«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2011-09-09 | #160, 2011-09-10 | #161, 2011-09-13


ՀԱՂՊԱՏԱՎԱՆՔԻ ՕՐ ԵՎ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ

Ինչպես տեղեկացրել ենք, սեպտեմբերի 11-ինՙ Խաչվերացի օրը, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության, Լոռու մարզպետարանի, Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի եւ Հաղպատի գյուղապետարանի աջակցությամբ կազմակերպվել էր ուխտագնացությունՙ նվիրված Հաղպատավանքի օրվան եւ Սայաթ-Նովայի հիշատակին: Հաղպատավանք ուխտի էին եկել Հայաստանի եւ Վրաստանի տարբեր վայրերից: Բոլորը սիրով ու հիացմունքով էին արտահայտվում պատմական Հայաստանի խոշորագույն հոգեւոր եւ կրթական կենտրոններից մեկի մասին, որտեղ ապրել ու ստեղծագործել է նաեւ Սայաթ-Նովան: Միջոցառմանը ներկա էին նաեւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, այլ պաշտոնյաներ, ովքեր մինչ միջոցառումն սկսելը մոմ վառեցին եկեղեցում, ներկա եղան պատարագին:

Խաչվերաց տոնին նվիրված սուրբ պատարագը մատուցվեց Հաղպատավանքի մայր եկեղեցումՙ հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի: Զուգահեռաբար Հազարաշեն եկեղեցում Երեւանից ժամանած ու Լոռու մարզի ասմունքողների ու երգիչների կատարմամբ հնչեցին Սայաթ-Նովայի ստեղծագործությունները: Սայաթ-Նովայի երգերով հանդես եկավ «Հորովել» երգի-պարի համույթի մենակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը, ասմունքեցին հանրապետական փառատոնի դափնեկիրներ Նելլի Կոստանդյանը, Անի Շարբաթյանը, ինչպես նաեւ բանաստեղծուհի Վեներա Վարդումյանը եւ ուրիշներ: Միջոցառումը վարում էր ասմունքող, դերասան Իվան Անտոնյանը:

Հաղպատավանքի զանգակատան մոտ տեղի ունեցավ հանդիսություն, որը բացեց «Լոռվա ձոր» ՀՄ-ի նախագահ Սերգո Երիցյանըՙ կարեւորելով օրվա խորհուրդը: Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը նույնպես կարեւորեց արդեն մասսայական դարձած հանդիսության նշանակությունըՙ իր օրհնությունը եւ բարեմաղթանքները հղելով միջոցառմանը մասնակից հարյուրավոր մարդկանց:

Թբիլիսիից ժամանած պատվիրակության անունից ներկաներին ողջունեց եւ վրացերենով Սայաթ-Նովայի գործերից կարդաց գրող, թարգմանիչ Գիվի Շահնազարը: Կարոտաբաղձ եւ ջերմ խոսք ասաց Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ, գեղանկարիչ Մերուժան Շահումյանը: Հայաստանի գրողների միության եւ լոռեցի գրողների անունից խոսք ասաց տողերիս հեղինակըՙ կարեւորելով նման հանդիսությունների նշանակությունը երիտասարդության ճաշակի ձեւավորման գործում: Ելույթ ունեցան բանաստեղծ Սուրեն Մուրադյանը, լրագրող, արձակագիր Վանիկ Սանթրյանը եւ ուրիշներ:

Սայաթ-Նովայի երգերից կատարեցին Ստեփան Դալլաքյանը, «Արատտա» հայ խոսքի ու երգի համույթի ղեկավար Արսեն Ղամբարյանը, ասմունքեցին Ն. Կոստանդյանը, Ա. Շարբաթյանը, Հռիփսիմե Սարգսյանը եւ Իվան Անտոնյանը:

Վերջում մեծ գուսանի երգերի կատարումներով հանդես եկավ Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական համույթը (գեղ. ղեկավար եւ գլխավոր դիրիժորՙ կոմպոզիտոր Գեւորգ Մինասյան, դիրիժորՙ դոցենտ Հրաչ Նազարյան, կոնցերտմայստերՙ Աշոտ Վարդանյան):

Միջոցառման վերջում ներկաներին բաժանվեց սուրբ մատաղ: Անկախության հռչակումից հետո Հաղպատավանքը դարձավ գործողՙ նպաստելով Լոռվա աշխարհի հոգեւոր վերածննդին:

Հիշեցնենք, որ դարեր շարունակ Խաչվերացի տոնը նշվել է որպես Հաղպատավանքի օր, քանի որ Հաղպատի վանական համալիրի կառուցումից հետո վանքին է նվիրաբերվել Սուրբ Նշան խաչը: Այս խաչի մեջ զետեղված է Բարձրյալի խաչափայտից մի կտոր մասունք, որը բերվել է Հայաստան:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4