ՀՀ-ից հայերի ՌԴ մեկնելը թելադրված է օբյեկտիվ պատճառներով: Հայաստանի միգրացիոն ծառայությունը պատրաստում է պետական կարգավորման հայեցակարգ: Մեծ ուշադրություն է դարձվում դեպի ՌԴ հայերի գաղթին: Վերջինիս պատճառներից մեկը, նրանց կարծիքով, հայրենակիցների կամավոր վերաբնակության ՌԴ պետծրագրի իրականացումն է: Այս կապակցությամբ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) սոցիալական զարգացմանն եւ երիտասարդության գործերի գծով փոխնախագահ Լեւոն Մուքանյանը իր կարծիքն է արտահայտում ՌԴ ներգաղթի դաշնային ծառայության (ՆԴԾ) «Զեմլյակի» հանդեսին տված հարցազրույցում, որը թարգմանաբար ներկայացնում ենք ամբողջական տեսքով:
- Պարոն Մուքանյան, ՌՀՄ-ն ինչպիսի՞ հարաբերություններ ունի Հայաստանի եւ Ռուսաստանի ներգաղթի ծառայությունների հետ:
- ՌՀՄ-ն պաշտոնական կապեր ունի ՀՀ կառավարության հետ: ՀՀ ներգաղթի ծառայության (ՆԾ) հետ առայժմ առանձին համակարգված կապեր չեն հաստատվել, քանի որ այդ կառույցը վերակազմավորված է ոչ վաղուցՙ 2009-ի դեկտեմբերին: ՌՀՄ-ն ՌԴ ՆԴԾ-ի հետ ձեւավորում է կառուցողական փոխգործողության հարաբերություններ, եւ մենք, որպես հասարակական կառույց, կանոնավորապես մասնակցում ենք ՆԴԾ հանրային խորհրդի նիստերին, որի կազմում ունենք ներկայացուցիչ, ինչպես նաեւ զանազան կոնֆերանսների, կլոր սեղանների եւ համանման այլ շփումների: Այդօրինակ գործունեությունն իրականացվում է ինչպես կենտրոնում դաշնային մակարդակով, այնպես էլ Ռուսաստանի տարածաշրջաններում:
- Դուք ծանո՞թ եք Հայաստանում գոյություն ունեցող գաղթի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգին:
- Հայաստանում գաղթի կարգավորման պետական հայեցակարգը հաստատվեց 2010-ին, եւ մենք պաշտպանում ենք այդ ոլորտի գործընթացները կարգավորելու ՀՀ կառավարության ձգտումը: Բնականաբար, Հայաստանը, ինչպես եւ աշխարհի ամեն մի երկիր, շահագրգռված չէ իր քաղաքացիների արտահոսքով: Չէ՞ որ մեկնում է բնակչության առավել գործունակ մասը: Եվ եթե նման երեւույթը ցանկալի չէ Ռուսաստանի նման հսկայական երկրի համար, ապա առավել եւս անթույլատրելի է Հայաստանի նման համեմատաբար քիչ բնակչություն ունեցող երկրի համար: Ուստի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, որ չնայած գոյություն ունեցող բոլոր խնդիրներին ու դժվարություններին, հանրապետությունում անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, երբ մարդիկ չեն ձգտի մեկնել:
- Հայաստանի նախագահն ինչպիսի՞ պայմանններ է առաջարկում ստեղծել երկրից հայերի արտահոսքը նվազեցնելու համար:
- Ներկա իրավիճակը հասկանալի դարձնելու համար հարկ է ասել, որ Հայաստանի տնտեսական վիճակը ուղղակիորեն կապված է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից տրանսպորտային շրջափակման հետ, որը շարունակվում է արդեն 20 տարի: Վրաց-աբխազական հակամարտության պատճառով հյուսիսում փակ է նաեւ Հայաստանը Ռուսաստանին կապող երկաթուղին: Հարավում Իրանի հետ սահմանը բաց է, բայց բարձրլեռնային ավտոճանապարհը չափազանց բարդ է, իսկ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերները, մասնավորապես Ռուսաստանը, հակառակ կողմում են: Այսինքնՙ միանգամայն բացակայում է Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը ուրիշ երկրների հետ, իսկ, ինչպես հայտնի է, տարածաշրջանի տնտեսության մեջ դա շահութաբեր փոխադրումների հիմնական տեսակն է:
