Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը, մտահոգվածՙ Հայաստանում լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսության հաջորդական ընկրկումներով, առաջիկա սեպտեմբերի 14-ին, չորեքշաբթի օրը, ժամը 14.00-16.00-ին Թեքեյան կենտրոնի դահլիճում կազմակերպում է քննարկում-բանավեճՙ «Ինչո՞ւ լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսությունը տիրապետող չդարձավ Հայաստանում» թեմայով:
Քննարկում-բանավեճին մասնակցելու հրավիրված են մասնագետներ տարբեր բուհերից եւ ակադեմիական հաստատություններից, ինչպես նաեւ ներկայացուցիչներ լիբերալ-դեմոկրատիզմը դավանող տարբեր կուսակցություններիցՙ անկախ նրանց քաղաքական դիրքորոշումներից:
Արմենական-ՌԱԿ Հանրապետական վարչությունը համոզված է, որ առաջադրված թեմայի շուրջը գիտական ու գործնական աշխույժ եւ անկաշկանդ բանավեճն ու քննարկումները, սոցիալական, քաղաքական, տնտեսական եւ այլ գործոններով թեմայի արծարծումները կնպաստեն ախտորոշումներ կատարելու, համապատասխան եզրահանգումներ անելու:
Արմենական-ՌԱԿ-ը համոզված է, որ հայոց պետականության եւ հայ ժողովրդի ապագան մեծ չափով պայմանավորված է Հայաստանում լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսության արմատավորմամբ եւ հաջողություններով:
Քննարկում-բանավեճը բաց է նաեւ մամուլի ներկայացուցիչների առաջ: Ավելին, վարչությունն ակնկալում է, որ մեր մամուլը չի սահմանափակվի իր տեսակի մեջ այս առաջին միջոցառման լուսաբանմամբ, այլՙ հարցը հետագայում եւս կպահի իր ուշադրության կիզակետում:
ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