«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2011-09-09 | #160, 2011-09-10 | #161, 2011-09-13


ՄԵԿ, «ՕՐԻ», «ՈՒՉ»

Հայ, վրացի եւ ադրբեջանցի լրագրողները «Հակամարտությունների լուսաբանում» սեմինարում

Փաստորեն կարելի է խոսել, ավելինՙ կարելի է խոսել առանց դիվանագիտության, առանց զգուշության, անկեղծ: Կարելի է նաեւ աշխատել համատեղ, հանդես գալ ընդհանուր նախաձեռնություններով ու ծրագրերով: Կարելի է նաեւ նրանց` բոլորին չընկալել որպես թշնամու: Մինչդեռ մեզանում նրանք` ադրբեջանցիները, բոլորը «ռամիլսաֆարովներ» են, «կացինը ձեռքին մարդասպաններ»:

Սեպտեմբերի 3-10 գերմանական Deutche Welle-ն Թբիլիսիում կազմակերպել էր երկրորդ սեմինարը` հայ, ադրբեջանցի եւ վրացի լրագրողների միջեւ` «Հակամարտությունների լուսաբանում» խորագրով: Երեք երկրները սեմինարին ներկայացված էին 4-ական լրագրողներով: Սեմինարի մանրամասնությունները, այնտեղ քննարկված բոլոր թեմաները` կազմակերպիչների պահանջով, հրապարակման ենթակա չեն` ոչ մի երկրում, սակայն էությունը, արդյունքը, որն, ի դեպ, առկա է, կարելի է ներկայացնել: Հետաքրքրական փաստով` հայ եւ ադրբեջանցի լրագրողները` տարբեր տարիքի եւ տարբեր սոցիալական կարգավիճակի, շատ ավելի ընդհանրություններ ունեն, քան բանավիճելու թեմաներ: Ինչեւէ` կարեւորագույն արդյունքը սեմինարի թերեւս համատեղ աշխատելու, միասնական ծրագրեր ներկայացնելու փոխադարձ պատրաստակամությունն էր, որը պետք է քայլ առ քայլ իրագործել. չէ՞ որ ինչպես հակամարտությունը լուծելու, այնպես էլ անխուսափելիորեն հետագայում կողք կողքի ապրելու համար, մենք պետք է շփման եզրեր գտնենք, որոնք ցանկության պարագայում անպայման գտնվում են: Այսպիսով, կարելի է սկսել «նոր կովկասյան հաշվարկ»` վերջ տալով փոխադարձ` ամբողջ ազգին վերագրված մեղադրանքներին, ածականներին, եւ ո՞վ ասաց, որ սա կլինի թուլության նշան, եւ, ո՞վ ասաց, որ սա կնշանակի պարտություն` քարոզչական պատերազմում, եւ վերջապես, ո՞վ ասաց, որ հենց սա չի նշանակի գրագետ քարոզչական պատերազմ, որը, ընդգծենք, երբեք չի կարող ունենալ ազգերի միջեւ թշնամանքը բորբոքելու վերջնական նպատակ: Ուրեմն, փորձենք սկսել այդ «հաշվարկը»:

Մեկ

Միանգամից նշենք, որ խոսակցությունները` «թե Բաքվում ամեն մի կրակոցի ու սահմանում սպանության համար մեղադրում են հայերին», պատրանք են: Ադրբեջանցի լրագրողներից մեկը ներկայացրեց վերլուծական հոդված` «Ո՞ւմ է ձեռնտու ադրբեջանցի երեխայի սպանությունը» վերնագրով: Միայն վերնագրից արդեն իսկ ակնհայտ է, որ լրագրողը ամենեւին էլ չի եկել եզրահանգման, որ ադրբեջանցի երեխային «միանշանակ սպանել է հայ դիպուկահարը»: Ավելին` հոդվածում կարդում ենք. «Ադրբեջանն է, որ մշտապես դեմ է արտահայտվել դիպուկահարներին շփման գծից հանելուն: Բացի դրանից` եթե Բաքվում բոլորը պնդում են, թե Հայաստանին ձեռտու է ստատուս քվոյի պահպանումը, եւ պատերազմին նա չի դիմանա, ապա ի՞նչ է ստացվում. «սպանելով» ադրբեջանցի երեխային` Հայաստանը բացահայտորեն ստատուս քվոն խախտելու խոշոր քայլ է անում, Ադրբեջանին հրահրում սկսելու ռազմական գործողություններ, ինչը, իրեն, փաստորեն, ձեռնտու չէ: Եվ, ամենակարեւորը` Հայաստանին ի՞նչ է տալու թիրախ ընտրել ադրբեջանցի երեխային` անապահով ընտանիքից, որը մեծացել է առանց հոր. հետեւաբար առաջանում է տրամաբանական հարց` ո՞ւմ է ձեռնտու ադրբեջանցի երեխայի սպանությունը, նույնն է, թե` ստատուս քվոյի խախտումն ու ռազմական գործողությունների` առնվազն դրանք սկսելու տրամադրության ձեւավորումը...»: Ուշագրավ օրինակ է, այնպես չէ՞: Տեսա՞նք այստեղ «զավեշտապատումներ»` «մարդասպան հայերի մասին», ոչ, հետեւաբար` շարունակե՞լ պնդել, թե Բաքվում բոլորը հայերին մարդասպան են ճանաչում` իհարկե ոչ:

«Օրի»