Այսպիսով, ներկա դրությամբ, հիմնական գործընկեր Ռուսաստանի հետ Հայաստանի կապն իրականացվում է ավտոմոբիլային փոխադրումներովՙ Վրաստանի տարածքով, ինչպես նաեւ Փոթի նավահանգստի լաստանավային փոխադրումներով: Անշուշտ, գոյություն ունեն նաեւ ավիափոխադրումներ, բայց տվյալ փոխադրամիջոցը թանկ արժե: Դրա հետեւանքով տրանսպորտային ծախսերը անչափ մեծ են, ինչը հանգեցնում է արտաքին շուկաներում հայկական ապրանքների թանկացմանը: Պարզ է, որ նման պայմաններում, ցավոք, դժվար է խոսել Հայաստանի տնտեսության զարգացման եւ այնտեղ աշխատատեղերի ստեղծման լուրջ հեռանկարների մասին: Երբ կարգավորվի լիարժեք ցամաքային հաղորդակցությունը, Հայաստանի տնտեսական աճն էլ էական կլինի: Չէ՞ որ աճն անհնար է առանց հայրենական ապրանքների արտադրության եւ արտահանման համար անհրաժեշտ հումքի ներկրման: Սրանք օբյեկտիվ պատճառներն են, բայց կան նաեւ սուբյեկտիվ պատճառներ: Վերոհիշյալից բացիՙ Հայաստանի նախագահը ուշադրությունը բեւեռում է երկրում տնտեսության այնպիսի ոլորտների զարգացման պայմանների ստեղծման անհրաժեշտության վրա, ինչպիսիք են պայքարը կաշառակերության դեմ, օրենսդրական բազայի, հարկային քաղաքականության բարելավումը եւ շատ այլ բաներ:
- Հետեւաբար Հայաստանում բարձր է գործազրկության մակարդա՞կը:
- Իմ կարծիքով, դա ասելը նշանակում է ոչինչ չասել: Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, խզվեցին նաեւ տնտեսական կապերը: Հայաստանում տարբեր պատճառներով փաստորեն անգործության մատնվեցին 400-ից ավելի գործարաններ, որոնք կատարում էին բարձր տեխնոլոգիական պաշտպանական պատվերներ, անկում ապրեց քիմիական, թեթեւ, էլեկտրոնային արդյունաբերությունը: Տարբեր ճյուղերի բազմաթիվ բարձրորակ մասնագետներ մնացին անգործ եւ, բնականաբար, աշխատունակ բնակչության հիմնական մասը մեկնեց ուրիշ երկրներ: Հայերն աշխատասեր եւ ձեռներեց ժողովուրդ են, այդ հատկանիշը նրանց թույլ է տալիս աշխատանք գտնել փաստորեն ամեն մի երկրում:
- Հայաստանի միգրացիոն ծառայության ծրագրում նախատեսվում է արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացիների պաշտպանություն: Բայց մի՞թե Ռուսաստանում նեղացնում են հայերին:
- Երբ խոսում են արտերկրում ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության մասին, խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ: Հայաստանցի աշխատանքային միգրանտներ կան Եվրոպայում, Ամերիկայում, Մերձավոր Արեւելքում եւ շատ ուրիշ երկրներում: Սեփական քաղաքացիների իրավունքների ու շահերի պաշտպանությունը յուրաքանչյուր պետության պարտականությունն է: Այսպիսով, միգրացիոն ծառայության ծրագրի տվյալ դրույթը ընդամենը կրկնորդում է սահմանադրության դրույթը:
