիծ չեն դրսեւորել, բայց WikiLeaks-ի հաղորդագրությունները ղարաբաղյան թեմաներով որքան հետաքրքրական, նույնքան էլ վտանգավոր են մեկ բացառությամբ, որ բոլոր հաղորդագրությունների բովանդակությունն այս հարցում կարող է շատ փոքր առնչություն ունենալ ներկա գործընթացներին ու իրավիճակին, նաեւ մոտեցումներին: Ամեն դեպքում, հինգ շրջան հանձնելու պատրաստակամության կամ ընդհանրապես ոչ մի թիզ հող չզիջելու մոտեցումների վերագրումը նույն նախագահներին կամ գործիչներին տարբեր անձանց կողմից եւս մեկ ապացույց է, որ սրա-նրա խոսքերի ու սեփական դիտարկումների հիման վրա ամերիկյան դիվանագետների արած եզրակացությունները բնավ էլ վերջին ատյանի ճշմարտություն չեն ու այդպիսին չպետք է ընդունվեն:

Շատ թույլ մխիթարանք. հարեւանները մեզանից բերանբաց են

Վրաստանում Ջուլիան Ասանժի հեղինակած կայքէջի հրապարակումների համաձայն, ամերիկյան դիվանագետների հետ պարբերաբար հանդիպում ու ամեն ինչ պատմում են գրեթե բոլորը: Այս երկրում ամերիկյան դեսպանությունը թերեւս ընկալվում է մի տեղ, ուր մարդիկ գնում են խոստովանության, ասում են ամեն ինչ, հարցնում ու խորհուրդներ ստանում: Իսկ Ադրբեջանում բացախոսության բոլոր ռեկորդները հաղթահարված են, ոչ ավել, ոչ պակաս, հենց երկրի նախագահ Ալիեւ կրտսերի կողմից: Ի դեպ, սա էլ մեր որոշ լրատվամիջոցների «սիրելի» թեմաներից է, այսինքնՙ ցույց տալը, թե ինչից ու որքան, նաեւ ում է դժգոհում Ալիեւ կրտսերը:

Այն, ինչ ամերիկացի դիվանագետներն իրենց հաղորդագրություններում գրում ու, ինչն ավելի վատ է, մտածում են Իլհամ Ալիեւի մասին, պետք է լուրջ քննարկումների ու խորհրդակցությունների տեղիք տա հենց մեզանում: Ալիեւը ներկայացվում է որպես նեղմիտ, հավակնոտ, հույսերով, թե նավթային պաշարներով «զինված» Ադրբեջանը կարող է Ռուսաստանից աջակցություն ստանալ պատերազմ վերսկսելու դեպքում: Իսկ Ադրբեջանում քարոզչությամբ թշնամանք սերմանող այս քաղաքական գործչի` ամեն հարցով ԱՄն դեսպանի դուռը գնալու ու գանգատվելու արեւելյան սովորությունը միայն շեշտադրում է, որ առավել անկայուն իրավիճակ ցարդ չի ստեղծել ոչ մի ադրբեջանցի ղեկավար:

Ամեն դեպքում, նույն այդ հաղոդագրությունների համաձայն, ուժային ճանապարհով ղարաբաղյան հարցը լուծելու սեփական կարողություններին անվստահ Ալիեւը վերջին շրջանում իսկապես դեմարշներով է արձագանքում ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին ու գործողություններին, այնպես էլ ամերիկյան ու այլ երկրների քննադատությանը:

Եվ եթե այս ամենին էլ գումարենք վրացական կառավարությունից ամերիկյան «չգոհությունը», ինչպես նաեւ կոռուպցիոն խորացումների ադրբեջանական իրականության մասին հաղորդագրությունները, մի քիչ մխիթարանք կարելի է գտնել, բայց դա բնավ էլ չի նշանակում, թե հայաստանյան իրականությունը բավարարում է որեւէ նորմալ ու ընդունելի պահանջ:

Ի՞նչ եւ ինչո՞ւ են հերքում

Հայաստանում էլ, հարեւան երկրներում էլ գտնվում են մարդիկ, պաշտոնյաներ, որ հերքում են որոշ տեղեկություններ կամ, որ ավելի վատ է, դատողություններ, որոնք հրապարակվում են WikiLeaks-ում: Հասկանալի է, որ շատ դեպքերում ամերիկացի դիվանագետների հետ զրույցները չեն ձայնագրվել, ասել է թե չկան այս կամ այն գործչի արած հայտարարությունների վկայություններ ու ապացույցներ, սակայն, անկեղծ լինենք, մենք հո գիտենք, թե մեր պատվելի այրերից ովքեր ինչ բացախոսության են ընդունակ, այն էլ ամերիկյան քաղաքացիություն ու մի փոքր էլ ազդեցություն ունեցող անձանց առաջ սիրտ բացելու առումով:

Դրա փոխարեն շատ ավելի կարեւոր, անգամ հրամայական է մտածելը, թե ինչն է դրդում հայ գործիչներին այդքան շատախոս գտնվել եւ ամերիկյան դեսպաններին ու հավատարմատարներին ներկայացնել անգամ դեռեւս քննարկվող հարցերը: 2003-ին էր, երբ Հայաստանի դատարանների այդպես էլ չփոխված որոշմամբ 10 տարվա ազատազրկման դատապարտվեց արեւելագետ, լրագրող, Հայաստանի առաջին նախագահի նախկին խորհրդական Մուրադ Բոջոլյանը` դառնալով անկախ Հայաստանի առաջին քաղաքացին, որ դատապարտվեց հայրենիքի դավաճանության մեղադրանքով` հօգուտ Թուրքիայի: Այն ժամանակ հիմնական մեկնաբանությունն այն էր, որ թեեւ Բոջոլյանի փոխանցած նյութերը թուրք լրագրողներին, որոնք իբր լրտես էին, պետական գաղտնիք չեն պարունակել, բայց միայն փոխանցումը օտարերկրյա հատուկ ծառայություններին բավարար է, որ դատապարտեն մարդուն:

Իսկ արդյո՞ք ամերիկյան դեսպանատներում հատուկ ծառայությունների աշխատակիցներ չեն լինում....


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4