Հայ-վրացական հասարակական տրամադրություններին, Թբիլիսիում ապրող հայերի տեսակետներին մենք դեռ կանդրադառնանք հետագա համարներում, այժմ նշենք միայն, որ վրացի լրագրողների խոսքերով` «հայ-վրացական «թաքնված» հակամարտությունը չի բխում ոչ Հայաստանի, ոչ Վրաստանի շահերից»: «Իհարկե, Վրաստանում կան բազմաթիվ հայկական եկեղեցիներ» ասելով` վրացի մեր գործընկերները ուղեկցեցին մեզ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայկական առաքելական եկեղեցի, որտեղ, հիշեցնենք, օրեր առաջ, վրացի հարբած երիտասարդը բազմել էր եպիսկոպոսական գահին: «Միայն չընդունեք այդ փաստը որպես վրաց ժողովրդի տրամադրվածություն: Իհարկե կա մասսա, որը բացահայտ անհանդուրժողաբար է տրամադրված ամեն հայկականի նկատմամբ, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է եկեղեցուն, սակայն դա ոչ մի դեպքում չի կարող ասել բոլոր վրացիների անունից», ասացին վրացի մեր գործընկերները: Հավատա՞նք վրացիներին` այո, որովհետեւ, երբ մենք մոմ էինք վառում հայկական եկեղեցում, նույն եկեղեցում էին նաեւ մի քանի վրացիներ. հետեւաբար` յուրաքանչյուր վրացի չէ, որ հայատյաց է: Ինչ վերաբերում է Սաակաշվիլու հայտնի հայտարարությանը, թե «Ադրբեջանի թշնամին մեր թշնամին է», վրացի գործընկերները խորհուրդ տվեցին «լուրջ չմոտենալ». «Մեր նախագահը հաճախ է ասում բառեր, որոնք պարզապես պահի թելադրանքով են արվում», որոշ, առավել «դիվանագետները» հայտարարեցին` «Իսկ ո՞վ ասաց, որ եթե Սաակաշվիլուն հարցնենք, թե ո՞վ է Ադրբեջանի թշնամին, նա պատասխանելու է` Հայաստանը»: Մի խոսքով` «կովկասյան նոր հաշվարկի» վրացական «օրի»-ն նույնպես հնչեց, որը չնայած հայ-վրացական «թաքնված հակամարտությանը», շարունակելու այլընտրանք չի թողնում ոչ վրացական, ոչ հայկական կողմերին:

«Ուչ»

Իսկ մե՞նք: Մի՞թե մենք անսխալական ենք, իսկ մեր բոլոր հարեւանները թշնամինե՞ր են: Մի՞թե մենք մեր բառապաշարում ու հայտարարություններում «ուղղվելու» կարիք չունենք: Ասենք, ո՞վ ասաց, որ սահմանին զինվորի մահը անպայման «ադրբեջանական կողմից արձակված» կրակից պետք է լինի, կամ ո՞վ ասաց, որ վրացիներն ու ադրբեջանցիները «միավորվում» են հայերիս դեմ, որ Վրաստանում ապրող հայերը, մանավանդ թիֆլիսահայերը, «գիշերուզօր մտածում են, թե ե՞րբ վերջապես պետք է Վրաստանում առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ տան, որ իրենք կարողանան գնալ ամենօրյա պատարագների»: Ինչպես վերը նշեցինք, թիֆլիսահայերին մենք կանդրադառնանք առաջիկա համարներից մեկում, այժմ նշենք միայն, որ ոչ մի ազգություն` կոնկրետ կովկասյան ազգություն` սրիկա ու մարդասպան չէ: Այո` Ադրբեջանում բոյկոտում են ամեն հայկականը, իսկ ի՞նչ ենք անում մենք, ասենք, ադրբեջանական ֆիլմերի հետ. մի՞թե ոչ նույնը, ինչ իրենք կանեին մեր ֆիլմերի հետ: Հետեւաբար ինչո՞վ ենք մենք նրանցից տարբերվում: Անշուշտ խոսքը «ազգային հանդուրժողականության» անհրաժեշտության մասին չէ, պարզապես եթե մենք իրոք վարում ենք քարոզչական պատերազմ, ապա պետք է վարել կանոններով` կոնկրետ հասցեատերերով, ազգի ներկայացուցիչների, այլ ոչ ամբողջ ազգի դեմ: Բաքվում եւ Սումգայիթում նախորդ դարավերջին տեղի ունեցած մասսայական «հայասպանության» ժամանակ մի շարք ադրբեջանցիներ թաքցրել են իրենց հայ հարեւաններին` դրանով իսկ օգնելով վերջիններիս անարգել դուրս գալ Ադրբեջանից: Ռուսական մի շարք քաղաքներում այսօր նախկին հարեւաններ հայերն ու ադրբեջանցիները շարունակում են իրենց բարեկամական շփումը ընտանիքներով. հիմա նրանք է՞լ «մարդասպան սրիկաներ են»: Պատերազմում չեն լինում միակողմանի «սրիկա, մարդասպաններ», թերեւս հենց այս պատճառով յուրաքանչյուր պատերազմ համատարած մարդասպանություն ու սրիկայություն է` վերջին հաշվով:

Ուրեմն` հայերեն` մեկ, վրացերեն` «օրի»-երկու եւ ադրբեջաներեն` «ուչ»-երեք... կովկասյան «նոր հաշվարկը», եթե չի սկսվել այսօր, ապա վաղ թե ուշ պետք է սկսվի. սրա այլընտրանքը «համատարած սրիկայությունն ու մարդասպանությունն է»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ, Թբիլիսի-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4