Այո, Ռուսաստանում, որպես կանոն, հայերն օգտվում են իրենց հանդեպ բարեկամական վերաբերմունքից, բայց այստեղ եւս լինում են դեպքեր, երբ գործատուների մակարդակով խախտվում են աշխատանքային պայմանագրի դրույթները կամ որեւէ այլ ձեւով ոտնահարվում են գաղթյալի իրավունքները: Լավ է, երբ պետական կառույցները անտարբեր չեն արտերկրում հայրենակիցների ճակատագրի հանդեպ եւ հնարավորության սահմաններում ձգտում են օգնել նրանց: Այդ դեպքում քաղաքացիները եւս պետության հոգածության դիմաց վարձահատույց կլինեն երախտագիտությամբ:
Եթե Ռուսաստանն ու Հայաստանը հստակ պայմանավորվածություններ ունենան աշխատանքային միգրանտների հարցերի առնչությամբ, ապա, իմ կարծիքով, դա ոչ միայն կպաշտպանի հենց աշխատողների իրավունքները, այլեւ կհամապատասխանի Ռուսաստանի պետության շահերին: Մարդիկ միանգամայն օրինական կարգով կաշխատեն նրա տարածքում, կկատարեն օրենքները, կվճարեն հարկեր: Դա համապատասխանում է նաեւ Հայաստանի շահերին, քանի որ աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտից հետո մարդը կվերադառնա հայրենիք, իսկ Հայաստանի համար շատ կարեւոր է, որ մարդիկ մեկընդմիշտ չհեռանան երկրից:
- Ծրագրում խոսվում է նաեւ այն մասին, որ կկատարելագործվի օտարերկրացիների պաշտպանությունը բուն Հայաստանում: Իսկ այնտեղ շա՞տ են աշխատանքային միգրանտները:
- Հայաստան եւս աշխատանքային միգրանտներ են գալիս տարբեր երկրներից, բայց նրանք համեմատաբար քիչ են: Երկրում գործում են բազմաթիվ համատեղ եւ արտասահմանյան հիմնարկներ, որոնք մասնագիտացած կադրեր են ներգրավում դրսից, այդ թվումՙ Ռուսաստանից: Հայաստանում նաեւ գործում են ռուսական, ամերիկյան եւ եվրոպական առաջատար բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղեր, որոնց շրջանավարտները ստանում են միջազգային չափանիշներին համապատասխանող դիպլոմներ: Դա հրապուրում է մեծ թվով օտարերկրացի ուսանողների. չէ՞ որ Հայաստանում ապրուստի եւ ուսման ծախսերը նկատելիորեն ցածր են մյուս երկրների համեմատությամբ: Թեեւ օտարերկրացիները միշտ էլ իրենց լավ են զգացել մեր երկրում, սակայն Հայաստանի օրենսդրական բազան օտարերկրացիների իրավունքների պաշտպանության ոլորտում մշտապես կատարելագործվում էՙ դրանք միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով:
- Հայաստանում կա՞ արդյոք օտարատյացություն:
- Հայոց ցեղասպանության հետեւանքով 1915-ին եւ հետագա տարիներին հայ ժողովրդի զգալի մասը ցրվեց աշխարհով մեկ, ուստի հայերը մոտիկից գիտեն ուրիշ ժողովուրդների մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները: Հայերը հանգիստ են վերաբերվում ուրիշ արտաքին ունեցող, ուրիշ լեզուներով խոսող, ուրիշ սովորույթներ ունեցող մարդկանց: Այդ ամենը հայ ժողովրդի ավանդական հյուրասիրության հետ մեկտեղ միանգամայն հարմարավետ է դարձնում երկրում օտարերկրացու կեցությունը:
Բայց եթե վերացարկվենք կոնկրետ Հայաստանից եւ խոսենք ընդհանուր առմամբ, ապա օտարատյացության որոշակի աստիճան հավանաբար բնորոշ է ամեն մի հասարակությանՙ ներքին պաշտպանության համար, ինչպես մարդու օրգանիզմի վարակամերժությունը (իմունիտետ): Վտանգ է ներկայացնում օտարատյացությանՙ ծայրահեղականության վերաճող արմատական ձեւը, որը բացասական հետեւանքներ ունի բուն հասարակության համար, եւ դրա դեմ, անկասկած, հարկավոր է պայքարել:
- Հայաստանի միգրացիոն պետ Գագիկ Եգանյանը հանդես է գալիս հայրենակիցների ընդունման ՌԴ պետծրագրի դեմ: Նրա կարծիքով, դա առաջացնում է Հայաստանի բնակչության անցանկալի արտահոսք: 4 տարում հանրապետությունը լքել է 780 ընտանիք: Ձեր կարծիքով, մեր ծրագրում կա՞ն արդյոք բացասական կողմեր: Ռուսաստան եկողները օգտվում են արտոնություններից: Ուրեմն ինչի՞ համար է քննադատությունը:
- Ինձ թվում է, որ Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը հանդես է գալիս ոչ թե հայրենակիցների ընդունման ռուսական բուն պետծրագրի դեմ, այլ մտահոգված է ՀՀ-ից բնակիչների արտահոսքով: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը իրեն հայտարարել է ոչ թե ԽՍՀՄ իրավահաջորդ, այլ շարունակող, եւ հայրենակիցներ են համարվում ԽՍՀՄ-ում ծնված բոլոր մարդիկ: Ուստի Ռուսաստանը իրականացնում է բարեկամական երկրներից սեփական տարածաշրջաններ որակյալ աշխատուժ ներգրավելու ծրագիր: Իսկ եթե խոսենք Հայաստանի մասին, ապա, իմ կարծիքով, պատկերը հետեւյալն է. Հայաստանը երկրի բյուջեից միջոցներ է ծախսում, որպեսզի երեխաներն առողջ մեծանան, ոտքի կանգնեն, կրթություն ստանան, իսկ հետո, երբ մարդը դառնում է աշխատունակ եւ պարտավոր է անձամբ հարկեր վճարել երկրի բյուջեին, նա լքում է երկիրը, որպեսզի աշխատի եւ ապրի ուրիշ երկրում: Հայաստանի համար դա խիստ անցանկալի գործընթաց է. չէ՞ որ հանրապետության բնակչությունը մեծ չէ: Մյուս կողմից, ռուսական ծրագիրը առանձին վերցրած հայ ընտանիքին հնարավորություն է տալիս սնվելու եւ զարգանալու: Անհրաժեշտ է Հայաստանում պետական մակարդակով ստեղծել մեխանիզմ, որը քաղաքացիներին հնարավորություն կտա կազմակերպված ձեւով, աշխատանքային պայմանագրով մեկնել ուրիշ երկրներ եւ վերադառնալ ժամկետի ավարտից հետո: Այսինքն, ընդհանրական տեսակետից, Հայաստանի նման փոքր երկրից բնակչության անվերահսկելի արտահոսքը անչափ վտանգավոր է:
- Դուք ասացիք որակյալ բանվորների մասին: Բայց այդ ծրագրով գալիս են բազմաթիվ թոշակառուներ, նրանք նույնպես օգտվում են ծրագրի արտոնություններից:
- Նկատի ունենալով բնակչության սակավությունը, Հայաստանի համար կարեւոր է ամեն մարդՙ երեխա, չափահաս, ծերունի: Ըստ երեւույթին, Գագիկ Եգանյանը խնդրին նայում է պետականակերտ տեսակետից: Սակայն առկա են բնակչության արտահոսքին նպաստող օբյեկտիվ հանգամանքներ: Եվ արժե, որ Հայաստանի պետական պաշտոնյաներն աշխատեն գաղթի պատճառների վերացման ուղղությամբ: Վերջիվերջո մարդիկ աշխատանք են գտնում, եւ դա գործազուրկ լինելուց անհամեմատ լավ է: Անշուշտ, նրանք աշխատում են Ռուսաստանում եւ հարկերն էլ այդ երկրին են վճարում, բայց չէ՞ որ վաստակած միջոցների մի մասը, որպես կանոն, ուղարկում են Հայաստանՙ հարազատներին, եւ երբ վերադառնում են հայրենիք, ծախսում են որոշակի դրամական միջոցներ: Արտերկրում աշխատող հայը զգալի չափով նպաստում է Հայաստանի տնտեսության գործունեությանը: Գաղտնիք չէ, որ փոխանցումների ընդհանուր գումարը գերազանցում է երկրի պետական բյուջեն: Հայերը երբեք չեն լքում իրենց մերձավորներին:
- Սակայն հայրենակիցները դառնում են ՌԴ քաղաքացիներ:
- Պետք է հիշեցնել, որ Ռուսաստանն ու Հայաստանը ռազմավարական դաշնակիցներ են, իսկ ՀԱՊԿ շրջանակներում նրանք ռազմական գործընկերներ են, եւ դա պատահական չէ: Դարեր շարունակ հայերն ու ռուսները կապված են եղել մտածելակերպի ընդհանրությամբ, հոգեւոր եւ մշակութային արժեքներով: Ռուսաստանում ապրող հայերը ծանրակշիռ ավանդ են ներդրել ռուսական պետականության կազմավորման մեջ, ինչը քանիցս հիշատակվել է Պետրոս Մեծի, Եկատերինա Երկրորդի եւ ուրիշ կայսրերի հրովարտակներում: Կարծում եմՙ մեր սերունդը եւս ընդհանուր առմամբ հետեւում է այդ պանծալի ավանդույթներին:
- Հայաստանի տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ասում է, որ ՀՀ-ից արտագաղթելու պատճառները կապված են սոցիալ-տնտեսական դժվարությունների հետ (եկամուտների ցածր մակարդակ, աշխատատեղերի բացակայություն եւ այլն): Երեւի հարկավոր է այս առումով ինչ-որ բան ձեռնարկել:
- Զրույցի սկզբում մենք արդեն հիշատակեցինք, որ Հայաստանի տնտեսական խնդիրները կապված են նախ եւ առաջ երկրի շրջափակման հետ: Շատ ձեռնարկություններ չեն գործում, վատ է զարգանում գործարարությունը, հետեւաբար չեն բացվում աշխատատեղեր: Բայց նույնիսկ այդ պայմաններում անհրաժեշտ է զարգացնել ենթակառույցը, պայքարել կաշառակերության դեմ, հատուկ պայմաններ ստեղծել փոքր ու միջակ ձեռնարկության զարգացման համար, երկիրն առավել գրավիչ դարձնել ներդրումների համար, ապահովել ներդրումների հուսալիությունը: Այստեղ անհրաժեշտ են համընդգրկուն, համակարգային եւ երկարաժամկետ միջոցներ:
- Վերադառնանք հայրենակիցների կամավոր վերաբնակության ռուսական պետծրագրին: Դուք կո՞ղմ եք, որ այն գործի:
- Նախկին ԽՍՀՄ երկրներից ՌԴ-ում հայրենակիցների կամավոր վերաբնակությանն աջակցելու պետական ծրագիրը ՌԴ կառավարության ճիշտ քաղաքականություն է: Նախ եւ առաջ, ժամանակին ռուսաստանցի բազմաթիվ մասնագետներ գործուղվում էին աշխատելու ԽՍՀՄ հանրապետություններում, որտեղ նրանք մնում եւ ապրում էին: Եվ լավ է, որ ՌԴ կառավարությունը հիմա նրանց ընձեռում է վերադառնալու հնարավորություն: Երկրորդ, ռուսական տարածքները հարկավոր է բնակեցնել բարեկամական, ոգով ու մշակույթով մերձավոր ժողովուրդներով. չէ՞ որ «սուրբ տեղը դատարկ չի մնում»: Վերաբնակության դեպքում ռուսական ծրագրի մասնակիցները ստանում են սոցիալական աջակցություն եւ պետական երաշխիք, բայց նրանք վերաբնակվում են կամ Ռուսաստանի համար ստրատեգիապես կարեւոր սահմանամերձ տարածքներում, կամ ներդրումային խոշոր նախագծերի տարածաշրջաններում, կամ էլ այնպիսի շրջաններում, որտեղ նկատվում է բնակչության թվի կրճատում: Ուստի Ռուսաստանի շահերի տեսակետից դա միանգամայն օրինաչափ եւ պահանջված ծրագիր է:
Բայց եթե տվյալ հարցը դիտարկենք Հայաստանի շահերի տեսակետից, ապա քաղաքացիների արտագաղթը, իհարկե, ցանկալի չէ: Ուստի պետք է այնպես անել, որ մեկնող մարդիկ չխզեն կապերը Հայաստանի հետ, եւ որ նորանոր մարդիկ չլքեն իրենց տները:
Ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում իրավիճակը կբարեփոխվի, եւ Ռուսաստանի հայերի միությունը, ռուս-հայկական բարեկամության ամրապնդման մշտական ջանքերի հետ մեկտեղ, կնպաստի նաեւ այդ խնդրի լուծմանը:
ՎԼԱԴԻՄԻՐ ԿԼԻՄՈՎ, «Զեմլյակի» հանդես, ՌԴ ՆԴԾ, Թարգմ. Պ. Ք.